
«Կանայք՝ հանուն տևական խաղաղության» ազգային համաժողովը միավորեց տարբեր շահագրգիռ կողմերի՝ քննարկելու խաղաղության և անվտանգության գործընթացներում կանանց ակտիվ ներգրավվածության հնարավորությունները
Փետրվարի 28-ին տեղի ունեցավ «Կանայք՝ հանուն տևական խաղաղության» ազգային համաժողովը, որը նպատակ ուներ խթանել կանանց ակտիվ ներգրավվածությունը խաղաղության և անվտանգության գործընթացներում։ Համաժողովը հարթակ հանդիսացավ կին առաջնորդների, քաղաքականություն մշակողների և տարբեր ոլորտների մասնագետների համար՝ գաղափարների փոխանակման, համագործակցության խորացման և փորձի փոխանակման համար։
Համաժողովի բացմանը հանդես եկավ ՕքսԵՋԵՆ հիմնադրամի գործադիր տնօրեն Մարգարիտա Հակոբյանը, որը շեշտեց հիմնադրամի արդեն տասնամյա գործունեությունը գենդերային հավասարության և քաղաքականությունների մշակման ուղղությամբ՝ պետական մարմինների հետ համագործակցությամբ։ Նա ընդգծեց, որ համաժողովի թեման հիմնադրամի առաջնահերթությունների շրջանակում է՝ որոշումների կայացման գործընթացում կանանց դերի ամրապնդման և խաղաղաշինական ջանքերի համատեքստում։
Համաժողովի ընթացքում ներկայացվեցին «Կանայք՝ հանուն տևական խաղաղության» ծրագրի արդյունքները, այդ թվում՝ քաղաքականության ամփոփագիրը, որը շեշտադրում էր կանանց ներգրավվածության կարևորությունը խաղաղաշինական գործընթացներում և խաղաղության համաձայնագրերում գենդերազգայուն մոտեցումների կիրառումը։ Պանելային քննարկումների և ինտերակտիվ աշխատաժողովների միջոցով մասնակիցները հնարավորություն ունեցան խորացնելու իրենց գիտելիքները խաղաղարար գործընթացներում կանանց դերակատարաման, հետկոնֆլիկտային վերականգնման գործընթացում գենդերային տրավմաների հաղթահարման ուղիների և գենդերային ներառական խաղաղաշինության գործընթացներում տղամարդկանց և այլ համակիրների ներգրավման վերաբերյալ։
Համաժողովը կազմակերպվել էր ՕքսԵՋԵՆ հիմնադրամի կողմից՝ Նիդերլանդների բազմակուսակցական ժողովրդավարության ինստիտուտի հետ համագործակցությամբ և Միավորված ազգերի կազմակերպության կանանց խաղաղության եւ մարդասիրական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։
Միավորված ազգերի կազմակերպության կանանց խաղաղության և մարդասիրական հիմնադրամի արագ արձագանքման պատուհանը ֆինանսավորման մեխանիզմ է, որը խաղաղության և խաղաղության համաձայնագրերի իրականացման գործընթացներում կանանց ներգրավվածության մակարդակը բարձրացնելու նպատակով և կարճաժամկետ թիրախային աջակցության միջոցով լրացնում է հրատապ ֆինանսավորման բացերը:
Միավորված ազգերի կազմակերպության կանանց խաղաղության և մարդասիրական հիմնադրամը ֆինանսական ճկուն գործիք է՝ աջակցելու արդյունավետ գործողություններին, որոնք ուղղված են տեղացի կանանց կարողությունների զարգացմանը՝ կոնֆլիկտների կանխման, ճգնաժամերի և արտակարգ իրավիճակների արձագանքման և խաղաղաշինության առանցքային հնարավորություններից օգտվելու համար։