Բազմակուսակցական ժողովրդավարության հայկական ակադեմիայի շրջանավարտները ստացան ավարտական վկայականները։
Հունիսի 24-ին Ազգային Տիկնիկային Թատրոնում տեղի ունեցավ Բազմակուսակցական ժողովրդավարության հայկական ակադեմիա ARMDA-ի ծրագրի ավարտական միջոցառումը։
Ողջույնի խոսքով հանդես եկան ՕքսԵՋեն հիմնադրամի գործադիր տնօրեն Մարգարիտա Հակոբյանը, Նիդերլանդների բազմակուսակցական ժողովրդավարության ինստիտուտի Հայաստանի ներկայացուցիչ Արմեն Սահակյանը, OքսԵՋեն հիմնադրամի ծրագրերի ղեկավար Կարեն Այվազյանը, որը ներկայացրեց նաև ծրագրի վերջնական արդյունքները։
Ավարտական ելույթներ ունեցան նաև Ակադեմիայի շրջանավարտներ Դիանա Աբգարյանը և Հովհաննես Շախկուլյան:
Ապա ցուցադրվեց ARMDA-ի մասին պատմող ֆիլմը, իսկ վերջում ականավոր հայ կանանց մասին «Հանդիպում 100 տարի անց» ներկայացմամբ հանդես եկավ Մուղդուսյան արվեստի կենտրոնի Նաիրյան վոկալ անսամբլը։
Ի դեպ՝ ներկայացումը բեմադրվել է ՕքսԵՋեն հիմնադրամի հետ համագործակցությամբ՝ նպատակ ունենալով ուշադրություն հրավիրել ականավոր հայ կանանց գործունեությանն ու ընդգծել նրանց նշանակությունը ժամանակի հասարակական-քաղաքական կյանքում:
Շնորհավորում ենք մեր շրջանավարտներին և մաղթում, որ նոր գիտելիքներն ու հմտություններն արդյունավետ կիրառեն իրենց ապագա նախաձեռնություններում՝ նպաստելով Հայաստանում ժողովրդավարության կայացմանը:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների, երիտասարդական կազմակերպությունների, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, քաղաքականություն մշակողներ, երիտասարդներ, հետազոտողներ և ոլորտին առնչվող այլ փորձագետներ։
Ծրագրի նպատակն է՝ ձևավորել քաղաքական ձգտումներ ունեցող երիտասարդների նոր սերունդ՝ զինված անհրաժեշտ գիտելիքով ու հմտություններով, որոնք ունեն արդյունավետ առաջնորդ դառնալու և Հայաստանում ժողովրդավարության ու քաղաքացիական ներգրավման ջատագով լինելու մոտեցումներ՝ նպաստելու ժողովրդավարության, մասնակցայնության և առաջնորդության մշակույթի ձևավորմանը։
Ծրագիրն իրականացվում է Նիդերլանդների բազմակուսակցական ժողովրդավարության ինստիտուտի և ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից Նիդերլանդների կառավարության ֆինանսավորմամբ։