
Փետրվարի 7-9-ը անցկացվեց Կանանց փոխաջակցության եռօրյա աշխատարան, որի նպատակն էր աջակցել համայնքների ակտիվ կանանց՝ դիմակայելու գենդերային ապատեղեկատվության հոգեբանական ազդեցությանը։
Գենդերային հարցերը Հայաստանում հաճախ դառնում են ապատեղեկատվության թիրախ, ինչն ազդում է հատկապես հասարակական գործունեությամբ զբաղվող կանանց վրա։ Աշխատարանը միավորեց ավագանու անդամների, համայնքապետարանների աշխատակիցների, ինչպես նաև քաղաքացիական ակտիվություն ունեցող կանանց՝ ստեղծելով քննարկման և փոխաջակցության հարթակ։
Աշխատարանը բաղկացած էր ինչպես տեսական, այնպես էլ գործնական մասերից՝ ապահովելով մասնակիցների ներգրավվածությունն ու փորձի փոխանակումը։
Հիմնական ուղղություններն էին՝
- Գենդերային անհավասարություն և դրա տարածվածությունը հայաստանյան մեդիայում
- Գենդերային ապատեղեկատվության հոգեբանական ազդեցությունը և դրա դեմ դիմակայունության բարձրացում
Մասնակից կանայք քննարկեցին, թե ինչպես են գենդերային կարծրատիպերը և ապատեղեկատվությունը արմատավորվում մեդիայում, ինչպես են դրանք ազդում կանանց վրա և ինչպիսի գործիքներ կարող են կիրառվել դրանց դեմ պայքարելու համար։
Փորձագետ Անի Կոջոյանը` խոսելով աշխատարանի կարևորության մասին նշեց․
«Այս աշխատարանը միտված էր աջակցման ու փոխաջակցման խմբեր ստեղծելուն, և այստեղ շատ կարևոր էր, որ համայնքի տարբեր կին ներկայացուցիչներ էին ներգրավված, այդ թվում նաև տարբեր քաղաքական կուսակցություններից։ Սա հնարավորություն տվեց քննարկելու, որ կանայք երբ որպես մասնագետ թիրախավորվում են, ապա դա կատարվում է հենց այն պատճառով, որ նրանք կին են, և քաղաքական հայացքներն այստեղ որևէ նշանակություն չունեն։ Կարևոր է գիտակցել, որ գենդերային ապատեղեկատվությունը մշտապես օգտագործվում է որպես գործիք, և դրա դեմ պայքարի ամենաարդյունավետ ձևերից մեկը կանանց փոխաջակցության խմբերի ձևավորումն է, որոնք կաջակցեն և կզորացնեն միմյանց»։
Հատկանշական է, որ աշխատարանի արդյունքում ձևավորվեց կանանց փոխաջակցության խումբ, որն առաջիկայում կծառայի որպես տեղեկատվության փոխանակման, խորհրդատվության և համատեղ ջանքերի ներդրման կարևոր հարթակ։
Մասնակիցներից մեկը նույնպես կիսվեց իր տպավորություններով․
«Աշխատարանը հագեցած և բովանդակալից էր՝ կազմակերպված բանիմաց հոգեբանի ուղեկցությամբ։ Այն ոչ միայն հնարավորություն տվեց քննարկելու կարևոր թեմաներ, այլև բացահայտումներ կատարելու համատեղ աշխատանքի ընթացքում։ Ամենաարժեքավորն այստեղ նոր կապերն ու ընկերություններն էին, որոնք ձեռք բերեցինք։ Կիրառված մեթոդները կօգնեն առօրյա դիմակայունության բարձրացման հարցում։
Շնորհակալություն կազմակերպիչներին այս կարևոր հնարավորության համար։ Կցանկանայի, որ նման հանդիպումները շարունակական լինեին»։
Աշխատարանը կազմակերպվել է «Պայքար գենդերային ապատեղեկատվության դեմ․ բարձրացնելով դիմակայունությունը» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է ՕքսԵՋեն հիմնադրամը՝ «Արտեմիս» դաշինք ծրագրի ֆինանսավորմամբ։
Ծրագրի նպատակն է պայքարել Հայաստանում գենդերային ապատեղեկատվության ազդեցության դեմ՝ ներգրավելով մասնավոր հատվածին մեդիայի պատասխանատու ֆինանսավորման գործընթացներում և բարձրացնելով թիրախային խմբերի դիմակայունությունը։