Հայաստանում օրենքն արգելում է անձի վերաբերյալ սեռի հատկանիշով պայմանավորված վիրավորական և նվաստացուցիչ հրապարակային հայտարարություն անելը, ներառյալ` զանգվածային լրատվության միջոցներով։

Սակայն  այսօր հանրային խոսքում, կենցաղում, սոցիալական ցանցերում, լրատվական կայքերում, ֆիլմերում և այլ հարթակներում շարունակում են սեքսիստական արտահայտություններ տարածվել։

Պատճառներից մեկն այն է, որ մարդիկ շատ դեպքերում չեն ճանաչում սեքսիզմը, հետևաբար չեն կարողանում կանխել դրա տարածումը։ Այն հաճախ է ընկալվում  նաև որպես նորմա ու  քողարկված է։

ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից «Կանայք քաղաքականության մեջ» ծրագրի շրջանակներում պատրաստվել է ձեռնարկ-ուղեցույց, որն օգնում է ճանաչել սեքսիզմի դրսևորմանը տարբեր ձևերն ու տարածման հարթակները և առաջարկում դրա դեմ պայքարի միջոցներ և եղանակներ։

Ուղեցույցը ստեղծվել է աջակցելու լրագրողներին, լրատվամիջոցների  ղեկավարներին, հանրային և քաղաքական գործիչներին, պատգամավորներին և պետական պաշտոնյաններին, բլոգերներին, սոցիալական ցանցերում մեծ լսարան ունեցող օգտատերերին, որպեսզի նրանք տարբերակեն և չտարածեն սեռով պայմանավորված վիրավորական արտահայտություններ հանրային կյանքի բոլոր ոլորտներում, տեղեկատվական դաշտում և համացանցում:

Առաջարկում ենք անցնել «Ստուգիր թե որքանով է միտքդ ազատ սեքսիզմից» թեստը, որը կազմվել է «Սեքսիզմի դրսևորումները հանրային տիրույթում և խոսքում» ձեռնարկի նյութերի օգնությամբ։

«Կանայք քաղաքականության մեջ»  ծրագիրն իրականացվում  է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՕքսԵՋեն հիմնադրամի հետ համագործակցությամբ, Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ: