ՔՀԿ-ների կոալիցիաների (ցանցերի) համար հանրային քաղաքականությունների բարելավման, ջատագովության և մշտադիտարկման ենթադրամաշնորհային ծրագիր
Գյուղատնտեսական Դաշինքի մասին
Հայաստանի Գյուղատնտեսական Դաշինքը ստեղծվել է 2011 թվականին և ﬕավորում է գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող 18 հիմնական և 2 ասոցացված ﬕջազգային և տեղական կազմակերպություններ, որոնք համախմբել են իրենց ջանքերն ու փորձը՝ ոլորտում առկա խնդիրների լուծմանն աջակցելու նպատակով:
Այս 7 տարիների ընթացքում Գյուղատնտեսական Դաշինքը մասնակցել է գյուղատնտեսության ոլորտի քաղաքականությունների մշակմանը, իրականացրել է լոբբինգ և փորձագիտական խորհրդատվություն՝ գյուղատնտեսական վարկերի հասանելիության, Հայաստանում գյուղատնտեսական կոոպերատիվների գործունեությունն ու պարենային անվտանգությունը կարգավորող իրավական դաշտի բարելավման ուղղություններով, ինչպես նաև աջակցել է Հայաստանի գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության նախագծի և գյուղատնտեսական այլ ծրագրերի մշակմանը և գենդերային ուղղորդմանը:
Ծրագրի ընդհանուր նպատակը
«Մասնակցային քաղաքականություն՝ կայուն գյուղատնտեսություն» ծրագրի հիմնական նպատակն է նպաստել Հայաստանում գյուղատնտեսության կայուն զարգացմանը` ագրարային քաղաքականության բարելավման միջոցով:
Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է ագրարային քաղաքականության բարելավմանն ուղղված առնվազն յոթ առաջարկությունների ներկայացում, որոնցից առնվազն երկուսը, որպես մշակված հայեցակարգային դրույթներ, կներառվեն գյուղատնտեսության զարգացման պետական քաղաքականության օրակարգում:
Հատուկ նպատակ 1
Հզորացնել Գյուղատնտեսական դաշինքը գյուղատնտեսության ոլորտում արդար մրցակցություն ապահովող քաղաքականության բարելավելավմանը նպաստելու համար
Նախատեսվում է գյուղատնտեսության վարման առանձնահատուկ չորս տարբեր գոտիներ ունեցող ՀՀ 4 մարզերում ավելի քան 100 ֆերմերների (այդ թվում՝ կոոպերատիվների անդամների) ու ոլորտի այլ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացնել տարբեր աշխատաժողովներ, իսկ այնուհետև՝ Երևանում «Ֆերմերների կոնգրես», որի ընթացքում կվերհանվեն ու կքննարկվեն ոլորտի խնդիրները, դուրս կբերվեն առաջնահերթ լուծում պահանջող առնվազն չորս խնդրի լուծման ամենաիրատեսական սցենարները: ՔՀԿ-կառավարություն աշխատանքային խմբի
կողմից կմշակվեն հայեցակարգային փաստաթղթեր կամ դրույթներ (առաջարկություններ), որոնք կներկայացվեն համապատասխան պետական մարմիններին: Պետական քաղաքականության օրակարգում այդ առաջարկությունների ընդգրկմանը և ընդունմանը նպաստելու նպատակով կիրականացվի ակտիվ ջատագովություն, այդ թվում՝ ԶԼՄ-ների հետ աշխատանքի ու տարատեսակ հանրային միջոցառումների միջոցով:
Այդ հատուկ նպատակի ներքո կիրականացվի պետական օժանդակության առնվազն մեկ ծրագրի մոնիտորինգ: Մոնիտորինգի արդյունքում ձևավորված առաջարկությունների ընդունմանն ուղղված ակտիվ ջատագովություն կիրականացվի:
Հատուկ նպատակ 2
Նպաստել գյուղատնտեսական կոոպերատիվների կայացմանը և հզորացմանը, որպես փոքր ֆերմերների ռեսուրսները միավորելու, արդյունավետ օգտագործելու և շուկայում մրցունակություն ապահովելու միջոց:
Հայաստանում գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացմանը խոչընդոտող հիմնախնդիրների համակողմանի ուսումնասիրություն իրականացնելու, ինչպես նաև կոոպերատիվների զարգացմանն ուղղված պետական օժանդակության ծրագրային առաջարկություններ ձևավորելու նպատակով կիրականացվի հետազոտություն:
Արդյունքում կմշակվեն երկու հայեցակարգային փաստաթղթեր: Պետական քաղաքականության օրակարգում այդ առաջարկությունների ընդգրկմանը և ընդունմանը նպաստելու նպատակով կիրականացվի ակտիվ ջատագովություն, այդ թվում՝ ԶԼՄ-ների հետ աշխատանքի ու տարատեսակ հանրային միջոցառումներ:
«Մասնակցային քաղաքականություն՝ կայուն գյուղատնտեսություն» ենթադրամաշնորհային ծրագիրն իրականացվում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում՝ Գյուղատնտեսական դաշինքի անդամ 7 կազմակերպությունների միջոցով:
Իրականացնող կազմակերպություններ
- «ՕքսԵՋեն» Երիտասարդության և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամ
- Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն
- ՎԻՍՏԱԱ Փորձագիտական կենտրոն խորհրդատվական ՀԿ
- ՇԵՆ բարեգործական հասարակական կազմակերպություն
- «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամ
- ՊրոՄեդիա_ Գենդեր ՀԿ
- «Իրազեկ» համայնքների զարգացմանն աջակցող ՀԿ
Եվրոպական Միության ֆինանսավորմամբ գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկերներ` «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ: