Skip to main content
Լուրեր

Նոր մոտեցում՝ ընտանեկան բռնության մասին խոսելու համար

Խախտել լռությունը, կոտրել խարանը, փոխել վերաբերմունքը և ստեղծել ապահով միջավայր ընտանեկան բռնության մասին բաց ու աջակցող քննարկումների համար

Լուսանկարը՝ ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպություն

«Մեր հասարակության մեջ ընդունված է ասել՝ սպանել են, ուրեմն մի բան արել է։ Սա պետք է արմատապես փոխել մեր մտածողության մեջ բռնարարի արարքն արդարացնելու նման փորձերն ուղղակի անթույլատրելի են»։ /վարժանքի մասնակից/

Այս անգամ «Լինել նրա տեղում» վարժանքը տեղի ունեցավ Աշտարակում, որին մասնակցեցին ուսուցիչներ, ակտիվ երիտասարդներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։

Վարժանքը հնարավորություն տվեց մասնակիցներին դերային խաղի միջոցով անցնել բռնության ենթարկված կանանց ճանապարհով և խմբային քննարկմամբ բացահայտել կարծրատիպային մոտեցումների, ռեսուրսների և աջակցման մեխանիզմների բացակայության ազդեցությունը բռնության ենթարկված կանանց վրա։

«Վարժանքի հիմնական նպատակը այն չէ, որ մասնակիցներն իրազեկվեն ընտանեկան բռնության մասին, այլ որ փոխեն իրենց վերաբերմունքը և անտարբեր չլինեն, երբ ականատես են լինում բռնության դեպքերի․ որևէ կերպ չարդարանցնեն բռնությունն ու չմեղադրեն բռնության զոհին»։ /Կարեն Այվազյան, ՕքսԵՋեն հիմնադրամի ծրագրերի ղեկավար/

Վարժանքներն իրականացվում են Հայաստանի վեց մարզերում՝ Արարատ, Արագածոտն, Գեղարքունիք, Շիրակ և Վայոց ձոր և միտված են հասնել առնվազն 800 մասնակցի՝ տարբեր ոլորտների ներկայացուցիչների։ Վարժանքներն իրականացվում են մարզերում գործող կանանց աջակցման կենտրոնների և կանանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ համագործակցաբար։ Սա դասընթացի մասնակիցների համար ապահովում է հետագա աջակցություն ստանալու մեխանիզմներ, եթե դրա կարիքը առաջանա։

Սույն նախաձեռնությունը իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպության ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում։

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Բովանդակության համար պատասխանատվություն են կրում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամն ու «ՄԱԿ Կանայք» կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: