Skip to main content
Կանանց մասնակցության խթանում անվտանգության և խաղաղության գործընթացներում - առնչվող լուրեր

Մենք ոգեշնչել ենք նաև մարզի այլ բնակավայրերից կանանց և ներգրավել գործընթացներում

«Կանանց մասնակցության խթանում՝ անվտանգության և խաղաղության գործընթացներում» ծրագրում ներգրավված մարզային համակարգողները կիսվում են տպավորություններով

Արմինե Չոփչունցը ՕքսԵՋեն հիմնադրամի՝ «Կանանց տեղեկատվական-վերլուծական ցանց» ՀԿ-ի և Մուղդուսյան արվեստի կենտրոնի հետ իրականացվող «Կանանց մասնակցության խթանում՝ անվտանգության և խաղաղության գործընթացներում» ծրագրի շրջանակում ձևավորված Կանայք-անվտանգություն-խաղաղություն համագործակցային ցանցի անդամներից է, Գորիսի համայնքապետարանում աշխատում է որպես սոցիալական աշխատող։ Ծրագրում ներգրավված կանայք շատ ոգևորված են, կարծում են, որ ծրագիրը պետք է շարունակական լինի։

«Առաջին անգամ դասընթացին միացա առցանց և հասկացա, որ դա այն ամենի մասին է, ինչի մեջ ինքս եմ եղել պատերազմի ժամանակ։ Վերապատրաստում անցնելուց հետո ինքս նախաձեռնեցի իրազեկման միջոցառումներ մարզի այլ բնակավայրերում։

Վերապատրաստումն անցնելուց հետո ինքնս ինձ հարց տվեցի՝ որ եկա, լսեցի, ի՞նչ կարող եմ անել իմ համայնքի կանանց համար։ Հաջորդ քայլն արդեն արտակարգ իրավիճակներում արագ կողմներեծվելու և անվտանգ միջավայր ստեղծելուն ուղղված միջոցառումներն էին, առաջին հերթին ապաստարանների հարցը։

Համայնքապետարանի իմ գործընկերների հետ հանձնաժողով ձևավորեցինք՝ ապաստարանների հարցը լուծելու համար։ Արդյունքում բարեկարգվեցին նկուղները և վերածվեցին ապաստարանների։ Մանկապարտեզներում ևս ապաստարաններ ստեղծելու նախագիծ ունենք, որպեսզի վերանորոգման գործընթացում դա էլ պլանավորվի։ Նախաձեռնող թիմի մեջ են նաև տեղահանված արցախցիներ, զոհված զինծառայողների ընտանիքների անդամներ»։

Այդ կանանցից մեկն էլ պատերազմում երկու որդիներին կորցրած և ընտանիքի ողջ հոգսը իր վրա վերցրած գորիսցի մի կին է, որը ևս ներգրավվել է ծրագրում և փորձում է օգտակար լինել։ Արմինեն նշում է, որ արտակարգ իրավիճակներում աջակցության համակարգման գործընթացում այդպիսի պատմությունները քիչ չեն, բայց այս մեկը առանձնապես տպավորվել է։ Այդպիսի ընտանիքներին հատուկ ուշադրության կենտրոնում են պահում և աշխատանքները համակարգելիս հաշվի են առնում յուրաքանչյուր ընտանիքի անհատական կարիք։

Ծրագրի շրջանակում իրենց փորձառության մասին պատմում են նաև Տավուշի և Վայոց Ձորի մարզի համակարգողները։

Հեղինե Ղարաբաղցյանը Բերդում է ապրում, նա ևս սոցիալական աշխատող է և ծրագրում ներգրավված մարզային համակարգողներից մեկը։

«ՄԱԿ 1325 բանաձևի մասին նախկինում տեղյակ չէի, բայց վերապատրաստումների արդյունքում գիտելիքներ ստացանք և հասկացանք բովանդակությունը։

Քանի որ մեզ մոտ երեսուն տարի պատերազմական վիճակ է, բոլորս այսպես թե այնպես ներգրավված ենք այդ գործընթացներում, բայց ծրագրի ընթացքում սովորեցինք ավելի գրագետ ու համակարգված աշխատել։ Այսօր արդեն վերապատրաստված մասնակիցներն իրենք են նախաձեռնողականություն ցուցաբերում, յուրաքանչյուրն իր համայնքում, իր աշխատավայրում կազմակերպում է իրազեկման միջոցառումներ, արտակարգ իրավիճակներում գործելու վարժանքներ անցկացնում երեխաների հետ։ Մենք ոգեշնչել ենք նաև մարզի այլ բնակավայրերից կանանց և ներգրավել գործընթացներում»։

Հեղինեն վստահ է, որ թիմի ընտրությունը առանցքային նշանակություն ունի գործընթացներն ավելի համակարգված ու արդյունավետ կազմակերպելու համար։

Հասմիկ Մովսիսյանը մասնագիտությամբ դեղագետ է, ծրագրի՝ Վայոց Ձորի մարզային համակարգողն է։

«Վայոց Ձորի մարզը միշտ եղել է անվտանգ, բայց 2022-ի սեպտեմբերյան պատերազմից հետո Վայոց Ձորը ևս վտանգավոր գոտում հայտնվեց։ Մինչև ծրագրին մանսակցելը տեղյակ չէինք ՄԱԿ-ի բանաձևի մասին։ Վերապատրաստվելուց հետո կանանց ավելի մեծ շրջանակն ներգրավեցի, այդ թվում մարզի գյուղական բնակավայրերից։ Բոլորն ակտիվորեն մասնակցեցին, սկսեցին կիսվել իրենց փորձառությամբ և փորձել ավելի համակարգված գործելու մեխանիզմներ մշակել»։

Ցանցի անդամներն այժմ պարբերաբար հանդիպում են, խումբ ունեն նաև սոցիալական հարթակներում, որը հնարավորություն է տալիս ավելի արագ կապի մեջ լինել։ «Կանայք, որ դառնում են ցանցի անդամ, որոնք կարող են լինել տեղեկատվության տարածողները, կարող են ներգրավվել որոշումների կայացման գործընթացներում և կարևոր հարցեր բարձրացնել»,-ասում է Հասմիկը։

 

Այս հոդվածը ստեղծվել է «Կանանց մասնակցության խթանում՝ անվտանգության և խաղաղության գործընթացներում» ծրագրի շրջանակում, Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ` «Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտ»-ի (ՊԽԼԻ)  կողմից տրամադրված ենթադրամաշնորհի միջոցով։ Բոլոր կարծիքները, բացահայտումները և եզրահանգումները պատկանում են հեղինակներին և պարտադիր չէ, որ համընկնեն Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշման կամ ՊԽԼԻ-ի տեսակետների հետ։