Skip to main content
Աշխատաշուկայում կանանց մասնակցության խթանում - առնչվող լուրեր

«Աշխատանքային կարիերայի հարցում կանանց հնարավորությունները սահմանափակ են». Տիրուհի Նազարեթյան

«Աշխատանքային  հարաբերություններում կոնֆլիկտները դրսևորվում են հատկապես երիտասարդ  կանանց,  մայրերի հանդեպ, այդ առումով  նրանք  խոցելի են»,- ասում է WomenNet.am -ի հետ զրույցում ՀԱՄԿ-ի անդամ Ագրոարհմիության ճյուղային  հանրապետական  միության փոխնախագահ,  «Տեմպուս» սոցիալական իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահ, իրավաբան Տիրուհի Նազարեթյանը:

Նրա դիտարկմամբ, թեև  Հայաստանի Հանրապետությունն ընդունել է աշխատավայրում  կանանց հանդեպ բռնությունն ու  խտրականությունը  բացառող  օրենքներ և  վավերացրել  է ԱՄԿ-ի մի շարք   Կոնվենցիաներ, որոնցով ուղղակիորեն արգելվում են նրանց նկատմամբ ցանկացած տեսակի խտրականության դրսևորումները, այնուհանդերձ կանայք աշխատանքի շուկայում պաշտպանված չեն խտրականությունից: Աշխատանքի բերումով  Տիրուհի Նազարեթյանը հաճախ է առնչվում աշխատավայրում կանանց աշխատանքային  իրավունքների,  նրանց  հանդեպ  խտրականության  դեպքերի և մեր զրույցի ընթացքում մի քանի օրինակներ բերեց իր պրակտիկայից:

ՀՀ  մարզերից  մեկում  ջերմատնային  տնտեսության  աշխատակցուհին ամուսնացել է ու երբ վերադարձել է արձակուրդից նրան ասել են, որ եթե առաջիկայում  պատրաստվում է  երեխա ունենալ,  ապա աշխատանքից ազատման  դիմում գրի, քանի որ  չեն  պատրաստվում նրա փոխարեն ժամանակավոր աշխատող ընդունել:

«Իհարկե,  նա  դիմում  չգրեց, սակայն  նյարդային ավելորդ  լարվածություն ստեղծվեց գործատու-աշխատող  հարաբերություններում, ինչը կարելի է որակել որպես աշխատավայրում  հոգեբանական  բռնություն: Այն  կարող է դրսևորվել ոչ միայն  վերադասի, այլև կոլեկտիվի անդամների կողմից, ու  երբեմն էլ դժվար է ապացուցել, քանի որ բարոյահոգեբանական բռնությունը  տեսանելի չէ»,-ասում է Տիրուհի Նազարեթյանը:

Մեկ այլ  օրինակով, Արտաշատ քաղաքի  դպրոցներից  մեկում  երբ կինը արհմիությունից  դուրս  գալու դիմում է  գրել, քանի որ ամուսինն արգելում է  մասնակցել  միջոցառումներին, արհկոմի  նախագահն ու դպրոցի  տնօրենը նրան  պարտադրել են աշխատանքից ազատման  դիմում  գրել: Սակայն իրավախորհրդատվության նպատակով «Տեմպուս» սոցիալական իրավունքների պաշտպանության կենտրոնին դիմած տիկնոջ խնդիրը  հարթվել է:

Մեր զրուցակցի խոսքով, խտրականության  հաճախակի դրսևորումներ են նկատվում  նաև  գյուղատնտեսության  ոլորտում, որտեղ արձակուրդի  տրամադրման, սեզոնային աշխատանքի  պայմանագրի  կնքման և այլ  պատճառներով  վարձու աշխատող  կանանց  խնդիրները գրեթե  նույնն են, ինչ մյուս ոլորտներում:

Ագրոկազմակերպություններից  մեկի լաբորատորիայի ղեկավարությունը որոշել էր  20 %-ով  բաձրացնել աշխատակիցների աշխատավարձը, սակայն  ցուցակում  չէին  ընդգրկել հետծննդյան արձակուրդից  նոր վերադարձած երկու կին աշխատողներին,  պատճառաբանելով, թե նրանք արձակուրդում եղած ժամանակ որևէ  ներդրում  չեն  ունեցել կառույցի կայացման, զարգացման  գործում, ուստի արդար չէ, որ մյուսների հետ նրանց աշխատավարձը նույնպես  բարձրացվի:« «Այս դեպքում  նույնպես  խտրականության  դրսևորում էր, սակայն  մեզ  հաջողվեց գործատուի  հետ  բանակցությունների  արդյունքում հասնել, որ  նրանց աշխատավարձը  բարձրացվեց  10%-ով»,- պատմում է  Տ.Նազարեթյանը:

Գյուղոլորտում  «Տեմպուս» սոցիալական իրավունքների պաշտպանության կենտրոնը բազմաթիվ  ծրագրեր է  իրականացրել սեզոնային  աշխատանքներում  ներգրավված   աշխատողներին աջակցության  ծրագրերում  ներառելու առումով: Կենտրոնը  կարևորում է նաև ֆերմերային  տնտեսություններում,  ջերմոցներում,  աշխատող կանանց  սանիտարահիգիենիկ, առողջ  և անվտանգ  աշխատանքային  պայմանների առկայությունը: Այս  հարցում Հայաստանը  բավականին  հետ  է  մնում եվրոպական  երկրներից: Տ.Նազարեթյանի  համոզմամբ կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը վավերացնի գյուղատնտեսության ոլորտում աշխատանքի  անվտանգության և հիգիենայի  պահպանությանը վերաբերող  ԱՄԿ  184 կոնվենցիան, որին  կհաջորդի  անհրաժեշտ նորմատիվների մշակումը:

