Skip to main content

«Բռնությունը սկսվում է այնտեղ, որտեղ մարդուն չեն տեսնում որպես ամբողջական էակ. որպես հնարավորություններով մարդ, որպես հավասար», – ասում է «Լինել նրա տեղում» ծրագրի մասնակից Սերգո Այվազյանը։

«Լինել նրա տեղում» ծրագիրը նպատակ ունի փոխել համայնքային ընկալումները կանանց և աղջիկների նկատմամբ բռնության վերաբերյալ՝ սիմուլացիոն վարժանքի հզոր ուժը կիրառելով որպես կրթական և իրազեկման գործիք։

«Վարժանքը, ի թիվս բռնության տարբեր դեպքերի, անդրադառնում է նաև հաշմանդամություն ունեցող կնոջ հանդեպ բռնության դեպքին՝ ընդգծելով վերջինիս առավել խոցելի կարգավիճակն ու ելքեր գտնելու դժվարությունները։ Վարժանքը հնարավորություն է տալիս մասնակիցներին բառացիորեն «լինել նրա տեղում»,- հավելեց դասընթացների համակարգող Նարինե Ասատրյանը։

Վարժանքի ժամանակ Սերգոն վերլուծում էր հաշմանդամություն ունեցող կնոջ նկատմամբ բռնության դեպքը։

Նա առանձնացրեց մի շատ կարևոր շերտ, որը ծրագրի առանցքային կետերից մեկն է. բռնությունը միայն ֆիզիկական չէ։ Երբ մարդուն չեն լսում, երբ նրա կարծիքը հաշվի չեն առնում, երբ նրան միշտ վերապահվում է օգնություն խնդրողի դերը՝ դա ինքնին համակարգային բռնություն է։

«Վարժանքում կնոջը ոչ ոք չէր տեսնում որպես ինքնուրույն ընտրություն և պատասխանատվություն կրող անհատ։ Շրջապատը՝ ներառյալ ամուսինը, հոգևորականը, հոգեբանը, բոլորը նրա փոխարեն էին որոշում։ Ասում էին՝ զիջի, հանդուրժի, հիմա վիճակդ այսպես է: Բայց ոչ ոք չէր հարցնում՝ ի՞նչ ես ուզում դու։ Վարժանքը ցույց տվեց, թե ինչպես հասարակությունը՝ բարեկամից մինչև մասնագետ, հաճախ չի տարբերակում՝ ի՞նչ է աջակցությունը և ի՞նչ է օգնությունը։ Իսկ այս տարբերությունն է որոշում՝ արդյո՞ք տվյալ մարդը կվերածվի զոհի, թե կվերագտնի իր գործունակությունը։

Հաշմանդամություն ունեցող թե չունեցող անձ՝ ուղղորդումը պիտի լինի ճիշտ, օգնությունը՝ հասցեական»։

Սերգո Այվազյանը հատկապես կարևորեց, որ իրական կյանքում շատ հաճախ հենց հաշմանդամություն ունեցող անձանցից է ակնկալիքը, սպասումը, որ իրենք պիտի զիջեն, համբերեն, ձայն չհանեն, ու դա արդարացվում է համբերատարությամբ, խղճով, բայց դա իրականում բռնության հանդուրժման դաշտ է ստեղծում։

«Հասարակությունը պատրաստ չէ իրական ներառման, բայց ամեն ինչ հաշմանդամություն ունեցող անձանցից ենք պահանջում՝ ինտեգրվի, համակերպվի։ Իսկ իրական հարցն է՝ մենք պատրա՞ստ ենք ընդունելու, լսելու, հասկանալու»։

Այս փորձառությունը դարձավ կարևոր շրջադարձ․ ոչ թե պարզապես «դեպքի վերլուծություն», այլ հայելի՝ թե ինչ սխալ ուղերձներ են հաճախ տրվում հենց մասնագետների կողմից՝ երբ չկա գիտելիք հաշմանդամություն ունեցող անձանց առանձնահատկությունների մասին։ Այս գիտելիքի բացակայությունն է, որ հաճախ զոհին թողնում է առանց իրական լուծման։

«Մինչև բոլոր ձայները չլսվեն, ոչ ոք իրականում պաշտպանված չէ», – ամփոփեց նա վերջում՝ կարևորելով ապահով տարածքների առկայությունն ու համանման քննարկումների հնարավորության ապահովումը։

 

Սույն նախաձեռնությունը իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպության ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում։

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Բովանդակության համար պատասխանատվություն են կրում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամն ու «ՄԱԿ Կանայք» կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: