Կանանց առաջընթացին նպաստող սոցիալական քաղաքականություն

Սոցիալական քաղաքականության գենդերային զգայունությունը, մայրերին աջակցող սոցիալական ծառայությունների հասանելիությունը կարևորվում են մի կողմից ժողովրդավարական խնդիրների լուծման տեսակետից, մյուս կողմից՝ կանանց առաջընթացի համար հնարավորությունների ապահովման, մասնագիտական կամ քաղաքական կարիերան ընտանեկան պարտականությունների հետ համատեղելու առումով։

«Կանայք քաղաքականության, հանրային կառավարման և քաղաքացիական հասարակության մեջ» ծրագրի շրջանակներում 2023 թվականին իրականացված կանանց աշխատանքային խմբերի հետ մարզային հանդիպումների և փորձագետների հետ քննարկումների արդյունքում առանձնացվել են հետևյալ առաջնահերթությունները

  • Երիտասարդ մայրերի համար սոցիալական ծառայությունների փաթեթի մշակում։

  • Հանրային ծառայությունների պետական առցանց հարթակների հասանելիության ապահովում։
Խնդիր 1․ Երիտասարդ մայրերի համար ծառայությունների պակաս
Իրավիճակի գնահատում

Վիճակագրական տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ ծնելիության աճին ուղղված պետական միջոցառումները բավական արդյունավետ են հատկապես գյուղական բնակավայրերում: Միևնույն ժամանակ ոլորտի փորձագետները նշում են, որ այդ միջոցառումների արդյունքում ծնելիությունն աճում է հիմնականում սոցիալապես անապահով ընտանիքներում, ինչն առանց աջակցող սոցիալական ծառայությունների համակարգի կարող է ունենալ և արդեն իսկ ունենում է կողմնակի բացասական ազդեցություն և սոցիալական ռիսկեր է պարունակում։


Կան ընտանիքներ, որոնք երեխա են ունենում, որ միանվագ նպաստ ստանան՝ 1 մլն, 1,5 մլն, բայց չունեն տնտեսավարման և ծնողավարման բավարար հմտություններ, և գումարը չի ծառայում իր նպատակին՝ երեխայի առողջ զարգացմանն ու սոցիալականացմանը, իսկ ընտանիքը շարունակում է մնալ նույն սոցիալապես խոցելի վիճակում։ Շատ դեպքեր, օրինակներ կան, երբ երեխաները ծնվում են պարտքերը փակելու, խոշոր գնումներ անելու՝ կենցաղային տեխնիկա, ավտոմեքենա և այլն, կամ ընտանիքի այլ տնտեսական խնդիրները լուծելու համար։ Նման ընտանիքներում կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հետ կապված շատ խնդիրներ են առաջանում։

Ծնելիության բարձրացմանն ուղղված միջոցառումները
  • մայրության նպաստ
  • երեխայի ծննդյան միանվագ նպաստ
  • ամսական 50.000 դրամ՝ երրորդ և հաջորդ երեխաների ծննդյան դեպքում
  • մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ
  • գյուղաբնակ ծնողին խնամքի նպաստ

Այդ միջոցառումները դրական ազդեցություն են ունեցել ՀՀ-ում ժողովրդագրական իրավիճակի բարելավման տեսանկյունից․ աճում է ծնելիությունը, աճում է երրորդ և հաջորդ երեխաներ ունենալու միտումը:

Բացահայտված սոցիալական ռիսկերը
  • Կնոջ մարմնի չարաշահում՝ երեխա ունենալու և պետությունից նպաստ ստանալու նպատակով.
  • Երիտասարդ մայրերի սոցիալական խոցելիության բարձրացում.
  • Ընտանեկան հարաբերությունների վատթարացում.
  • Կանանց նկատմամբ հոգեբանական, ֆիզիկական և սեռական բռնություն.
  • Երեխաների նկատմամբ բռնություն և անտեսում.
  • Կանանց կյանքի և առողջության համար ռիսկեր.
  • Երեխաների կյանքի և առողջության համար ռիսկեր.
  • Երեխաների սոցիալական խոցելիության խորացում.
  • Մանկալքություն.
  • Երեխաների սոցիալականացման ընթացքում բացթողումներ։