Աշխատանքային  իրավունքների  իրազեկման սեմինարների կազմակերպումը   «Տեմպուս» սոցիալական իրավունքների պաշտպանության կենտրոնի գործունեության կարևոր ուղղություններից մեկն է: Սեմինարները նպատակ ունեն նպաստել աշխատողների իրավագիտակցության  բարձրացմանը,  և էական  չէ՝  մասնակիցը  կին է, թե  տղամարդ: Սակայն այստեղ էլ կանանց առաջ ծառացած խոչընդոտները զրկում են նրանց սեմինարներին  մասնակցելու հնարավորությունից, օրինակ, մանկահասակ  երեխային  խնամելու խնդիր կա, իսկ ֆինանսական  սուղ  խնդիրների պատճառով  կինն  ի վիճակի  չէ  դայակ  վարձել: Տ.Նազարեթյանի խոսքով, երբ երեխայի  խնամքի պատճառով  կինը  հրաժարվում է մասնակցել  սեմինարին,  տնօրենը գերադասում է նրա փոխարեն ուղարկել  տղամարդ աշխատակցի:

«Ակնհայտ է, որ կանանց աշխատանքային կարիերա ստեղծելու հնարավորությունները  սահմանափակ են, որոշ հանգամանքներ խոչնդոտում են  կանանց առաջխաղացումն ու ինքնդրսևորվումը: Առաջնայինն, այդ առումով, երեխա խնամելու հանգամանքն է, և դրանից բխող նաև գործատուի կողմից ներկայացվող պահանջները, որոնք կարող են դժվարեցնել աշխատանք -ընտանիք համատեղումը: Դա նաև ժողովրդագրական խնդիր է, քանի որ աշխատող կանայք խուսափում են  շատ  երեխաներ ունենալուց՝  գտնելով, որ  երեխան  իրենց  համար խոչընդոտ է: Մինչդեռ  երեխաները չպետք է  դիտարկվեն  որպես  խնդիր, և դա ոչ միայն  պետության, այլև ՀԿ-ների, այդ  թվում արհմիությունների խնդիրն է, ովքեր պարտավոր են պաշտպանել աշխատողի  իրավունքները», – ասում է մեր զրուցակիցը:

Նրա դիտարկմամբ, իրավագիտակցության նպատակով կազմակերպված սեմինարներ չպետք է  անցկացվեն  միայն աշխատողների, այսպես կոչված «տուժողների» համար,  կարևոր է  նաև  գործատուների իրազեկվածությունը.

«Կանայք հաճախ են հանգում  մի կետի, որից  հետո  նրանց  համար  աշխատանքային առաջընթացը կանգ է առնում,  հատկապես, երբ որոշում  ընդունող ղեկավարը  տղամարդ է, թեև բացառություն  չեն  նաև  կին  ղեկավարները… Հետևապես գործատուների հետ աշխատանքը նույնչափ կարևոր է, քանի որ հաճախ պարզվում է՝ գործատուն չի էլ գիտակցել, որ խտրականություն է դրսևորում», – ասում է  Նազարեթյանը:

Դրա հետ մեկտեղ,  նշում է, որ մեր երկրում  նույնպես կան աշխատողների  առաջընթացի համար  պայմաններ  ստեղծող  բարեխիղճ  գործատուներ, որոնց թիվը,  ցավոք,  քիչ է, թեև  նման գործատուների համար խրախուսման  որոշակի  մեխանիզմների  կիրառման  դեպքում  նրանց  քանակն  էականորեն կավելանա:

Տ.Նազարեթյանի դիտարկմամբ,  հասկանալի է նաև, որ ոչ բոլորն են ազատական գաղափարների կրող, ոչ  բոլորն են ձգտում  աշխատանքային կարիերայի.

«Կան կանայք, որոնք ավելի շատ ձգտում են, որ իրենց մասին հոգան ամուսինները, ուզում են  ունենալ  ընտանիք,  սակայն չաշխատել: Եթե  կինը ցանկանում է մնալ  տանը,  զբաղվել  երեխաների խնամքով ու դաստիարակությամբ,  տնտեսությամբ,  սա  ևս  ողջունելի  տարբերակ է: Պարտադիր չէ, որ  բոլոր կանայք  դառնան  նախագահներ  կամ գործարարներ, սակայն, երբ կինը  կարևորում է  կարիերան նա պետք է դրա համար տղամարդկանց հետ հավասար հնարաորություններ ունենա: Ու եթե նրա առջև խոչընդոտներ են ստեղծվում, նա պետության, իրավաբանների,  կանանց  հիմնախնդիրներով  զբաղվող կազմակերպությունների և այլ իրավապաշտպան կառույցների աջակցության կարիք  ունի»,- ասում է  Տիրուհի Նազարեթյանը:

 

Հոդվածը պատրաստվել է ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից Սոլիդարիթի Սենթեր հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ իրականացվող «Աշխատաշուկայում կանանց մասնակցության խթանում» ծրագրի շրջանակում։