Հուլիսի 21-ին տեղի ունեցավ Քաղաքացիական հասարակություն – Ազգային ժողով համագործակցության հարթակի հերթական հանդիպումը, որի թեման Հայաստանում գենդերային բռնության հասցեագրումն էր։ Մասնակցում էին Ազգային ժողովի պատգամավորներ և փորձագետներ, կառավարության, ՄԻՊ հաստատության, միջազգային հանրության, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ, գենդերային փորձագետներ, իրավաբաններ։
Բացելով միջոցառումը՝ ՕքսԵՋեն հիմնադրամի գործադիր տնօրեն Մարգարիտա Հակոբյանը նշեց, որ հավաքի նպատակն է քննարկել Հայաստանում ընտանեկան բռնության վիճակագրությունը, խնդրի հասցեագրմանն ուղղված պետական ծրագրերը, ինչպես նաև հարթակ ապահովելու, որ ոլորտում գործող քաղհասարակության կազմակերպությունները ներկայացնեն առաջարկներ՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի, դեպքերի արագ արձագանքման և արդյունավետ կանխարգելման մեխանիզմների բարելավման նպատակով:
Շնորհակալություն հայտնելով նախաձեռնության համար և կարևորելով հարթակի դերը քաղհասարակության և խորհրդարանականների համագործակցության հարցում՝ ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը նշեց․ «Շատ կարևոր և շատ բարդ հարց ենք քննարկելու, որովհետև տարիներ շարունակ մենք խոսում ենք գենդերային բռնության մասին, ընտանեկան բռնության մասին, բայց քիչ ունենք առաջընթաց կամ շոշափելի առաջընթաց, և հիմնական խնդիրն այն է, որ կանայք հաճախ ուղղակի խուսափում են դիմել իրավապահ մարմիններին, և հետևաբար դժվար է լինում բացահայտել և տեղեկանալ՝ ինչ է տեղի ունեցել։ Մեր խնդիրն է հասկանալ՝ ինչ հնարավոր օղակներով է հնարավոր կամ հարկավոր ազդեցություն ապահովել, որ այս խնդիրը կարգավորվի։ Սակայն ամեն դեպքում՝ ջանքերը պետք է կրկնապատկվեն, որովհետև մենք իրավունք չունենք քսանմեկերորդ դարում ունենալ բռնության ենթարկված կանայք»։ Տիկին Թովմասյանը նշեց նաև, որ Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի առաջարկով պատրաստել է օրենսդրական նախաձեռնություն, որով նախատեսվում է պետական տուրքից ազատել ընտանեկան բռնության ենթարկված այն կանանց, որոնք ցանկանում են դիմել դատարան։ «Բռնության ենթարկված քաղաքացուն պետք է հնարավորություն տանք դատական պաշտպանության առանց լրացուցիչ բեռի: Կարծում եմ՝ շատ կարևոր նախաձեռնություն է և հուսամ, որ դրական արձագանք կունենա խորհրդարանի կողմից»,- ասաց նա։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրեց ՄԻՊ հաստատության աշխատանքն ընտանեկան բռնության դեմ պայքարի ուղղությամբ։ Նա ընդգծեց կանխարգելման կարևորությունը և այդ նպատակով նախանշեց մի քանի առաջարկություն, մասնավորապես՝ Քրեական օրենսգրքի բարեփոխման, որը կնախատեսի ընտանեկան բռնության հանցագործությունն ավելի դիպուկ և համապարփակ հասցեագրող հանցակազմ: Պաշտպանը ներկայացրեց նաև կրթական և իրազեկման աշխատանքների կազմակերպման վերաբերյալ առաջարկություններ։ Տիկին Գրիգորյանը հատկապես կարևորեց իրավապահ համակարգերում կանանց ակտիվ մասնակցությունը, կանանց ակտիվ ներգրավումը՝ որպես ընտանիքում բռնության դեպքերի պատշաճ արձագանքի երաշխիքներից մեկը։
ՀՀ ԱԺ պատգամավոր, Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Զարուհի Բաթոյանն անդրադարձավ իր և գործընկեր պատգամավորների կողմից պատրաստվող Ընտանեկան բռնության մասին օրենքի և հարակից օրենքների փոփոխությունների փաթեթին։ «Իհարկե՝ այստեղ դեռ երկար խոսելու ենք, թե ինչ անելիքներ ունենք, քանի որ համապարփակ՝ տարբեր ոլորտների առնչվող խնդիր է, և բոլորն իրենց տեղում անելիք ունեն՝ սկսած ԶԼՄ-ներից, ոստիկանությունից, կրթության ոլորտից և այլն։ Բայց, բնականաբար, ես՝ որպես պատգամավոր, ինքս իմ անելիքը առաջին հերթին տեսնում եմ օրենսդրական փոփոխություններում և ավելին՝ համոզված եմ, որ օրենսդրական փոփոխությունները նաև հիմքն են այդ ամենի, որովհետև փորձը ցույց է տալիս, որ հանրային կրթությունը՝ կրթություն, բայց եթե չկա օրենքով պարտավորություն, չկա օրենքով արգելք կամ խրախուսում, դա կարող է շատ ավելի երկար ժամանակ խլել»,- նշեց տիկին Բաթոյանը՝ ավելացնելով, որ սա միայն կանանց կամ նեղ ընտանեկան խնդիր չէ, այն պետք է դիտել շատ ավելի լայն ազդեցության ոլորտում․ «Ամբողջը փոխկապակցված է, և եթե մենք ուզում ենք ունենալ ուժեղ հասարակություն և պետություն, ապա պետք է նաև բջիջների առողջացման ուղղությամբ աշխատենք»,- ասաց նա։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը համակողմանիորեն ներկայացրեց նախարարության կողմից խնդրի հասցեագրման ուղղությամբ իրականացվող քաղաքականությունն ու գործողությունները։ «Խնդիրները բազմաշերտ ու շատ կարծրատիպերով, հատկապես՝ սոցիալական կարծրատիպերով սնուցված են տարիներ ի վեր, և հետևաբար այդ կարծրատիպերը կոտրելու համար մեկ, երկու, երեք, չորս տարին բավարար չէ՝ շատ երկար աշխատանք ունենք միասին անելու»,- նշեց տիկին Ստեփանյանը՝ կարևորելով քաղաքացիական հասարակության դերակատարումը հատկապես քաղաքականության իրականացման փուլում։ Նա անդրադարձավ, մասնավորապես, նախարարության կողմից պատվիրակված ծառայություններին՝ խոսելով բոլոր մարզերի ապաստարաններին դրամաշնորհային միջոցների տրամադրմանը՝ ընտանիքում բռնության ենթարկված անձանց տարատեսակ (սոցիալ-հոգեբանական, իրավական և այլն) աջակցության ցուցաբերման նպատակով, ինչպես նաև ֆինանսական աջակցության ծրագրին։ Նա նշեց, որ անցյալ տարի 1516 շահառու է անցել նախարարության բոլոր պատվիրակված ծառայություններով, որոնցից 160-ը՝ ապաստարաններում։
Տիկին Ստեփանյանը խոսեց նաև նախարարության կողմից մշակվող՝ սոցիալական պաշտպանության հովանոցային ռազմավարության մասին, որով գենդերային հարցերը և հաշմանդամությանը վերաբերող հարցերը համարվում են խաչվող թեմաներ, որոնք վերաբերելի են ամբողջ հասարակությանը։ «Հովանոցային ռազմավարությունից բխող գործողություններով արդեն մենք կունենանք պատշաճ արձագանք, որովհետև, իմ խորին համոզմունքն է, ու նաև անցյալ տարի գործընկեր կազմակերպությունների հետ արված պիլոտային փոքրիկ էքսպերիմենտի փորձն է ցույց տալիս, որ պաշտպանելուց զատ պիտի նաև զարգացնենք՝ սոցիալ-տնտեսապես ինքնաբավ քաղաքացին ի զորու է պաշտպանել իրեն։ Հետևաբար, այս ոլորտում, որպես նաև կանանց հարցերով զբաղվող լիազոր մարմին, մենք ունենք նաև կանանց կարողությունները սոցիալ-տնտեսական առումով զարգացնելու պարտավորություն, և այս հարցում մեզ կաջակցի կանանց աքսելերատորը, որն արդեն մեկնարկել ենք Էկոնոմիկայի նախարարության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համաֆինանսավորմամբ։
ՀՀ Վիճակագրական կոմիտեի Աշխատանքի վիճակագրության բաժնի պետ Լուսինե Քալանթարյանը ներկայացրեց 2021 թ․ իրականացված Կանանց նկատմամբ ընտանեկան բռնության հետազոտության արդյունքները։ Հետազոտության արդյունքների մասին պատմող հոդվածը այստեղ։
Հետազոտության ամբողջական զեկույցը այստեղ։
Քաղաքացիական հասարակության՝ հանդիպմանը մասնակցող ներկայացուցիչները խոսեցին բռնության դեմ պայքարի, դեպքերի արագ արձագանքման և արդյունավետ կանխարգելման մեխանիզմների առումով իրենց արձանագրած խնդիրների մասին, ներկայացրեցին բարելավման առաջարկություններ։
Նախաձեռնությունն իրականացվում է «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցությամբ, Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության ֆինանսական օժանդակությամբ։
ՔՀԿ-ԱԺ հարթակի նախորդ հանդիպումների մասին՝ այստեղ: