Վառարանի ճարճատյունի հետ սենյակում զգացվում է կտրատած թարմ կանաչեղենի անուշ բույրը։ Խմորի փոքրիկ գնդերը տիկին Մարգարիտայի ձեռքի ճկուն շարժումներից արագ բազմանում են ու գլորվելով շարվում սեղանի անկյունում, հետո գրտնակի ուժից ջլատված՝ իրենց գիրկն առնում կանաչ զանգվածն ու հպվելով վառարանի շիկացած մակերեսին՝ շուրջբոլորը տարածում ժենգյալով հացի ախորժաբույրը։
Արդեն 2 տարի՝ հիմնականում ժենգյալով հացն է պահում տիկին Մարգարիտայի բազմանդամ ընտանիքը։ Սիսիանում շատերն են ճաշակել նրա ձեռքով պատրաստված հացն ու դարձել նրա մշտական հաճախորդը։ Հասրաթյաններն այստեղ են հաստատվել 2020թ․ նոյեմբերի 10-ին, երբ վերջնականապես համոզվեցին, որ պատերազմը խլել է իրենց տունը, իրենց տարիների չարչարանքն ու ապագայի երազանքները․․․
Ժենգյալով հացն ասես վերածնվող կարոտ է, որ ամեն անգամ հետ է պտտում ժամանակի ու տարածության անիվը, ու տիկին Մարգարիտան մտովի հասնում է Քաշաթաղի շրջան, գյուղ Ծաղկաբերդ։ Ամուսնու հետ այստեղ էր տեղափոխվել Գորիսից 1997թ․՝ ամուսնությունից անմիջապես հետո։ Մեջք մեջքի հաղթահարել էին բոլոր դժվարությունները, ունեցել 5 զավակ․․․ Երկու տուն էին ստեղծել, սեփական կայացած տնտեսություն (ունեին մոտ 30՝ խոշոր, 10 մանր եղջերավոր անասուն), զբաղվում էին մեղվաբուծությամբ, հողագործությամբ։ Ամուսինն անասնաբույժ էր, ինքը՝ գրադարանավարուհի։
«Մեր գյուղը լավն էր՝ հարուստ բնությամբ, բերրի հողերով»,- կարոտով պատմում է 44-ամյա Մարգարիտա Ալխասյանը, ցույց տալիս գյուղի, տան լուսանկարները, որ խնամքով պահում է հեռախոսում, հետո՝ ադրբեջանական հրապարակումներից քաղված տեսանյութերը, որտեղ ադրբեջանցի զինվորները պարում են իրենց բակում, անասունը տանում մորթելու․․․
Հոգոց է հանում ․ «25 տարվա մեր արածը մնաց էնտեղ։ Տարիներ շարունակ ջրհորներից ենք ջուրը տուն հասցրել, բայց ջրագիծն արդեն քաշել էին, ամեն ինչ կարգավորվել էր․․․ Ամենակարևորը՝ ապրուստ ստեղծելը հեշտ էր։ Ամսական 300-400 հազարի եկամուտ ունեինք միայն անասուններից՝ չհաշված մեր աշխատանքը։ Ցիտրուսային մրգերից բացի ամեն ինչ աճեցնում էինք, գրեթե ոչինչ չէինք առնում»։
Գյուղից դուրս եկան հոկտեմբերի 19-ին, երբ հերթական անգամ գյուղապետը զգուշացրեց, որ մնալն այլևս վտանգավոր է։ Բնակիչ արդեն գրեթե չկար։ Որդին՝ 17-ամյա Գոռն է «Նիվայով» իրենց Գորիս հասցրել․ ամուսինը դիրքերում էր։ Իրենց հետ ոչինչ չէին վերցրել՝ համոզված, որ, միևնույն է, հետ են գնալու․․․
Հետ չգնացին։ Ավագ դուստրը՝ Լիլիթը, իր նորաստեղծ ընտանիքով մնաց Գորիսում։ Իրենք փորձեցին նոր կյանք սկսել Սիսիանում։ 40 հազար դրամ ամսավճարով սեփական տուն վարձեցին, կով, խոզ, հավ գնեցին ու սկսեցին առաջ նայել․․․
«Իհարկե, դժվար ա, երբ մի վայրկյանում կորցնում ես հիմքից ստեղծածդ, բայց, փառք Աստծո, էրեխեքս լավ են, գոնե էդ ուժ ու ապրելու հույս ա տալիս։ Կոտրվենք, ի՞նչ անենք։ Որ մենք կոտրվենք, մեր էրեխեքն էլ կկոտրվեն։ Նրանց ուսման հաջողություններով ենք ապրում նաև»,- ասում է տիկին Մարգարիտան, շուռումուռ տալիս վառարանի վրա թխվող ժենգյալով հացերը։ «Միայն համն ու հոտը չեն կարևոր․ տեսքն էլ պետք է գեղեցիկ լինի»։ Սոնան, Արմանն ու Էլենն էլ են գործի անցել։ Արմանը ժամանակ առ ժամանակ վառարանն է թեժացնում։ Սոնան ու Էլենն էլ հետևում են, որ հացերը չվառվեն, առաջարկում համտես անել․․․
