Skip to main content
Նորություններ

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների բաց նամակը ՀՀ Ազգային ժողովի կին պատգամավորներին

By 16/11/2021No Comments

Ազգային ժողովի հարգելի պատգամավորներ,

2020թ․ սկզբից աշխարհը պայքարում է կորոնավիրուսային համավարակի դեմ, որն արդեն իսկ խլել է ավելի քան 5 միլիոն մարդու կյանք: Հայաստանում այս համավարակից մահացել են ավելի քան 6000 քաղաքացիներ և այդ թիվը տասնյակներով աճում է ամեն օր։ Կորոնավիրուսի նոր շտամերը խոցելի են դարձրել նաև երեխաներին ու երիտասարդներին։ Հայաստանում 100-ից ավել հղի կին հոսպիտալացվել է հիվանդության ծանր ընթացքի պատճառով: Արդեն իսկ գրանցվել են հղի կանանց և երեխաների մահվան դեպքեր։
Համաշխարհային աղետ հանդիսացող այս համավարակը չի տարբերակում տարիք, սեռ, ռասայական և էթնիկ պատկանելություն, առավել ևս քաղաքական հայացքներ։ Դրա դեմ պայքարը ողջ մարդկության և յուրաքանչյուր երկրում ողջ հասարակության ջանքերի կոնսոլիդացում է պահանջում:
Աշխարհի խորհրդարաններում կանանց բարձր ներկայացվածությունը սոցիալական և առողջապահական հանրօգուտ քաղաքականության գլխավոր երաշխիքներից է, և կին պատգամավորները կարող են դառնալ այս համավարակի դեմ պայքարի առաջամարտիկներ:
Այս համատեքստում կենսականորեն անհրաժեշտ է, որպեսզի ՀՀ Ազգային ժողովում ներկայացված կանայք՝ անկախ քաղաքական հայացքներից, միավորվեն հանուն հանրային առողջության պահպանման ու վերականգնման ջատագովության։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և մասնագետները պնդում են, որ համավարակի տարածման կանխարգելման ու հիվանդության թեթև ընթացքի միակ արդյունավետ մեխանիզմը պատվաստումն է։ Հետևաբար, վստահ ենք, որ այս պահին համավարակի դեմ պայքարը և պատվաստումների ջատագովությունը պիտի դառնա նաև Ձեր պատգամավորական գործունեության գլխավոր առանցքը:

Հաշվի առնելով կորոնավիրուսային համավարակի ահագնացող ազդեցությունը և Հայաստանում դրա դեմ պատվաստման առկա մտահոգիչ ցածր ցուցանիշները, դիմում ենք ձեզ կորոնավիրուսային հիվանդության և պատվաստումների վերաբերյալ ապատեղեկատվության դեմ պայքարելու հարցում ձեր ջանքերը միավորելու և հանդես գալու միասանական նախաձեռնությամբ:

Մասնավորապես, ակնկալում ենք, որ դուք.

• Օգտագործեք Ձեր հեղինակությունը պատվաստումների անհրաժեշտության վերաբերյալ հանրության իրազեկվածությունը բարձրացնելու համար;
• Օգտագործեք Ձեզ հասանելի բոլոր ամբիոններն ու լսարանները՝ հորդորելու ձեր թիմակիցնեին, ձեզ ընտրողներին, ձեր աջակիցներին պատվաստվել և նպաստել համավարակի դեմ պայքարին;
• Կազմակերպեք քարոզչական բնույթի միջոցառումներ և իրազեկեք ձեր ընտրողներին իրենց իսկ համայնքներում կորոնավիրուսային համավարակի դեմ պատվաստումների հասանելիության վերաբերյալ:

Մենք՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս, պատրաստ ենք միանալու ձեզ հանրային առողջության պահապանմանն ուղղված նախաձեռնություններում, քանի որ այս հարցի անտեսումն ու երկրորդայնացումն ամեն օր տասնյակ կյանքեր է արժենում։

 

Բաց նամակին են միացել հետևյալ հասարակական կազմակերպությունները․

ՕքսԵՋեն հիմնադրամ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

«Սոսե կանանց հիմնահարցեր» ՀԿ

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ

Կանանց Աջակցման Կենտրոն ՀԿ

Ժուռնալիստների «Ասպարեզ» Ակումբ ՀԿ

«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ

«Կանանց տեղեկատվական-վերլուծական ցանց» ՀԿ

Վիննեթ Հայաստան կանանց ռեսուրս կենտրոնների ցանց

ԵՊՀ գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոն

«Փինկ» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն

Կանանց ռեսուրսային կենտրոն

«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց պաշտպանության կենտրոն ՀԿ

«ԱՆԳԵԼ» ՀԿ

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