Դեկտեմբերի 15-16-ին արտագնա աշխատարան ունեցանք՝ քննարկելու «Կանայք քաղաքականության, հանրային կառավարման և քաղաքացիական հասարակության մեջ» ծրագրի շրջանակում ՔՀԿ-ների մենթորության ընթացքն ու զարգացնելու կարողությունները՝ դրա շրջանակում դուրս բերված կարիքների ուղղությամբ։
Աշխատարանն ընթացավ երկու ուղղություններով․ առաջին օրը նվիրված էր Հայաստանում գենդեր-արձագանքող քաղաքականությունների մշտադիտարկման առանձնահատկություններին ու մեխանիզմներին, իսկ 2-րդ օրը՝ վերլուծական և ռազմավարական հաղորդակցության կարողությունների զարգացմանը։
Հնգամսյա մենթորության ընթացքում 10 ՔՀԿ-ներ արդեն իսկ բարելավել են իրենց հմտությունները գենդեր-արձագանքող քաղաքականությունների գնահատման և մշտադիտարկման ուղղությամբ։ Այս աշխատարանն արձագանքում էր այն կարիքներին, որոնք ի հայտ էին եկել մենթորության շրջանում, և դրանց ուղղությամբ կարողությունները զարգացնելը հնարավորություն կտա ավելի արդյունավետ դարձնելու աշխատանքը։
«Դու մենակ չես» կանանց աջակցման ՀԿ-ն, որը գործում է Վայոց Ձորի և Արարատի մարզերում, ևս ներգրավված է մենթորության ծրագրում։ ՀԿ ներկայացուցիչ Նաիրա Հարությունյանը նշում է, որ մենթորությունն օգնել է ավելի արդյունավետ և որակյալ մշտադիտարկում իրականանցնել, որը փաստահեն տվյալներ ունենալու միջոց է։
Մենթորության ծրագրում ներգրավված են կազմակերպություններ՝ Հայաստանի տարբեր մարզերից։
«Թալին հույս» ՀԿ ներկայացուցիչ Նունե Սարգսյանն էլ հնարավորություն է ունեցել ավելի լավ պատկերացնելու, թե ինչ է գենդեր-արձագանքող բյուջետավորումը և ինչու է այն կարևոր։ Ասում է, որ պատրաստվում են կիրառել սա հետագա ծրագրերում, հատկապես, որ արդեն ավելի լավ են պատկերացնում, թե ինչպես կարող են համայնքապետարանին էլ ներգրավել իրենց աշխատանքներում։
Լոռու մարզում գործող «Ընտանիք առանց բռնության» ՀԿ նախագահ Հայարփի Այդինյանն էլ նշում է, որ մինչ մենթորության ծրագրին մասնակցելը՝ մշտադիտարկման փորձառություն չեն ունեցել։ Չնայած թեմատիկ դասընթացների մասնակցել են, բայց սա գիտելիքներն ավելի համակարգված դարձնելու և գործնականում կիրառելու հնարավորություն էր։
Կազմակերպությունները մենթորության շրջանակում կատարված աշխատանքները կներկայացնեն արդեն հունվարին։