Արագածոտնի մարզի Արևուտ եզդիաբնակ խոշորացված համայնքում տեղի ունեցավ ամփոփիչ հանդիպում «Բյուջե հանուն փոփոխության․ գենդերային հավասարության և ներառականության խթանում» ծրագրի շրջանակներում։ Այն նշանավորվեց ոչ միայն արդյունքների ներկայացմամբ, այլև համայնքի կանանց շրջանում նկատելի ինքնավստահության ու ակտիվության աճով, ինչը համայնքի բնակիչներն անվանեցին «փոքրիկ հեղափոխություն»։
Ծրագիրը, որն իրականացվում է «ՕքսԵՋեն» հիմնադրամի կողմից, նպատակ ունի խթանել ներառականությունը և տեղական բյուջեների ձևավորման հարցում հաշվի առնել բոլոր խմբերի, հատկապես՝ կանանց կարիքները։
Հանդիպման ընթացքում թե՛ բնակիչները, թե՛ ՏԻՄ ներկայացուցիչները փաստեցին խմբի տեսանելի աճը։ «Մենք սկսեցինք ընդամենը վեց հոգով, իսկ այսօր արդեն քսանն ենք»,- հպարտությամբ նշում էին մասնակիցները։ Սակայն աճը միայն թվային չէ. մարդիկ սովորել են վստահել միմյանց, լսել տարբեր կարծիքներ և միասին նախանշել հեռանկարային պլաններ։
Առօրյա հոգսերից դեպի առաջնորդություն
Արևուտցի կանայք, ովքեր վաղ առավոտից մինչև ուշ գիշեր զբաղված են տնային գործերով ու անասնապահությամբ, խոստովանեցին, որ ծրագիրն իրենց համար դարձել է յուրօրինակ «մշակութային դադար» և ինքնադրսևորման հարթակ։ «Առօրյա հոգսերից մի քիչ կտրվեցինք, աշխուժացանք։ Հիմա մեզ ավելի ինքնավստահ ենք զգում»,- նշում էին նրանք։
Քննարկումների արդյունքում վերհանվել են ենթակառուցվածքային խնդիրներ և նյութական ռեսուրսների ստեղծման անհրաժեշտությունը, որոնք կթեթևացնեն աշխատող կանանց կյանքը։
Տեղականից ազգային մակարդակ. «ՕքսԵՋենի» աշխատաոճը
Ներկաներն առանձնահատուկ ընդգծեցին «ՕքսԵՋենի» մոտեցումը։ Ի տարբերություն շատ այլ նախաձեռնությունների, այստեղ աշխատանքը սկսվում է անմիջապես բնակչությունից՝ «ներքևից վերև» սկզբունքով, ինչը հնարավորություն է տալիս լսելի դարձնել հենց այն մարդկանց ձայնը, ովքեր առօրյայում բախվում են խնդիրներին։
«ՕքսԵՋեն» հիմնադրամի ծրագրերի ղեկավար Քրիստինե Մխիթարյանը, դիմելով համայնքի կանանց, նշեց. «Ինձ համար անափ ոգևորիչ է տեսնել այս փոփոխությունները։ Առաջին հանդիպումների ժամանակ մենք գրեթե չէինք լսում ձեր ձայնը, ձեր գաղափարները, իսկ հիմա տեսնում ենք ձևավորված, ակտիվ մի խումբ, որն ուժ ու նոր գաղափարներ է տալիս մեզ։ Այսօրվա քննարկումն ապացուցեց, որ Արևուտում իրական շարժում է սկսվել»։
Հանդիպման ավարտին մասնակիցները վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու ակտիվ ներգրավվածությունը համայնքային կյանքում՝ հանուն գենդերային հավասարության և ավելի լավ ապագայի։
Ծրագիրը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության միջազգային զարգացման աջակցության շրջանակում Միացյալ Թագավորության կառավարության կողմից։







