Skip to main content

«Հնարավոր է՝ ես չկարողանամ փոխել ամեն ինչ, բայց ես ամբողջ ջանքերս կներդնեմ՝ փոխելու այն, ինչ կարող եմ»

Երիտասարդները կարևոր դեր ունեն ժողովրդավարության ապագան ձևավորելու և մարդու իրավունքների պաշտպանության գործում։ Նրանց նախաձեռնությունները բերում են իրական փոփոխություններ թե՛ տեղական, թե՛ միջազգային մակարդակներում։
«Երիտասարդները փոփոխության առաջամարտիկներն են, ովքեր կարող են կերտել ավելի լավ ապագա։ Այս ճանապարհը սկսվում է անձնական աճից, գիտելիքների փոխանակումից և գործընկերային կապերի ստեղծումից՝ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային հարթակներում։ Մենք պետք է ամրապնդենք մեր կապերը և աջակցենք միմյանց՝ մեր ընդհանուր նպատակներին հասնելու համար»,
— նշում է Անա Գուրցկայան՝ Երիտասարդների հզորացում հանուն ժողովրդավարության ծրագրի դասընթացի մասնակիցը։

Անայի խոսքերը լիովին արտացոլում են այն գաղափարախոսությունը, որի հիման վրա իրականացվում է «Երիտասարդների հզորացում հանուն ժողովրդավարության Հայաստանում և Վրաստանում» ծրագիրը։ Ծրագրի շրջանակներում 20 երիտասարդ մասնակցել են հնգօրյա կարողությունների զարգացման դասընթացի, որն անցկացվել է ոչ ֆորմալ կրթական մեթոդներով՝ ուսումնասիրելով մարդու իրավունքների, ժողովրդավարական կառավարման և շահերի պաշտպանության թեմաները՝ քաղաքացիական հասարակության նեղացող տարածքի համատեքստում։ Դասընթացը հիմնված էր «Վերականգնելով քաղաքացիական հասարակության տարածքը երիտասարդների համար» ձեռնարկի վրա, որի համահեղինակն է ՕքսԵՋեն հիմնադրամի ծրագրերի ղեկավար Կարեն Այվազյանը։

«Երիտասարդների հետ արդյունավետ աշխատանքը պահանջում է երկարաժամկետ և շարունակական մոտեցում՝ կայուն արդյունքների հասնելու համար։ Երբ ձեռնարկը ստեղծում էինք, չէի պատկերացնում, որ այն հետագայում կդառնա նոր ծրագրի հիմք։ Միջազգային համագործակցության արդյունքում ծրագիրը հնարավորություն տվեց երիտասարդներին նախ մասնակցելու առցանց թեմատիկ դասընթացին, որը մշակվել էր ձեռնարկի հիման վրա։ Այս փուլը նրանց ապահովեց մարդու իրավունքների և ժողովրդավարության վերաբերյալ հիմնարար գիտելիքներով, ինչը կարելի է դիտարկել որպես ծրագրի հավելյալ արժեք», — ընդգծում է Այվազյանը։

-Մասնակիցներից մեկը՝ Մարի Դավթյանը, իր տպավորությունները ներկայացրել է հետևյալ կերպ․ «Թեև մենք կարող ենք տարբեր լինել մյուս ժողովուրդներից, երիտասարդներն ամենուր բախվում են նմանատիպ խնդիրների։ Այդ խնդիրները քննարկելով՝ մենք կարող ենք համատեղ լուծումներ մշակել։ Մարդու իրավունքների թեմայով բազմաթիվ նոր բացահայտումներ արեցի ինձ համար։ Հետաքրքիր էր նաև անգլերեն դատախաղին մասնակցելը և գիտակցելը, թե որքան կարևոր է հանրային խոսքի զարգացումը՝ մասնագիտական գիտելիքների հետ մեկտեղ»։

Դասընթացից բացի՝ ծրագիրը հնարավորություն տվեց երիտասարդներին մշակել համատեղ քաղաքացիական նախաձեռնություններ, անցնել երկամսյա մենթորային ծրագիր և մասնակցել ուսումնական այցի Վրաստանում՝ խթանելով հայ և վրաց երիտասարդ առաջնորդների համագործակցությունը, փոխադարձ ուսուցումն ու վստահությունը։
Առաջիկա ամիսներին ծրագրի մասնակիցները կիրականացնեն իրենց տեղական նախաձեռնությունները, որոնք նպատակ ունեն ներգրավել ավելի շատ երիտասարդների՝ մարդու իրավունքների և ժողովրդավարության գաղափարների տարածման գործընթացում։ Ծրագիրը կավարտվի տարեվերջին՝ տարածաշրջանային համաժողովով, որի ընթացքում երիտասարդները կներկայացնեն իրենց ձեռքբերումները, կկիսվեն փորձով և կներկայացնեն առաջարկությունների փաթեթ՝ Հայաստանում և Վրաստանում քաղաքացիական հասարակության զարգացման, մարդու իրավունքների և ժողովրդավարության խթանման նպատակով։

Ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից՝ համագործակցությամբ Գորիի երիտասարդական կենտրոնի (Վրաստան) և Նոր ժողովրդավարության հիմնադրամի աջակցությամբ։