
2025 թ․-ի մարտի 5-6-ը Հայաստանում էր Սլովակիայի նախկին վարչապետ Իվետա Ռադիչովան։ Այցի ընթացքում տիկին Ռադիչովան հանդիպումներ ունեցավ տարբեր պետական և ոչ պետական շահակից կառույցների և միջազգային գործընկերների հետ՝ փոխանցելու իր փորձը ժողովրդավարության կայացման և կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում, որը արժեքավոր է Հայաստանում գենդերային հավասարության բարեփոխումների համատեքստում:
Այս այցը կազմակերպվել էր Club de Madrid-ի, Եվրոպական գործընկերություն հանուն ժողովրդավարության (EPD) և ՕքսԵՋեն հիմնադրամի համագործակցության շրջանակում՝ Հայաստանում գենդերային հավասարության և ժողովրդավարական գործընթացներին աջակցելու նպատակով: Նախաձեռնությունը համահունչ է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացվող ՀԱՎԱՍԱՐ – ԵՄ-ն հանուն կանանց իրավազորման Հայաստանում ծրագրի նպատակներին՝ ուժեղացնելով դրա ազդեցությունը Հայաստանում գենդերային բռնության կանխարգելման և որոշումների կայացման գործընթացում նրանց մասնակցության խթանման հարցում:
Այցը նշանավորվեց մարտի 5-ին կայացած «Միավորելով ջանքերը հանուն հավասարության» թեմայով քննարկմամբ, որը միավորեց միջազգային և պետական կառույցների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և ակտիվիստների՝ ներկայացնելու Հայաստանում կանանց իրավունքների ներկա վիճակը և քննարկելու հետագա գործողությունները։
Միջոցառմանն իր բացման խոսքում Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը վերահաստատեց Եվրոպական միության հանձնառությունը՝ ուղղված կանանց իրավազորմանը և հավասար իրավունքների խթանմանը․ «Գենդերային հավասարությունը ոչ միայն սկզբունք է, այլև ժողովրդավարության, կայուն զարգացման և սոցիալական արդարության անհրաժեշտ պայման։ Համատեղ գործողությունների միջոցով մենք կարող ենք իրական և երկարաժամկետ փոփոխություններ իրականացնել Հայաստանի կանանց ու աղջիկների համար»։
«Ինձ համար հավասարությունը նշանակում է հնարավորությունների հավասարություն՝ որպես ժողովրդավարության հիմնասյուն։ Մենք ավելի ուժեղ ենք, երբ ներգրավված ենք համայնքում, կապված ենք մյուսների հետ և ձևավորում ենք, այսպես կոչված, սոցիալական համախմբում։ Սոցիալական համախմբումը վստահություն է հաղորդում, իսկ վստահությունը՝ երջանկություն»․ իր խոսքում նշեց Իվետա Ռադիչովան՝ վերահաստատելով, որ ընտրության ազատությունը մարդու արժանապատվության հիմնասյուներից մեկն է։
ՕքսԵՋեն հիմնադրամի գործադիր տնօրեն Մարգարիտա Հակոբյանն էլ ուշադրություն հրավիրեց քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներգրավման կարևորությանը․ «Շատ կարևոր է, որ հասարակական կազմակերպությունները ակտիվորեն ներգրավված լինեն քաղաքականությունների և օրենքների մշակման նախագծային փուլում, ինչպիսին Գենդերային ռազմավարության շուրջ աշխատանքն էր։ Եվ հենց սա է ժողովրդավարության իսկական ցուցանիշը, թե ինչպես է քաղհասարակությունը ներգրավվում այս գործընթացում»։
Ելույթներին հաջորդեց «Խտրականությունը Հայաստանում. օրենսդրական բարեփոխումների նախադրյալները» թեմայով պանելային քննարկում՝ Եվրոպական գործընկերություն հանուն ժողովրդավարության ՀԿ ներկայացուցիչ Սերժիո Ռոդրիգեզ Պրիետոյի մոդերացմամբ։ Պանելային քննարկման հիմնական խոսնակը Իվետա Ռադիչովան էր, քննարկմանը մասնակցում էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Պարսիլյանը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի ղեկավար Իզաբելլա Սարգսյանը։ Քննարկման ավարտին միջոցառման մասնակիցները հնարավորություն ունեցան կիսվելու իրենց դիտարկումներով և հարցեր ուղղելու բանախոսներին։
Սլովակիայի նախկին վարչապետ Իվետա Ռադիչովան Հայաստան այցի շրջանակում հանդիպումներ է ունեցել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում, ՀՀ Ազգային ժողովում, միջազգային կազմակերպություններում և այլ շահակից կառույցներում։
—————————
Club de Madrid
Քլաբ դե Մադրիդը (Club de Madrid) աշխարհի ամենամեծ ֆորումն է, որը միավորում է նախկին նախագահների և վարչապետների ամբողջ աշխարհից՝ նրանց ղեկավարման փորձն ու գլոբալ ազդեցությունը ծառայեցնելու ներառական ժողովրդավարության ամրապնդմանն ու մարդկանց բարեկեցության բարելավմանը աշխարհի տարբեր երկրներում:
Իվետա Ռադիչովա
Իվետա Ռադիչովան Սլովակիայի նախկին վարչապետն է (2010–2012)։ Սոցիոլոգիայի դոկտոր է և պրոֆեսոր՝ Բրատիսլավայի Կոմենիուսի համալսարանում։ Նախկինում զբաղեցրել է մի շարք կարևոր պաշտոններ՝ լինելով Սլովակիայի խորհրդարանի Սոցիալական հարցերի և բնակարանային ապահովման հանձնաժողովի փոխնախագահ (2006–2009), Սլովակիայի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար (2005–2006), ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովի սոցիալական քաղաքականության փորձագետ։ Նա խորհրդատվություն է տրամադրել տարբեր կառավարությունների սոցիալական և ընտանեկան քաղաքականությունների վերաբերյալ, մասնակցել է Սլովակիայի ԵՄ անդամակցությունից առաջ զբաղվածության և սոցիալական հարցերի ոլորտներում եվրոպական օրենսդրության ներդաշնակեցմանը։ Ներկայումս նա Տրանսեվրոպական տրանսպորտային ցանցի Միջերկրածովյան միջանցքի Եվրոպայի համակարգողն է և Կին առաջնորդների համաշխարհային խորհրդի անդամ է։
Լուսանկարները հասանելի են այս հղմամբ։