Առաջին Հանրապետության խորհրդարանի (1919-1920) կին պատգամավոր, բժշկուհի:
1919 թվականին, երբ աշխարհի շատ երկրներում կանայք դեռ պայքարում էին ընտրվելու իրավունք ստանալու համար, Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանում 3 կին պատգամավոր կար։ Նրանցից մեկն էր ՀՅԴ անդամ Կատարինե Զալյան-Մանուկյանը:
Կատարինե Զալյան-Մանուկյանը եղել է բժշկուհի՝ նվիրվելով որբերի ու գաղթականների օգնության գործին, նա օր ու գիշեր պայքար է մղել համաճարակների դեմ: Որբանոցներից մեկում էլ հանդիպեց ապագա ամուսնուն՝ Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիրներից մեկին՝ Արամ Մանուկյանին:
1917 թվականին Երևանում նրանք ամուսնացան, սակայն ամուսնական կյանքը շատ կարճ տևեց, քանի որ 1919-ի հունվարի 29-ին, երբ իրենց դուստրը՝ Սեդա Մանուկյանն ընդամենը չորս ամսական էր, Արամը մահացավ բծավոր տիֆից:
1919 թ. հունիսի 4-ին Կատարինեն Հայաստանի առաջին խորհրդարանի երկրորդ գումարման պատգամավոր ընտրվեց: Աշխատում էր Առողջապահության հանձնաժողովում: Առաջին Հանրապետության անկումից հետո երիտասարդ այրու զրկանքներին գումարվեցին խորհրդային իշխանության կողմից քաղաքական հետապնդումները: Նրան ազատեցին աշխատանքից և վտարեցին բնակարանից, և նա, երեխան գրկին, ապաստանեց քրոջ մեկ սենյականոց բնակարանում, ապա մեկնեց Կրասնոդար՝ ամուսնու ազգականների մոտ:
1927 թուականին, երբ Հայաստանը մասնագետ բժիշկների խիստ կարիք էր զգում, նա վերադառնում է Երևան և կրկին նվիրվում բժշկությանը՝ ապրելով դստեր հետ ծայրահեղ դժվարին պայմաններում: Մահացել է 1965 թվականին:
«Մայրս կրթված, ազնիվ, իր գործին, իր մասնագիտությանը նվիրված անձնավորություն էր: Առավոտյան գնում էր աշխատանքի, ճաշին գալիս, ինձ կերակրում, ապա նորից դուռը ինձ վրա փակում, գնում մի ուրիշ աշխատանքի: Դա էր նրա ամբողջ կյանքը…»
Սեդա Մանուկյանի հուշերից