Մարտի 27-ին տեղի ունեցավ ՔՀԿ-ԱԺ հարթակի հերթական հանդիպումը, որը նվիրված էր «Եզդի աղջիկների և կանանց քաղաքացիական մասնակցության և որոշումների կայացման լիազորության խթանում․ անձնական ընտրությունից մինչև համակարգային փոփոխություններ» թեմային։
Հանդիպմանը մասնակցում էին Ազգային ժողովի պատգամավորներ, ՀՀ նախարարությունների ներկայացուցիչներ՝ ՆԳՆ, ԱՍՀՆ, ԿԳՄՍ,
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ՔՀԿ, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ և մեդիա ոլորտի փորձագետներ։
Հանդիպման նպատակն էր ներկայացնել ազգային և տեղական մակարդակներում տեղի ունեցած ազգային փոքրամասնությունների՝ մասնավորապես եզդի կանանց իրավունքների և հնարավորությունների հետ կապված հանդիպումների արդյունքները:
Բացելով միջոցառումը՝ ՕքսԵՋեն հիմնադրամի գործադիր տնօրեն Մարգարիտա Հակոբյանը ներկայացրեց հանդիպման թեման, կարևորեց ազգային փոքրամասնությունների խնդիրները, մասնավորապես կանանց և աղջիկների քաղաքացիական ակտիվության խթանմանը ուղղված գործողությունները, անդրադարձ կատարեց սրան նախորդած երկխոսության հանդիպումներին, մշակված քաղաքականության համառոտագրին։
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը, որն անդրադարձավ եզդի աղջիկների և կանանց բազմաբնույթ մարտահրավերների մասին, որոնք խոչընդոտում են նրանց լիարժեք մասնակցությանը սոցիալական, տնտեսական, մշակութային, կրթական, համայնքային և քաղաքական կյանքում:
ՄԱԶԾ ներկայացուցիչ, «Կանայք քաղաքականության, հանրային կառավարման և քաղաքացիական հասարակության մեջ» ծրագրի համակարգող Աննա Ներսեսյանցը ողջունելով ներկաներին կարևորեց ծրագրի իրականացման մեջ քաղհասարակության դերը և նշեց, որ ճիշտ ժամանակն է այսպիսի քննարկումների համար, նա նաև հույս հայտնեց, որ համայնքներում կանայք լիարժեք կմասնակցեն համայնքային կյանքին և ավելի ակտիվ կլինեն հասարակական ոլորտում։
Ազգային փոքրամասնությունների և գենդերային փորձագետ Ալիսա Ջամալյանը ներկայացրեց «Եզդի աղջիկների և կանանց քաղաքացիական մասնակցության և որոշումների կայացման լիազորության խթանում. անձնական ընտրությունից մինչև համակարգային փոփոխություններ» քաղաքականության համառոտագիրը։ Անդրադարձավ եզդիական համայնքի կանանց հետ հանդիպումներին և դրանց ընթացքում բարձրաձայնված խնդիրներին։
Հիշեցնենք, որ ՕքսԵՋեն հիմնադրամը 2024 թ․ փետրվարին երկխոսության հանդիպումների շարք է իրականացրել ազգային և տեղական մակարդակներում՝ ուղղված ՀՀ-ում ապրող ազգային փոքրամասնությունների, մասնավորապես՝ եզդի կանանց խնդիրներին և մարտահրավերներին։
Տեղական մակարդակում հայաստանաբնակ եզդիական համայնքի սոցիալ-տնտեսական խնդիրների, եզդի կանանց իրավունքների սահմանափակման կամ ոտնահարման պատճառների վերաբերյալ հանդիպումներ են տեղի ունեցել ՀՀ Արարատի մարզի Ղուկասավան, Նուբարաշեն և Արագածոտնի մարզի Ռյա Թազա համայնքներում, որոնց մասնակցել են նշված համայնքերում և հարակից շրջաններում բնակվող եզդիական համայնքի ներկայացուցիչներ, ովքեր բարձրաձայնել են համայնքում եզդի կանանց իրավունքների սահմանափակման և ոտնահարման պատճառների, սոցիալ-մշակութային մարտահրավերների մասին։ Քննարկումների արդյունքներն ամփոփված են քաղաքականության համառոտագրում՝ ներառելով արձանագրված բոլոր խնդիրները և դրանց ուղղված առաջարկությունները։
«Կանայք քաղաքականության, հանրային կառավարման և քաղաքացիական հասարակության մեջ» ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՕքսԵՋեն հիմնադրամի հետ համագործակցությամբ, Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ։