
Նոյեմբերի 27-ին «ՀԱՎԱՍԱՐ – ԵՄ-ն հանուն կանանց իրավազորման Հայաստանում» ծրագրի շրջանակում տեղ ունեցավ ծրագրի ամփոփիչ միջոցառում-համաժողովը՝ «ՀԱՎԱՍԱՐ․ ձեռքբերումներից՝ դեպի կայուն առաջընթաց» խորագրով: Միջոցառման ընթացքում գործընկեր կառույցները և ծրագրի մասնակիցները ներկայացրեցին ծրագրի իրականացման երեք տարիների ընթացքում արձանագրած արդյունքները և քարտեզագրեցին հետագա քայլերը գենդերային հավասարության ոլորտում։
«Այս ծրագիրը ստեղծվել է մեկ նպատակի համար՝ կանգնել գենդերային բռնության, խտրականության և անհավասարության բոլոր ձևերի կանխարգելման առաջնագծում՝ խթանելով հավասար հնարավորություններ կանանց, տղամարդկանց, աղջիկների և տղաների համար ամբողջ երկրում»,- ողջույնի խոսքում նշեց ՕքսԵՋեն հիմնադրամի գործադիր տնօրեն Մարգարիտա Հակոբյանը։
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը իր ելույթում ևս ընդգծեց ծրագրի իրականացման կարևորությունը, գործընկերային մոտեցումն ու ձեռքբերումները և վերահաստատեց ԵՄ հանձնառությունը՝ աջակցելու կանանց իրավունքների և գենդերային հավասարության ոլորտում իրականացվող նախաձեռնություններին:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը շեշտադրեց վերջին տարիներին կառավարություն-ՔՀԿ համագործակցության և համատեղ համակարգված աշխատանքների որակն ու կարևորությունը՝ ընդգծելով ՕքսԵՋեն հիմնադրամի և գործընկերների ներդրումը ոլորտային քաղաքականությունների ու ռազմավարությունների մշակման և իրականացվող բարեփոխումների մեջ։
ՕքսԵՋեն հիմնադրամը շարունակում է աշխատել գործընկերների հետ՝ կառուցելու անվտանգ, ներառական և արդար հասարակություն, որտեղ բոլորի ձայնը լսելի է, և յուրաքանչյուր մարդ ապրում է բռնությունից ու խտրականությունից զերծ կյանքով։
Հաջորդիվ կանդրադառնանք ծրագրի ձեռքբերումներին և այն փոփոխություններին, որոնք արձանագրվել են ծրագրի իրականացման ընթացքում՝ ձևավորելով երկարաժամկետ ազդեցություն անհատական, համայնքային և ազգային մակարդակներում։
_____________
«ՀԱՎԱՍԱՐ – ԵՄ-ն հանուն կանանց իրավազորման Հայաստանում» ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, «Եվրոպական գործընկերություն հանուն ժողովրդավարության» ՀԿ-ի, «Նիդեռլանդների հելսինկյան կոմիտե» ՀԿ-ի, «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի, «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի կողմից, «Վիննեթ Շվեդիա» ՀԿ-ի հետ համագործակցությամբ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: