Նորություններ

Կատարինե Զալյան-Մանուկյան (մահ. 1965)

By 19/03/2020July 16th, 2020No Comments

Առաջին Հանրապետության խորհրդարանի (1919-1920) կին պատգամավոր, բժշկուհի:

1919 թվականին, երբ աշխարհի շատ երկրներում կանայք դեռ պայքարում էին ընտրվելու իրավունք ստանալու համար, Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանում 3 կին պատգամավոր կար։ Նրանցից մեկն էր  ՀՅԴ անդամ Կատարինե Զալյան-Մանուկյանը:

Կատարինե Զալյան-Մանուկյանը եղել է բժշկուհի՝ նվիրվելով  որբերի ու գաղթականների օգնության գործին, նա  օր ու գիշեր պայքար է մղել համաճարակների դեմ:  Որբանոցներից մեկում էլ հանդիպեց ապագա ամուսնուն՝ Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիրներից մեկին՝  Արամ Մանուկյանին:

1917 թվականին Երևանում նրանք ամուսնացան, սակայն ամուսնական կյանքը շատ կարճ տևեց, քանի որ 1919-ի հունվարի 29-ին,  երբ իրենց  դուստրը՝ Սեդա Մանուկյանն ընդամենը չորս ամսական էր, Արամը մահացավ բծավոր տիֆից:

1919 թ. հունիսի 4-ին Կատարինեն Հայաստանի առաջին  խորհրդարանի երկրորդ գումարման պատգամավոր  ընտրվեց:  Աշխատում էր Առողջապահության հանձնաժողովում: Առաջին Հանրապետության անկումից հետո երիտասարդ այրու զրկանքներին գումարվեցին խորհրդային իշխանության կողմից քաղաքական հետապնդումները: Նրան ազատեցին աշխատանքից և վտարեցին բնակարանից, և նա, երեխան գրկին, ապաստանեց քրոջ մեկ սենյականոց բնակարանում, ապա մեկնեց Կրասնոդար՝ ամուսնու ազգականների մոտ:

1927 թուականին, երբ Հայաստանը մասնագետ բժիշկների խիստ կարիք էր զգում, նա վերադառնում է Երևան և կրկին նվիրվում  բժշկությանը՝ ապրելով դստեր հետ ծայրահեղ դժվարին պայմաններում: Մահացել է 1965 թվականին:

«Մայրս կրթված, ազնիվ, իր գործին, իր մասնագիտությանը նվիրված անձնավորություն էր: Առավոտյան գնում էր աշխատանքի, ճաշին գալիս, ինձ կերակրում, ապա նորից դուռը ինձ վրա փակում, գնում մի ուրիշ աշխատանքի: Դա էր նրա ամբողջ կյանքը…»

Սեդա Մանուկյանի հուշերից  

Leave a Reply