Լուսանկարները` ՕքսեՋԵնի մարզային հանդիպումներից

Կանանց ձայնը

«
«Ես գիտեմ ընտանիքներ, որոնք չունեն ապրելու տարրական պայմաններ, բայց բերում են 6-րդ երեխային»:

»
«Վերջերս մի կին ահազանգեց, ում ամուսինը բանտում էր, դուրս էր եկել բանտից և ասել էր՝ դու պիտի ունենաս 7-րդ երեխան, որպեսզի ես մեքենա առնեմ»:

«

Կանանց հետ մարզային քննարկումներից

Եզրակացություն

Լուսանկարները` ՕքսեՋԵնի մարզային հանդիպումներից

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Աշխատանքի և սոցիալական հարցերի և առողջապահության նախարարություններին


  • Մշակել յուրաքանչյուր երեխայի ծննդի պարագայում ընտանիքին դրամական աջակցությանը զուգահեռ տրամադրվող սոցիալական աշխատանքի ծառայությունների փաթեթ, որը պետք է ուղղված լինի երեխայի և երիտասարդ մոր իրավունքների պաշտպանությանը և հասանելի լինի յուրաքանչյուր ընտանիքի համար աջակցային ծառայությունների ցանցի միջոցով։
  • Դարձնել ընտանիքին տրամադրվող սոցիալական աշխատանքի ծառայությունները համագործակցային ցանցի մաս, մշակել դրա մեջ մտնող նախակրթարանների, դպրոցների, առողջության առաջնային պահպանման կենտրոնների և այլ կառույցների միջև արդյունավետ համագործակցության ձևաչափ և ընթացակարգեր՝ ԱՍՀՆ-ի կամ մարզպետարանների համակարգմամբ և ԿԳՄՍՆ-ի ու առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ։
  • Պարբերաբար գնահատել և բարելավել նշված կառույցների սոցիալական աշխատանքի ծառայություններ իրականացնելու կարողությունները և ապահովել դրանք անհրաժեշտ նյութատեխնիկական, մարդկային ռեսուրսներով և օժտել արտակարգ իրավիճակներում գործելու լիազորություններով։
Ավելին ․․․
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը
  • Մշակել յուրաքանչյուր երեխայի ծննդի պարագայում ընտանիքին դրամական աջակցությանը զուգահեռ տրամադրվող սոցիալական աշխատանքի ծառայությունների փաթեթ, որը պետք է ուղղված լինի երեխայի և երիտասարդ մոր իրավունքների պաշտպանությանը։
  • Մշակել նախակրթարանների, դպրոցների, առողջության առաջնային պահպանման կենտրոնների և այլ կառույցների միջև արդյունավետ համագործակցության ձևաչափ և ընթացակարգեր՝ ԱՍՀՆ-ի կամ մարզպետարանների համակարգմամբ և ԿԳՄՍՆ-ի ու առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ։
  • Պարբերաբար գնահատել և բարելավել նշված կառույցների սոցիալական աշխատանքի ծառայություններ իրականացնելու կարողությունները և ապահովել դրանք անհրաժեշտ նյութատեխնիկական, մարդկային ռեսուրսներով և օժտել արտակարգ իրավիճակներում գործելու լիազորություններով։
  • Ապահովել ճնշման տակ կամ ռիսկային հարաբերություններում գտնվող կանանց համար գործող հեռախոսային թեժ գծեր, խնդրահարույց իրավիճակի մասին ահազանգման հնարավորություններ, ստեղծել սոցիալական ցանցերում խմբեր, ապահովել ստացված ահազանգերին համարժեք արձագանքելու համար բավարար տեղեկություններ և հմտություններ ունեցող մասնագետներ։
  • Կազմակերպել բյուջեի կառավարման, ֆինանսական գրագիտության և կենցաղավարման պարտադիր դասընթացներ այն ծնողների համար, որոնք սոցիալական աշխատողների կողմից գնահատվել են որպես նման հմտությունների զարգացման կարիք ունեցող։
  • Ամրագրել ընտանիքի անապահովության գնահատման նոր՝ 2024 թվականի մարտից գործարկվող համակարգում վերոնշյալ սոցիալական աշխատանքի ծառայությունների ստացումը և դասընթացներին մասնակցությունը որպես Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների կողմից պետական դրամական աջակցության և նպաստների վճարման նախապայման։
  • Ստեղծել աշխատող մայրերի համար մսուր-մանկապարտեզների ցանց, որտեղ հնարավոր կլինի 1-3 տարեկան երեխաներին թողնել աշխատանքային օրվա ընթացքում։
  • Համալրել համայնքային սոցիալական աշխատողների թիվը, հիմնել մեծ բնակավայրերում համապատասխան սոցիալական աշխատանքի կառույցներ խոցելի ընտանիքներին թիրախային մասնագիտացված սոցիալական աշխատանքի ծառայություններ մատուցելու համար՝ սահմանելով մեկ սոցիալական աշխատողի հաստիք 2000 բնակչի հաշվով հարաբերակցությունը։
  • Իրազեկել կանանց համայնքում գործող ծառայությունների ցանցի մասին (առողջապահության նախարարության, ԿԳՄՍՆ-ի և ՏԿԵՆ-ի հետ համագործակցությամբ):

