Մարտի 9-10-ին «ՕքսԵՋեն» հիմնադրամը մասնակցեց Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի (IWPR) կողմից կազմակերպված «Կանայք, խաղաղություն և անվտանգություն օրակարգը Հայաստանում. քաղաքականությունից մինչև գործնական քայլեր» երկօրյա միջոցառմանը։ Միջոցառումն իրականացվել է «Արևելյան գործընկերության երկրների կայունության բարձրացում» ծրագրի շրջանակներում:
Կանանց ձայնը՝ որպես անվտանգության երաշխիք
Միջոցառման մեկնարկին տեղի ունեցած պանելային քննարկման ժամանակ «ՕքսԵՋեն» հիմնադրամի գործադիր տնօրեն Մարգարիտա Հակոբյանը, անդրադառնալով այժմ ընթացող աշխարհաքաղաքական իրադարձություններին, նշել է, որ կանանց առաջնորդությունը անվտանգության ոլորտում օրվա հրամայական է դարձել:
«Այսօր աշխարհում և տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները ստիպում են մեզ վերանայել մեր մոտեցումները։ Կանանց ներգրավվածությունը խաղաղության և անվտանգության հարցերում օրհասական հրամայական է դարձել։ Այնտեղ, որտեղ բացակայում է կանանց ձայնը, աշխարհը կանգնում է անդառնալի սպառնալիքների առաջ։ Կանայք պետք է ոտքի կանգնեն ընդդեմ միլիտարիզացիայի», – ընդգծել է Մարգարիտա Հակոբյանը։
«Ուժը գործողության մեջ»․ Գործնական քայլեր և արդյունքներ
Միջոցառման երկրորդ օրը նվիրված էր գործնական ծրագրերի ներկայացմանը։ «ՕքսԵՋեն» հիմնադրամի Վերապատրաստումների և ցանցի համակարգող Նարինե Ասատրյանը մանրամասն ներկայացրեց «Ուժը գործողության մեջ․ կանանց մասնակցության խթանում խաղաղության և անվտանգության գործընթացներում Հայաստանում 3.0» ծրագիրը։
Ներկայացվեցին ծրագրի ընթացիկ աշխատանքներն ու արդեն իսկ արձանագրված հաջողությունները, որոնք ուղղված են կանանց դերի հզորացմանը և նրանց ներուժի իրացմանը՝ որպես խաղաղության հաստատման գործուն դերակատարների:

