Skip to main content

Մարտի 11-13-ը տեղի ունեցավ եռօրյա դասընթաց՝ նախատեսված ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) տարածքային կենտրոնների աշխատակիցների համար։ Վերապատրաստման առանցքում աշխատաշուկայում 30-40 տարեկան կանանց վերաինտեգրման արդյունավետ մեխանիզմների ներդրումն ու կիրառումն էր։ 

Միջոցառումը կազմակերպվել էր «ՕքսԵՋեն» հիմնադրամի կողմից՝ ԵՊՀ ժողովրդագրական հետազոտությունների և կրթության կենտրոնի հետ համատեղ։ Դասընթացն իրականացվել է «Ժողովրդագրական դիմակայունություն․ կանանց կարողությունների և ընտրության հնարավորությունների ընդլայնում տվյալահեն քաղաքականության միջոցով» ծրագրի շրջանակներում։ 

Հաղորդակցություն, բարօրություն և դիմակայունություն 

Վերապատրաստման առաջին օրը մասնակիցները կենտրոնացան մասնագիտական հաղորդակցության վրա։ ԵՊՀ Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ Յուլիանա Մելքումյանի առաջնորդությամբ քննարկվեցին բանավոր և գրավոր հաղորդակցության նրբությունները, կոնֆլիկտների կառավարումն ու հանրային խոսքի հմտությունները։

 

Օրվա երկրորդ կեսին Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս Գոհար Խաչատրյանի հետ ՄՍԾ ՏԿ ներկայացուցիչները ուսումնասիրեցին աշխատանքի և անձնական կյանքի հավասարակշռության եվ ժամանակի կառավարման և դիմակայունության մեխանիզմները: Այնուհետև ԵՊՀ սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Գոհար Շահնազարյանի հետ քննարկեցին աշխատանքի և իրենց հոգեկան առողջության հարցերը, կազմեցին բարօրության և դիմակայունության պլան:   

Կարիերայի զարգացում և գենդերային զգայունություն 

Երկրորդ օրը նվիրված էր զբաղվածության և կարիերայի քարտեզագրմանը։ ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոս, փորձագետ Մարիամ Մխիթարյանի օգնությամբ մասնակիցները վերլուծեցին մասնագիտական պրոֆիլների ձևավորման առանձնահատկությունները։ 

Հատուկ անդրադարձ կատարվեց գենդերային հիմնախնդիրներին և հակախտրական գործելակերպին։ Գոհար Խաչատրյանի հետ քննարկվեցին աշխատաշուկայում առկա կարծրատիպերը, գենդերային նորմերն ու դրանց դրսևորումները հայաստանյան իրականությունում՝ նպատակ ունենալով ձևավորել առավել ներառական աշխատանքային միջավայր։ 

Ծրագրերի մշակում և գործնական կիրառություն 

Վերջին օրը մասնակիցները ծանոթացան դրամաշնորհային հայտերի պատրաստման և ծրագրերի մշակման ընթացակարգերին, քննարկեցին ֆինանսական գրագիտությանն ու ռիսկերի կառավարմանը վերաբերող հարցեր Յուլիանա Մելքումյանի հետ: 

Ամփոփելով եռօրյա դասընթացը՝ մասնակիցները նշեցին, որ ստացված գիտելիքներն ու գործնական հմտությունները թույլ կտան առավել արդյունավետ աջակցել այն կանանց, ովքեր ցանկանում են վերադառնալ աշխատաշուկա կամ վերագտնել իրենց մասնագիտական ուղին։ 

ՄՍԾ ՏԿ աշխատակիցների վերապատրաստումն իրականացվեց «Ժողովրդագրական դիմակայունություն․ կանանց կարողությունների և ընտրության հնարավորությունների ընդլայնում տվյալահեն քաղաքականության միջոցով» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA) կողմից և ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության կառավարության կողմից՝ Միացյալ Թագավորության միջազգային զարգացման աջակցության շրջանակներում։