Ծրագիրը նպատակ ունի խթանելու սոցիալական համախմբվածությունն ու ներառումը Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչության և հյուրընկալող համայնքների միջև (Կոտայքի մարզի 5 խոշորացված համայնք` Աբովյան, Նաիրի, Ծաղկաձոր, Հրազդան և Չարենցավան)՝ նպաստելով նրանց կյանքի ընդհանուր որակի բարձրացմանը և հնարավորություն տալով նրանց դրական ներդրում ունենալու իրենց նոր միջավայրում։
Այս ծրագիրն ուղղված կլինի ստեղծելու համակարգված և պարբերական հնարավորություններ այս համայնքների համար՝ ներգրավելով տեղահանված անձանց համատեղ գործողություններում և երկխոսության մեջ։
Միասին աշխատելով համայնքահեն ծրագրերի վրա և մասնակցելով փորձի փոխանակման միջոցառումների՝ մասնակիցները կձևավորեն փոխըմբռնման և փոխադարձ հարգանքի մթնոլորտ՝ նվազեցնելով սոցիալական լարվածությունն ու խթանելով ներառման գործընթացի շարունակականությունը։
Խնդիրները.
- Խթանել ներառական և անվտանգ միջավայր տեղահանված և հյուրընկալող համայնքների անդամների միջև փորձի փոխանակման և երկխոսության ձևավորման համար, ինչպես նաև աջակցել համայնքային խմբերին իրականացնելու համայնքային համատեղ նախաձեռնություններ։
- Զարգացնել ՔՀԿ-ների կարողությունները՝ իրենց ծրագրերում սոցիալական համախմբումը ներառելու համար։
- Խթանել ապատեղեկատվության ու ատելության խոսքի նկատմամբ դիմակայունության և իրազեկվածության բարձրացումը համայնքահեն արշավների միջոցով՝ կամրջելով տարբերությունները հուսահեն հաղորդակցությամբ։
Հիմնական բաղադրիչները/գործողությունները․
- Անվտանգ և ներառական համայնքային միջավայրի ստեղծում շարունակական երկխոսության և փոխազդեցության համար։
- Ներհամայնքային կանոնավոր երկխոսության հարթակի ստեղծում՝ խթանելու փոխըմբռնումն ու համագործակցությունը։
- Համայնքի ներկայացուցիչների կարողությունների զարգացում՝ ներգրավելու նրանց համայնքային համախմբման և ծրագրերի մշակման գործընթացներում։
- Համայնքահեն նախաձեռնություններ՝ ուղղված տեղացիների կարիքներին և սոցիալական համախմբմանը։
- ՔՀԿ ներկայացուցիչների կողմից սոցիալական համախմբմանն ուղղված գործողություններ։
- Սոցիալական մեդիա բովանդակության մշակում և տարածում՝ ապատեղեկատվության և ատելության խոսքի դեմ իրազեկվածության բարձրացման ուղղությամբ։
- Հյուրընկալող և տեղահանված համայնքների բլոգերների ու ինֆլյուենսերների ներգրավում իրազեկվածության բարձրացման արշավներում։
Տևողություն՝ 01.10.2024 – 30.09.2025
Բյուջե՝ 108,580 ԱՄՆ դոլար
Իրականացման վայր՝ Հայաստան
Իրականացնող կազմակերպություն՝ ՕքսԵՋեն հիմնադրամ
Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ՝ «Դիմոքրըսի Ինթերնեյշնլ» կազմակերպության կողմից իրականացվող «Սոցիալական պաշտպանություն, ներառում և հզորացում» ծրագրի շրջանակում։