Առողջապահության նախարարությանը
  •  Ապահովել երիտասարդ մայրերի համար մասնագիտական խորհրդատվության պարտադիր և ամբողջական փաթեթ, ներառյալ հոգեբանական, իրավական, տնտեսական, սոցիալական, բժշկական և վերականգնողական ծառայություններ։
  • Վերագործարկել առողջության առաջնային պահպանման կենտրոններին կից «մայրության դպրոցները», որոնք հղի կանանց բժշկական խորհրդատվությանը զուգահեռ կտրամադրեն նաև ծնողավարման հմտությունների դասընթացներ և սոցիալական աշխատանքի ծառայություններ։
  • Ապահովել ծնողների համար հղիության շրջանում և երեխայի ծննդից հետո երեխայի տարիքային ճգնաժամերով պայմանավորված տարբեր փուլերում ծնողավարման դասընթացներ, որոնք պետք է պարբերական և պարտադիր բնույթ կրեն։
Խնդիր 2․ Հանրային ծառայությունների առցանց հարթակների հասանելիություն կանանց խոցելի խմբերի համար

Չնայած այն առաջընթացին, որն արձանագրվել է աշխարհում հանրային ծառայությունների հասանելիության առումով, հատկապես նոր հավելվածների և ավելի մատչելի հեռախոսների առկայության շնորհիվ, դեռևս առկա են մարտահրավերներ, որոնք պետք է հաղթահարվեն՝ ապահովելու համար, որ կանայք հավասարապես ընդգրկվեն թվային հարթակներում: Հատկապես կանանց խոցելի խմբերի ներկայացուցիչները շարունակում են հետ մնալ տեղեկատվական տեխնոլոգիաների և հանրային ծառայությունների առցանց հարթակները արդյունավետորեն օգտագործելու հնարավորություններից:

Իրավիճակի գնահատում

Հայաստանում ցանկացած հանրային ծառայության օգտատերերի 50 %-ը, իսկ նախակրթական, կրթական, առողջապահական և սոցիալական ծառայությունների ոլորտում՝ ավելի մեծ տոկոսը կանայք են և հանրային ոլորտի փոփոխությունների համատեքստում նրանք ավելի խոցելի են դառնում։ Մասնավորապես, թվայնացման մարտահրավերները կարող են հատկապես ուժեղ արտահայտված լինել կանանց և աղջիկների շրջանում այնպիսի գործոնների պատճառով, ինչպիսիք են տարիքը, հաշմանդամությունը, կրթական մակարդակը, ազգային փոքրամասնության ներկայացուցիչ լինելը, լեզվի չիմացությունը, միգրանտի կամ փախստականի կարգավիճակը և այլն։


