Skip to main content
Սպասվող միջոցառումներ

«Կանայք հանուն համայնքների զարգացման» խորագրով միջոցառումների շարք

ՕքսԵՋեն հիմնադրամը, իր գործընկեր` ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ ս.թ. նոյեմբերի 10-ին նախաձեռնում է «Կանայք հանուն համայնքների զարգացման» խորագրով միջոցառումների շարք նվիրված Տեղական ինքնակառավարման մարմինների օրվան:

Միջոցառումների շարքը կմեկնարկի նոյեմբերի 10-ին, Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտում TEDxMoskovyanSt կոնֆերանսով, որի նպատակն է ստեղծել հարթակ, որտեղ խոսնակները կխոսեն քաղաքականությունում կանանց մասնակցության կարևորության և առկա խոչընդոտների մասին, ինչպես նաև կանդրադառնան ՏԻՄ-երում որոշումների կայացման գործընթացներում կանանց ցածր մասնակցության հիմնախնդրին:

TEDxMoskovyanSt կոնֆերանսին կհաջորդի Ավագանիների բաց ֆորումը նույն օրը, նույն վայրում:

Ֆորումը նպատակ ունի ծավալել մասնակցային քննարկում ՏԻՄ-երում որոշումների կայացման մակարդակում կանանց ցածր ներկայացվածության հիմնահարցերի շուրջ, մասնավորապես համայնքների խոշորացման, օրենսդրական դաշտի բարելվմանն ուղղված քայլերի և դրանց հնարավոր ազդեցության կանանց քաղաքական մասնակցության վրա:

Միջոցառումներին կմասնակցեն ավագանիների ավելի քան հիսուն կին անդամներ Հայաստանի բոլոր մարզերից, պետական կառույցների պատասխանատուներ, քաղաքացիական հասարակության և միջազգային կառույցների ներկայացուցիչներ:

Նախաձեռնությունն իրականացվում է «Կանայք քաղաքականության մեջ» ծրագրի շրջանակներում, որը իրականացնում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՕքսԵՋեն հիմնադրամի հետ համագործակցությամբ, Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ: