Սաթիկ Զաքարյանի մոտ 2019 թ․-ին բժիշկները քաղցկեղ հայտնաբերեցին։ Սաթիկի երեխան այն ժամանակ տասն ամսական էր։ Պատմում է՝ առաջին պահին սթրեսը մեծ էր, բայց ընտանիքն ու ընկերներն իրենց հոգատարությամբ նրան դուրս բերեցին այդ վիճակից։ Սաթիկը քիմոթերապիայի 8 կուրս է անցել, բուժումը դեռ շարունակում է։ Դեղորայքը թանկ է, ձեռք բերելը՝ դժվար։ Պատմում է՝ տևական ժամանակ է՝ իրեն դեղորայք է տրամադրում «Եվրոպա Դոննա Արմենիա» հասարակական կազմակերպությունը։ Վերջինիս մասին տեղեկացել էր համացանցից։
«Վիրահատվելուց հետո չէի կարող ինձ անհրաժեշտ դեղամիջոցը գնել։ Սոցիալական ցանցում պատահաբար կարդացի «Եվրոպա Դոննա Արմենիա կազմակերպության մասին, զանգահարեցի, ու արդյունքում մինչև հիմա դեղամիջոցը տալիս են իրենք, իսկ վեց ամիսը մեկ իրենց միջոցով նաև ոսկորների համար նախատեսված դեղն եմ ստանում», – պատմում է Սաթիկը:
«Եվրոպա Դոննա Արմենիա» հասարակական բարեգործական կազմակերպությունն օգնում է անապահով կանանց քաղցկեղի հաղթահարման փուլում՝ տարատեսակ միջոցառումների միջոցով գումար հայթայթելով դեղորայք ձեռք բերելու և ստուգումներ անցկացնելու նրանց համար : Կազմակերպությունը նպատակ ունի բարձրացնել քաղցկեղի վաղ հայտնաբերման մասին իրազեկվածությունը մեր երկրում, տեղեկացնել հանրությանը, որ այդ դեպքում քաղցքեղը լիարժեք բուժվում է, պետք է ուղղակի ճիշտ ժամանակին հետազոտվել:
«Եվրոպա Դոննա Արմենիա»-ն նաև հոգեբանորեն է աջակցում իր բոլոր շահառուներին՝ հիվանդության դեմ պայքարելու և այն հաղթահարելու հույս փոխանցելով նրանց, համոզելով բազմաթիվ օրինակներով, որ «քաղցկեղը դատավճիռ չէ և նույնիսկ ամենածանր դեպքում քաղցկեղը դեռևս վերջը չէ, երբ կա պայքար, երբ կա ապրելու և հաղթելու ցանկություն»…
Կազմակերպության ղեկավար Նվարդ Քոչարյանը «WomenNet.am»-ի հետ զրույցում պատմեց, որ թեև իրենց հաջողվում է բարերարներից գումարներ ստանալ և ուղղել դրանք կանանց բուժմանը, բայց ինչ-որ պահից սկսած որոշեցին ներգրավել իրենց շահառու հանդիսացող կանանց ռեսուրսը դեղորայքի գումար հայհայթելու գործընթացներում: Այսպես սկսվեց «Էվի» սոցիալական ծրագիրը, որի շրջանակներում վաճառքի հանվող բոլոր իրերը պատրաստվում են քաղցկեղից բուժվածների/բուժվողների, անապահովների և մարզաբնակների կողմից և այդպիսով այդ կանայք ոչ միայն կարողանում են իրացնել իրենց ձեռքի աշխատանքները, այլև օգնում են ուրիշներին դեղորայք ձեռք բերելու հարցում:
«Ծրագրի մեջ ներգրաված են այն կանայք, ովքեր կարողանում են ձեռագործ աշխատանք կատարել: Որոշեցինք այդ ձեռագործ աշխատանքները նրանցից գնել, վաճառել և հասույթն էլ փոխանցել հիմնադրամին։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ բուժում ստացող կանայք այդ ընթացքում կամ դրանից հետո դժվարությամբ են աշխատում, և թեթև աշխատանք գտնելն էլ այդքան հեշտ չէ»,–ասում է Նվարդ Քոչարյանը։
… Տաթև Քոչինյանի ձեռագործ աշխատանքները թերևս ամենավաճառվողներից են։ Ասում է՝ երբ հայտնաբերվեց հիվանդությունը, ինքը չէր պատկերացնում, որ մի օր դարձյալ ձեռքը կվերցնի ձեռագործ աշխատանքի գործիքները, բայց ընտանիքը, բարեկամները նրա կողքին էին ու թույլ չտվեցին միայնակ մնալ խնդրի հետ։ Տաթևը բուժման կուրսն ամբողջությամբ ավարտել է, իսկ աշխատելու դեռ շատ ծրագրեր ունի։
«Չնայած բուժումս ավարտվել է, ու ես այլևս դեղորայք չեմ ընդունում, բայց շարունակում եմ աշխատել՝ օգնելով այն կանանց, ովքեր չունեն դեղորայք ձեռք բերելու հնարավորություն», – ասսում է Տաթնը:
Նվարդ Քոչարյանը նշում է, որ իրենց կազմակերպությանը կանայք շատ են դիմում, բայց ֆինանսների սղության պատճառով միշտ չէ, որ կարողանում են օգնել։ Լուծման ուղիներից մեկն էլ պարբերաբար անցկացվող բարեգործական համերգներն են: Օրինակ վերջերս, մարտի 5-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցած «Կյանքը սեր է» խորագրով բարեգործական համերգի ողջ հասույթը տրամադրվել է կրծքագեղձի քաղցկեղ ունեցող անապահով կանանց՝ դեղորայքի ձեռք բերման համար։
Արմինե Գևորգյան