«Կանայք հանուն աշխատանքային իրավունքների» կանանց մասնագիտական զարգացման ցանցը ստեղծվել է ՕքսԵՋեն հիմնադրամի և Սոլիդարիթի Սենթեր հայաստանյան մասնաճյուղի կողմից։
Ցանցի նպատակն է համատեղել շահագրգիռ կողմերի ջանքերը աշխատավայրում կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունները խթանելու, աշխատաշուկայում գենդերային խտրականությունը հաղթահարելու և կանանց իրավազորման նպատակով: Իրականացվող գործողությունների արդյունքում ցանցի անդամները ոչ միայն ձեռք են բերում պրակտիկ գիտելիքներ ու հմտություններ, այլև իրազեկ են իրենց աշխատանքային իրավունքներից և իրավազորված՝ պահանջելու իրենց ու այլոց աշխատանքային իրավունքների պաշտպանությունը։
Ցանցը հարթակ է՝ ուղղված կանանց համար աշխատաշուկայի պահանջարկի վերաբերյալ տեղեկությունների հասանելիությունը ապահովելուն և կանանց համապատասխան հմտությունները զարգացնելուն։
Ցանցի անդամները հնարավորություն ունեն մասնակցելու տարբեր դասընթացների՝ գիտելիք ստանալու հետևյալ ոլորտների վերաբերյալ․
- աշխատանքային իրավունքներ,
- աշխատանքի որոնման և աշխատանքի դիմելու հմտություններ,
- առաջնորդություն,
- մասնագիտական զարգացում և այլն։
Ցանցի անդամների հետ աշխատում են տարբեր ոլորտներում աշխատող մենթորներ ու դասընթացավարներ, այդ թվում՝ իրենց մասնագիտության մեջ հաջողակ կանայք, որոնք ցանցի անդամներին օգնում են ավելի լավ պատկերացնել իրենց աշխատանքային իրավունքները, պատրաստ լինել աշխատանքային հարաբերությունների դաշտ մտնելու, գտնել իրենց կարիքներին համապատասխան դասընթացներ և այլն։
Մենթորներն անհրաժեշտության դեպքում ցանցի անդամներին տրամադրում են մասնագիտության ընտրության հարցերով խորհրդատվություն՝ փոխանցելով իրենց փորձը, ինչպես նաև մասնակցում են շահերի պաշտպանության և համայնքային զարգացման նախաձեռնություններին։