Կանանց աշխատանքային խմբերի և փորձագետների հետ թվայնացված հանրային ծառայությունների հարթակների հասանելիության քննարկման ժամանակ հատկապես կարևորվել են կանանց հետևյալ խոցելի խմբերի համար դրանց հասանելիության խոչընդոտները՝

  • տարեցներ.
  • ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ.
  • անտառաճանաչ և անգրագետ մարդիկ.
  • հաշմանդամություն ունեցող անձինք, այդ թվում՝ տեսողության և մտավոր խնդիրներ ունեցող մարդիկ.
  • որևէ սարք և համացանցին հասանելիություն չունեցող ընտանիքների կանայք։
Եզրակացություն

Հանրային ծառայությունների հասանելիության մարտահրավերները հաղթահարելու համար պետական մարմինները պետք է որդեգրեն թվային փոխակերպման ռազմավարական մոտեցում, որը ներառում է հստակ նպատակներ, իրականացման ճանապարհային քարտեզ և շարունակական հաղորդակցություն աշխատակիցների, հաճախորդների և բոլոր այլ շահագրգիռ կողմերի հետ:

Թվայնացման գենդերային բացերի նվազեցմանն ուղղված քաղաքականությունները կզորացնեն կանանց՝ կանխելով և նվազեցնելով գենդերային անհավասարությունը աշխատաշուկաներում և բարելավելով կանանց հանրային ներգրավվածությունը:

Լուսանկարները` ՕքսեՋԵնի մարզային հանդիպումներից

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Մշակել կանանց և աղջիկների թվային գրագիտության բարձրացման միջոցառումներ, որոնք կներառեն կրթական, իրազեկման և կիբեռանվտանգության վերաբերյալ կանանց տարբեր խոցելի խմբերին թիրախավորող դասընթացներ։ Գործընթացը կարող է համակարգել ԿԳՄՍՆ-ն՝ պատվիրակելով դասընթացների պատրաստումն ու անցկացումը ՔՀԿ-ներին։
  • Ժամանակավորապես նախատեսել տարբեր հանրային ծառայություններում սոցիալական օգնականի հաստիք, որը կօգնի և կսովորեցնի հատկապես խոցելի խմբերի քաղաքացիներին օգտվել նոր հարթակներից։
  • Ապահովել հարթակներից (պետական սոցիալական ծառայություններ, գերատեսչությունների կայքէջեր և սոցիալական ցանցեր) տարբեր լեզուներով օգտվելու հնարավորություն՝ եզդիերեն, ռուսերեն, անգլերեն։

Ավելին...

  • Ապահովել հարթակների աուդիոուղեցույցներ, որոնք կբարձրացնեն հարթակների հասանելիությունը թե՛ թույլ տեսողություն ունեցող քաղաքացիների, թե՛ ընթերցել չկարողացող այլ խմբերի համար։
  • Ապահովել հարթակները լուսագրերով, որոնք կբարձրացնեն հարթակների հասանելիությունը թույլ լսող քաղաքացիների համար։
  • Թողարկել ուղեցույցներ, տեսահոլովակներ, որոնք պարզեցված տեսանելի եղանակներով կտրամադրեն ծառայությունների և քաղաքացու քայլերի հաջորդականության վերաբերյալ տեղեկատվություն։
  • Ապահովել հարթակները 24-ժամյա զրուցարաններով, որոնք կաջակցեն քաղաքացուն հարթակից օգտվելու և ծառայությունից օգտվելու ընթացքում։
  • Ապահովել հարթակները բողոքների ընդունման և մշակման պարզեցված համակարգով։


Made on
Tilda