Ուսման մեջ էլ երեխաներն առաջադեմ են։ Ավագ որդին դպրոցն ավարտելուց հետո անվճար ընդունվեց Պոլիտեխնիկական համալսարանի «Ծրագրային ճարտարագիտություն» բաժինը, հիմա ծառայում է Արցախում։ Տիկին Մարգարիտայի պատմելով՝ Սիսիանի ավագ դպրոցում հարազատաբար են ընդունել երեխաներին։ Մաթեմատիկայի և ֆիզիկայի ուսուցիչներն ընդունելության քննությունների համար անգամ անվճար են պարապել որդու հետ։ Հիմա էլ 12-րդ դասարանում սովորող աղջիկն է զեղչով պարապում․ «Բիզնես կառավարում» ֆակուլտետն է ընտրել։
«Նման ջերմ, մարդկային վերաբերմունք չէի պատկերացնում»,- ասում է Մարգարիտան: Նույնիսկ իրեն են առաջարկել աշխատել դպրոցի բուֆետում՝ ընտանիքի հոգսը ևս մի փոքր թեթևացնելու համար։ Մյուս երկու երեխաները, որ հիմնական դպրոցի 2-րդ և 9-րդ դասարաններում են սովորում, ավելի դժվարությամբ հարմարվեցին նոր միջավայրին։ Բայց հիմա արդեն խնդիր չունեն։
Սովորելու ձգտումով ինքն էլ զավակներից հետ չի մնում։ Սիսիանի մեծահասակների կրթության կենտրոնի մշտական ուսումնառուն է․ մասնակցել է կարուձևի, համակարգչային դասընթացներին, հիմա էլ անգլերեն է սովորում։ Մասնակցել է նաև Ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղի կողմից կազմակերպված դասընթացներին։ Ասում է՝ ամեն տարիքում էլ սովորելու բան կա․ կիրառելու տեղ կգտնվի․․․
Մասնակցում է փառատոնների, ներկայացնում հայկական ավանդական ուտեստներն ու անուշեղենը՝ կլոր գաթայից մինչև հարիսա։ Երազանքը սեփական բիզնես հիմնելն է՝ հացաբուլկեղենի ու հրուշակեղենի արտադրամաս։ Այդ ճանապարհը հեշտացնելու համար Հայ օգնության ֆոնդը սարքավորումներ ու աշխատանքային գործիքներ է հատկացրել Մարգարիտային։
Բիզնեսը սկսելու համար, սակայն, նախ պետք է տան հարցը լուծեն, հասկանան՝ որտեղ են մշտապես բնակվելու։ Փոխհատուցում դեռ չեն ստացել, սակայն մտածում են մայրաքաղաքին մոտ գյուղերում հաստատվելու մասին։ Այդպես ուսանող զավակների համար Երևանում տուն վարձելու դժվարին խնդիրն էլ օրակարգից դուրս կգա։ Բացի այդ Սիսիանում նույնիսկ տեղացիների համար է դժվար․ ո՛չ աշխատանք կա, ո՛չ կարգին առևտուր։
«Գոնե մեր տանիքն ունենանք, մնացածը կստեղծենք։ Եթե ստեղծող, աշխատող, արարող ես, հաստատ կունենաս քոնը, չես սպասի՝ ինչ-որ մեկը քեզ օգնի։ Բայց, ասենք, ուզում եմ ջերմոց ունենալ, ուրիշի այգում ո՞նց հիմնեմ»,-ասում է։
Վերջին կարմրաթուշ ժենգյալով հացերն է վերցնում վառարանից, խնամքով դասավորում ափսեի մեջ ու ավելացնում․ «Ամենակարևորը՝ խաղաղություն լինի, բոլոր զինվորները տուն հասնեն․․․ Միայն խաղաղություն․․․ Թող պակաս լինի, տուն չունենանք, սոված լինենք, բայց խաղաղ լինի, ոչ մեկի տան ճրագը չմարի։ Մնացածը երկրորդական ա։ Տուն-տեղ, ամեն ինչն էլ կստեղծես․ հայը ստեղծող տեսակ ա․․․»։
Աննա Ավետիսյան (WomenNet)
Այս հոդվածը ստեղծվել է «Կանանց մասնակցության խթանում անվտանգության և խաղաղության գործընթացներում» ծրագրի շրջանակում, Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ` «Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտ»-ի (ՊԽԼԻ) կողմից տրամադրված ենթադրամաշնորհի միջոցով։ Բոլոր կարծիքները, բացահայտումները և եզրահանգումները պատկանում են հեղինակ/ներ/ին և պարտադիր չէ, որ համընկնեն Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշման կամ ՊԽԼԻ-ի տեսակետների հետ։