Մայիսի 27-ին ավելի քան 50 գործընկերների, շահագրգիռ կողմերի, շահառուների մասնակացությամբ տեղի ունեցած միջոցառման ընթացքում ամփոփվեցին Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացված «Արտահերթ ընտրություններ 2021. տեղական դիտորդություն և քաղաքացիական հասարակության կողմից քաղաքացիների իրավազորում» ծրագրի արդյունքները։ Անցած մեկ տարվա ընթացքում ծրագիրը նպաստել է Հայաստանի ժողովրդավարական գործընթացների բարելավմանը` խթանելով ընտրական գործընթացներին մասնակցելու հավասար հնարավորությունները։
Միջոցառման մասնակցիներին ողջունեցին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսսը, ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Նունե Հովհաննիսյանը, ՕքսԵՋեն հիմնադրամի գործադիր տնօրեն Մարգարիտա Հակոբյանը։ Միջոցառմանը ներկա էին նաև ծրագրի շահառուներ, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձինք և առաջին անգամ քվեարկած երիտասարդներ, որոնք մասնակցեցին նաև թեմատիկ քննարկումներին։
ՕքսԵՋԵն հիմնադրամի ծրագրերի ղեկավար Կարեն Այվազյանը ներկայացրեց ծրագրի տարբեր բաղադրիչների շրջանակներում գործընկեր կազմակերպությունների ջանքերով արձանագրված արդյունքները, որոնք ընդգրկում են ազդցության լայն շրջանակ՝ վերաբերելով ընտրությունների ընթացքում դիտորդությանը, ընտրական գործընթացներում խոցելի խմբերի ներառմանը, երիտասարդների ներգրավվածությանը, քաղաքականությունների մշակմանը, հանրային իրազեկվածության բարձրացմանը։ Ծրագրի շրջանակներում իրականացվել են, մասնավորապես, հետևյալ գործողությունները.
- Քաղաքացիական հասարակության կողմից իրականացվել է համակարգված վերահսկողություն և մշտադիտարկում 2021 թվականի ՀՀ տեղական և ազգային մակարդակների ընտրություններում։ Մասնավորապես, 1212 վերապատրաստված դիտորդներ դիտորդություն են իրականացրել 1297 ընտրատեղամասերում և 38 տարածքային ընտրական հանձնաժողովներում։ Դիտարկման արդյունքում իրականացվել է համապարփակ վերլուծություն՝ գործընթացի բարելավման նպատակով։
- Գործողություններ են իրականացվել՝ ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց՝ ընտրական գործընթացներում լիարժեք մասնակցելու հնարավորության ապահովմանը։ Մասնավորապես՝ շարժական թեքահարթակներ են տեղադրվել 9 տեղամասային կենտրոններում, վերապատրաստվել է ընտրատեղամասերի հանձնաժողովների 310 անդամ, հաշմանդամություն ունեցող ավելի քան 40 անձ վերապատրաստվել և մասնակցել է դիտորդական առաքելությանը։
«Այնքանով էր այս ծրագիրն ինձ ոգեւորել, ոգեշնչել, տրամադրել, որ որոշակիորեն փոխվել էր սահմանափակ կարողություններով անձ լինելու կարգավիճակը»,- իր խոսքում նշեց ծրագրի շահառու, «Լուսաստղ» ՀԿ-ի անդամ Կարինե Բեկչյանը։
- Իրականացվել է 2 հետազոտություն, որոշում կայացնողներին ներկայացվելու համար մշակվել է քաղաքականության 5 առաջարկ, որոնք վերաբերում են, մասնավորապես, ընտրական գործընթացներում հաշմանդամություն ունեցող անձանց ներառմանը, կանանց ընդգրկվածությանը, ընտրությունների ազդեցությանը շրջակա միջավայրի վրա և այլն։
- Խրախուսվել է երիտասարդների մասնակցությունն ընտրություններին՝ հատուկ ուշադրություն դարձնելով առաջին անգամ քվեարկողներին։ Մասնավորապես՝ ավելի քան 530 ուսուցիչ վերապատրաստվել է աշակերտներին ընտրական և քաղաքացիական կրթության ժամանակակից մեթոդաբանությամբ դասավանդելու ծրագրով, իսկ 8500 աշակերտ մասնակցել է եռօրյա ընտրախաղերի և ավելի հստակ պատկերացել ժողովրդավարական ընտրական ընթացակարգերը, իր իրավունքներն ու պարտականությունները` որպես ընտրող։
«Ծրագիրը իրոք սովորեցրեց մեզ լինել նախաձեռնող և ստեղծարար և կարևորել թիմային աշխատանքը։ Ծրագրի շրջանակներում թերևս ինձ հոգեհարազատն այն գաղափարն էր, որ պետության ապագան կախված է ընտրության ժամանակ յուրաքանչյուրիս ձայնից և ընտրության որակից», – միջոցառման ժամանակ իր ելույթում նշեց Երևանի թիվ 182 ավագ դպրոցի սովորող Վարդան Ումբրեյանը։
- Իրականացվել են հասարակության լայն շերտերի իրազեկվածության բարձրացմանն ուղղված գործողություններ՝ ընտրական գործընթացների և ընտրովի մարմինների դերի ու դրանց վերահսկողության մեխանիզմների վերաբերյալ։ Մասնավորապես՝ 21 երիտասարդ լրագրող վերապատրաստվել է ընտրական գործընթացների լուսաբանման վերաբերյալ, հրապարակվել է շուրջ 115 հաղորդում, հրապարակում, վերլուծական հոդված, ինֆոգրաֆիկա, ընտրողների իրավունքների մասին 8 տեղեկատվական նյութ՝ հոլովակ և գովազդային վահանակ, պատրաստվել է մեդիա մոնիտորինգի 2 զեկույց՝ համապատասխան առաջարկություններով։
Միջոցառման ընթացքում ծրագրի իրականացնող գործընկերների, շահագրգիռ կողմերի, շահառուների մասնակցությամբ տեղի ունեցան քննարկումներ, որոնք վերաբերում էին 2021 թ. ընթացքում Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ դիտարկումներին, ինչպես նաև Հայաստանում ներառական և շրջակա միջավայրի պահպանմանը նպաստող ընտրական գործընթացների խթանմանը։
Ծրագիրն իրականացվել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «ՕքսԵՋեն» հիմնադրամի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի, Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի, ինչպես նաև «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի, «Լուսաստղ» ՀԿ-ի, «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոնի, «Այ Էս Էս Դի» համայնքների կայուն զարգացման նորարարական կենտրոն ՀԿ-ի, «Կանանց տեղեկատվական-վերլուծական ցանց» ՀԿ-ի, «Արար Արտ» ՀԿ-ի համատեղ ջանքերով։
Միջոցառման ամբողջական տեսագրությունը` այստեղ:
Ծրագրի շրջանակներում մշակված քաղաքականության փաստաթղթերը.
- Կանանց ընտրական վարքի առանձնահատկությունները 2021 թ․ Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում
- 2021 թ․ դեկտեմբերի 5-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դիտարկման արդյունքների ամփոփում
- Շիրակի մարզի հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքական և քաղաքացիական իրավունքների իրացումը խթանող առաջարկություններ
- Շիրակի մարզի տեղամասային կենտրոնների մատչելիության գնահատում
- Ընտրություններ և շրջակա միջավայր․ ինչպես նվազեցնել թղթի օգտագործումը կամ ապահովել թափոնների կայուն կառավարում
- Ընտրական գործընթացի օբյեկտիվ և արդյունավետ լուսաբանում․ խնդիրներ և խոչընդոտներ