Skip to main content
Կանանց մասնակցության խթանում անվտանգության և խաղաղության գործընթացներում - առնչվող հոդվածներՀոդվածներ

«Երկրի համար այս բարդ շրջանում շատ կարևոր է յուրաքանչյուրիս անձնական ներդրումը». Իրինա Յոլյան

2020 թ. Լեռնային Ղարաբաղում սկիզբ առած երկրորդ պատերազմի ու դրան հաջորդած իրադարձությունների  հետևանքով Գորիսը դարձավ  տեղահանված ընտանիքների առաջին ապաստարանը` իրենց սննդի, կեցության կարիքները հոգալու, կորուստների  ցավն ու վերքերը սփոփելու հիմնական կենտրոնը: Համայնքապետարանի ուղեկցությամբ քաղաքի ու կից բնակավայրերի բնակիչները, երիտասարդ կամավորներն ու  քաղհասարակության ներկայացուցիչները  օգնության ձեռք մեկնեցին հազարավոր ընտանիքներին՝  աշխատելով  օր ու գիշեր, սիրով ու պատասխանատվությամբ տրվելով  հայրենակիցների համար թև ու թիկունք դառնալու առաքելությանը: Դրա հետ մեկտեղ պատերազմի հետևանքով խոշորացված համայնքի մի շարք բնակավայրեր այսօր գտնվում են ադրբեջանական զինուժի  նշանառության ներքո, և  մարդիկ այստեղ ապրում են զինված գործողությունների շարունակական վտանգի մեջ…

Ինչպե՞ս է փոխվել մարդկանց կենսակերպն արձագանքման առաջնագծում գտնվող Գորիսում, ի՞նչ խնդիրներ ունի համայնքն այսօր: Այս ու այլ հարցերի շուրջ WomenNet.am-ը զրուցել է Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանի հետ, ով պատերազմի օրերից մինչ օրս դրսևորում է իրեն որպես հումանիտար աջակցության հմուտ կազմակերպիչ՝ գնահատանքի արժանանալով և՛ համայնքի բնակիչների, և՛ այստեղ հյուրընկալած ընտանիքների կողմից:

Իրինա Յոլյանն իր աշխատանքային գործունեությունը սկսել է որպես հեռուստամեկնաբան, երկար տարիներ  զբաղվել է հասարակական գործունեությամբ, եղել WINNET կանանց զարգացման ռեսուրսային կենտրոնների ցանցի անդամ, 2016-ից անցում է կատարել քաղաքականություն՝ ընդգրկվելով Գորիսի ավագանու կազմում, ապա նշանակվելով Գորիս խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ:

 

–          Ինչպիսի՞ն է կյանքը Գորիս խոշորացված համայնքում պատերազմից հետո։

 – Պատերազմից հետո մեր համայնքի շատ բնակավայրեր դարձել են սահմանամերձ, դրանով պայմանավորված հատկապես այդ համայնքներում ապրող մարդկանց կյանքն ամբողջովին փոխվել է թե´ անվտանգության, և թե՛ սոցիալ-տնտեսական հնարավորությունների առումով։ Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Ադրբեջանի զինուժի հենակետերն այսօր շատ մոտ են բնակիչներին, օրինակ՝ Շուռնուխում, Որոտանում, Ներքին Խնձորեսկում, ինչի հետևանքով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելը դարձել է վտանգավոր, այդ տարածքները դիտարկվում են թշնամու կողմից, շատ հաճախ կրակում են քաղաքացիական անձանց ուղղությամբ, ունենք նման դեպք։ Այս իրողությունները փոխել են մարդկանց կյանքն ամբողջությամբ։ Կանայք այստեղ միշտ ներգրավված են եղել հողագործական ու այգեգործական աշխատանքներում, սակայն այսօր, երբ օկուպացնելով զգալի տարածքներ՝ Ադրբեջանի զինուժը դիտարկում է իրականացնում Հայաստանի տարածքներում, կանայք ձեռնպահ են մնում այդ աշխատանքներից։ Սա ոչ միայն լուրջ մարտահրավեր է ընտանիքների կենսաապահովման տեսակետից, այլ նաև հոգեբանորեն բացասական է ազդում մարդկանց վրա։

Շատերը մարտական գործողություններին մասնակցելուց հետո հոգեբանական խնդիրներ են ձեռք բերել և հոգեբանների աջակցության կարիք ունեն: Մենք ունենք պատերազմի ընթացքում տրավմաների միջով անցած ընտանիքների երեխաներ, նրանց հետ նույնպես մասնագետներ են աշխատում: Սակայն դրականն այն է, որ Գորիսում շատ  լավ համագործակցություն է ձևավորվել  համայնքապետարանի և  հասարակական կազմակերպությունների միջև, արդյունավետ կերպով աշխատում է ուղղորդման մեխանիզմ, յուրաքանչյուր ընտանիքի ցուցաբերվում է աջակցություն՝ կախված խնդրի բնույթից։

– Հաշվի առնելով պատերազմի հետևանքով ծագած նոր մարտահրավերներն ու դժվարությունները, անվտանգության հետ կապված խնդիրները, ի՞նչ է անում համայնքապետարանը, որպեսզի մարդիկ չհուսահատվեն ու չհեռանան Գորիսից։

– Կյանքը շարունակվում է, և թեև մեր համայնքում անվտանգության հետ կապված անհանգստությունները շատ են, բայց ես ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ սահմանամերձ բնակավայրերում չունենք ընտանիքներ, որ թողել են իրենց տներն ու հեռացել։ Սա խոսում է հայրենասիրական ոգու մասին, փաստում այն մասին, որ մարդիկ շարունակում են ապրել, արարել, զարգանալ և մտադրություն չունեն լքել իրենց հարազատ համայնքը։ Սա իսկապես շատ ոգեշնչող փաստ է։

Մենք էլ, որպես համայնքի ղեկավարություն, անում ենք ամեն բան, որ օգնության ձեռք մեկնենք սահմանամերձ բնակավայրերում ապրողներին։ Իրականացնում ենք տնտեսական, կրթական ծրագրեր, բարելավում ենք ենթակառուցվածքները, միջազգային տարբեր կառույցների հետ փոքր տնտեսությունների զարգացման տեղական ծրագրեր իրականացնում։ Մի խոսքով, անում ենք հնարավորինս, որպեսզի մարդիկ իրենց պաշտպանված ու ապահով զգան, շարունակեն ապրել իրենց հողում։

Գորիսեցիները բավականին ուժեղ են, բարձր դիմադրողականություն ունեն, իրենց հող ու ջրին կպած մարդիկ են, ամեն բան անում են, որպեսզի շենացնեն Գորիսը։ Պատերազմի ընթացքում էլ համայնքի կանայք ամբողջովին ներգրավված էին թիկունքային աշխատանքներում։

Մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել եք պատերազմի պատճառով համայնքում երեխաների խաթարված կրթության մասին․ի՞նչ վիճակ է այսօր։

-Այո, ինչպես գիտեք, Ադրբեջանի զինուժի կողմից մեր տարածքների օկուպացման հետևանքով Որոտան հասնելու համար այլընտրանքային ճանապարհ է գործում, որը բավականին երկար է։ Եթե նախկինում Որոտանից երեխաները կարողանում էին կարճ ժամանակում հասնել Գորիս, հաճախել մարզական, մշակութային, արտադպրոցական այլ  խմբակներ, ապա այժմ զրկված են այդ հնարավորությունից։

Ձմռանը ճանապարհները դառնում են անանցանելի։ Այդ բնակավայրերն արտաքին աշխարհից ամբողջությամբ կտրվում են։ Հույս ունենք, որ այս տարի շինաշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն, և այդ խնդիրը չենք ունենա։

Բացի այդ, հիշեցնեմ, որ սեպտեմբերի 13-14-ին զինված գործողությունների ընթացքում թիրախավորվել են խաղաղ բնակչությունը, քաղաքացիական օբյեկտները, մի քանի օր դպրոցները չեն գործել, երեխաները զրկված են եղել կրթություն ստանալու իրավունքից…

– Ժամանակին, Ձեր հասարակական գործունեության շրջանակում կանանց տնտեսական հզորացման ծրագրերի իրականացմամբ եք զբաղվել:  Ինչպե՞ս են այսօր Գորիս խոշորացված համայնքում լուծվում կանանց զբաղվածության խնդիրները։

– Համայնքի ամեն բնակավայր իր առանձնահատկությունն, իր խնդիրներն ունի։ Օրինակ՝ Վերիշենում կանայք տեքստիլի արտադրության մեջ են ներգրավված։ Արվեստի կենտրոն է գործում, որի աշխատանքներում ակտիվ են կանայք։ Խնձորեսկում այս պահին հատիկաընդեղենի գործարան է կառուցվում, որի աշխատակիցների մեծ մասը կանայք են լինելու։ Բնակավայրեր ունենք, որտեղ կանանց զբաղմունքը չրեր պատրաստելն է, գյուղատնտեսական-այգեգործական աշխատանքներում են ընդգրկված, ունենք ջերմոցային տնտեսություններ։

Եթե խոսեմ ընդհանրական, ապա համայնքի համար անշուշտ առաջնահերթ է կանանց զբաղվածության խնդիրը, այդ թվում՝ համայնքում ապաստան գտած կանանց ներգրավվածությունը տնտեսական ծրագրերում։  Կարիքների գնահատման ժամանակ հենց կանայք  են բարձրաձայնում այդ խնդրի մասին: Մենք էլ, մեր հերթին,  տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը շատ հաճախ ենք քննարկում այնպիսի ծրագրերի իրականացումը, որոնք կնպաստեն կանանց կրթությանը, վերապատրաստումներին, զբաղվածությանը, որպեսզի կանայք իրենց ընտանքիների սոցիալական վիճակի բարելավման գործում կարողանան ակտիվ  ներդրում ունենալ։

Այսօր ունենք տարբեր մասնագիտություններ ստանալու ծրագրեր, օրինակ՝ մեղվապահություն, վարսահարդարում, մատնահարդարում, ՏՏ, գյուղատնտեսության զարգացման ոլորտներում։ Նման ծրագրերի իրականացումը պայմանավորված է ինչպես տվյալ բնակավայրի առանձնահատկություններով, այնպես էլ հետաքրքրությունների շրջանակով։ Վերապատրաստումներ իրականացնելուց հետո դոնոր կազմակերպությունները հաճախ տրամադրում են նաև անհրաժեշտ գործիքներ։ Ունենք դեպքեր, երբ կանայք այս ամենի արդյունքում փոքրիկ բիզնես են հիմնել ու աշխատում են։

–Հայաստանում ոչ միայն համայնքապետների, այլ նաև համայնքի ղեկավարի տեղակալների պաշտոնում կանանց թիվը խիստ սահմանափակ է:  Թեև պատճառները բազմաբնույթ են, հաճախ ասում են, դժվար գործ է կնոջ համար… Ձեր գործն ավելի դժվար է, քանի որ սահմանամերձ համայնքի փոխքաղաքապետն եք։

– Աշխատանքի դժվարության, առավել ևս պատասխանատվության առումով, կարծում եմ, սեռերի խնդիր չկա։ Հիմա մեր երկրի համար բարդ ժամանակաշրջան է, և շատ կարևոր է յուրաքանչյուրիս անձնական ներդրումը, երբ բոլորն, առանց խտրականության, պետք է գիտակցեն իրենց աշխատանքի, գործի կարևորությունը՝ սկսած սահմանը պահող, իր հողը մշակող գյուղացուց, գործարանում աշխատողից, մանկապարտեզի դաստիարակից մինչև համայնքի ղեկավար ու գիտնական։ Այս մոտեցումը պետք է լինի ոչ միայն սահմանամերձ բնակավայրերում, այլև հանրապետության ողջ տարածքում, միայն այդ դեպքում երկիրը կզարգանա։

Այս պահին ես պատասխանատվություն եմ կրում մարդկանց կյանքի որակի բարելավման համար, գիտակցում եմ այդ կարևորությունը, փորձում եմ իմ աշխատանքն անել ինչքան հնարավոր է լավ…

Զրուցեց Հ. Կարապետյանը  (WomenNet)

Այս հոդվածը ստեղծվել է «Կանանց մասնակցության խթանում անվտանգության և խաղաղության գործընթացներում» ծրագրի շրջանակում, Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ` «Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտ»-ի (ՊԽԼԻ)  կողմից տրամադրված ենթադրամաշնորհի միջոցով։ Բոլոր կարծիքները, բացահայտումները և եզրահանգումները պատկանում են հեղինակ/ներ/ին և պարտադիր չէ, որ համընկնեն Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշման կամ ՊԽԼԻ-ի տեսակետների հետ։