Փետրվարի 16-ին Երևանում տեղի ունեցավ «ՔՀԿ-ների դիտարկումներն ու առաջարկությունները ՀՀ գենդերային քաղաքականության իրականացման 2024-2028 թթ. ռազմավարության և միջոցառումների ծրագրի նախագծի վերաբերյալ» ազգային ֆորումը։
Հանդիպման նպատակն էր գենդերային հավասարության հարցերով զբաղվող ՔՀԿ-ների ներկայացուցիչների հետ քննարկել ՀՀ գենդերային քաղաքականության իրականացման ռազմավարության և միջոցառումների ծրագրի 2024-2028 թթ. նախագիծը և մշակել համապատասխան առաջարկությունների փաթեթ՝ հիմված ՔԿՀ-ների փորձառության, դիտարկումների և առաջարկների վրա՝ գործընթացն ավելի ներառական և մասնակցային դարձնելով։
Իր բացման խոսքում ՕքսԵՋեն հիմնադրամի գործադիր տնօրեն Մարգարիտա Հակոբյանը ուշադրություն հրավիրեց հենց այս հանգամանքին և կարևորեց ջանքերի համատեղումը Գենդերային արդյունավետ ռազմավարության մշակման և դրա իրականացման հարցում։
Ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Ջոն Գալագերը և Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին՝ անդրադառնալով նաև «Կանայք քաղաքականության, հանրային կառավարման և քաղաքացիական հասարակության մեջ» ծրագր գործողություններին ու արդեն արձանագրված արդյունքներին։
Դեսպան Ն․ Գ․ պարոն Ջոն Գալագերը մասնավորապես նշեց․ «Քաղաքացիական հասարակությունը կարևոր դերակատար է սոցիալական դրական փոփոխություններ բերելու համար և կարևոր տեղ ունի երկխոսության ծավալման հարցում։ Վստահ եմ, որ այսօրվա քննարկումը նոր գաղափարներ կբերի, որոնք կարող են նպաստել Գենդերային ռազմավարության բարելավմանը»։
Իսկ Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ ՔՀԿ-ների հետ համագործակցության տրամաբանական շարունակությունն է և նշեց․ «Մեր այսօրվա հանդիպումը ՔՀԿ գործընկերների հետ քաղաքականությունների մշակման մեր աշխատանքների շարունակությունն է։ Ձեր ներկայությունը ապացույցն է երկրի քաղաքականության ամենաբարձր մակարդակներում գենդերային հավասարության շարունակական խթանման ուղղությամբ ձեր հանձնառության»։
Գենդերային և հաղորդակցության ուսումնասիրությունների փորձագետ Անի Կոջոյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետությունում գենդերային քաղաքականության իրականացման 2024-2028 թվականների ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ Հաջորդիվ սոցիալական ոլորտի փորձագետ Յուլիանա Մելքումյանի, գենդերային փորձագետներ Անի Կոջոյանի և Թամարա Հովնաթանյանի համակարգմամբ խմբային աշխատանքներով քննարկեցին ռազմավարության առանձին բաղադրիչներ։ Արդյունքները կամփոփվեն և կներկայացվեն առաջարկությունների տեսքով։
«Կանայք քաղաքականության, հանրային կառավարման և քաղաքացիական հասարակության մեջ» ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՕքսԵՋեն հիմնադրամի հետ համագործակցությամբ, Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ։