Skip to main content

«Կանանց հզորացում՝ հանուն Հայաստանի ժողովրդագրական դիմակայունության» նախաձեռնության շրջանակներում կարողությունների զարգացման դասընթացներ անցած կանայք, ովքեր ցանկանում են վերադառնալ աշխատանքի կամ առաջին քայլերն են անում աշխատաշուկայում, հանդիպեցին Երևանի գործատուների հետ։ Այս հանդիպումը դարձավ ոչ միայն տեղեկատվական հարթակ, այլ իրական կամուրջ՝ կանանց փորձի, հմտությունների և առկա հնարավորությունների միջև։ 

Փետրվարի 11-ին և 12-ին Երևանում կայացած հանդիպումը կազմակերպել էինք «ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիայի» հետ համագործակցությամբ։ Հանդիպումը ստեղծել էր անվտանգ և բաց միջավայր, որտեղ երկխոսությունն ու միմյանց կարիքներին ծանոթանալը նույնքան կարևոր է, որքան՝ աշխատանքային առաջարկներն ու հնարավոր համագործակցությունները: 

«ՕքսԵՋեն» Հիմնադրամի գործադիր տնօրեն Մարգարիտա Հակոբյանը բացման խոսքում ընդգծեց նմանատիպ հարթակների կարևորությունը։ Նրա խոսքով՝ արդյունավետ համագործակցությունը սկսվում է առաջին հերթին միմյանց լսելուց․ կարևոր է բացահայտել ինչպես աշխատանք փնտրող կանանց, այնպես էլ գործատուների իրական կարիքները անկեղծ զրույցների և քննարկումների միջոցով։  

Երևանի խմբի կանայք հանդիպմանը ներկա գործատուներին ներկայացրին ոչ միայն իրենց մասնագիտական հմտությունները, այլև՝ իրենց սոցիալական կարգավիճակն ու առանձնահատկությունները։ Նրանց թվում էին միայնակ մայրեր, իրենց խնամքի տակ մեծահասակների ունեցող կանայք, Արցախից բռնի տեղահանվածներ, մայրական արձակուրդում գտնվող կանայք։  

Այս պատմությունները չներկայացվեցին որպես խոչընդոտ, այլ որպես փորձառություն, որը ձևավորել է պատասխանատվություն, դիմակայունություն և բազմակողմանի կարողություններ։ Այս կետին կանայք հանգել էին կարողությունների զարգացման դասընթացների ժամանակ, երբ դասընթացավարները ամեն հերթական հանդիպմանը ընդգծում էին իրենց փորձառության և դրանց հետ հաշվի նստելու կարևությունը: 

Հանդիպման ընթացքում կանայք կիրառեցին այն գիտելիքներն ու գործնական հմտությունները, որոնք ձեռք էին բերել հոգեբանական աջակցության, մարդկային ռեսուրսների կառավարման և կարիերայի պլանավորման դասընթացների շրջանակում։ Սիմուլյացիոն հարցազրույցների փորձը նրանց հնարավորություն էր տվել հաղթահարել ներքին կաշկանդումները։ Արդյունքում, իրական գործատուների հետ դեմառդեմ հանդիպման ժամանակ նրանք հստակ, կառուցվածքային և ինքնավստահ ներկայացնում էին իրենց կարողությունները, փորձառությունը և մասնագիտական ուղղվածության տեսլականը։ 

«ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիայի» համահիմնադիր, խորհրդի նախագահ Հակոբ Ավագյանը, ներկայացնելով գործատուներին, միաժամանակ փորձում էր հնարավորինս օպերատիվ ձևով կապ հաստատել պոտենցիալ աշխատակիցների և գործատուների միջև։ Նրա ներգրավվածությունն ապահովեց գործնական, շոշափելի արդյունքներ: 

 

Գործատուները կանանց հետ կիսվեցին իրենց անձնական և մասնագիտական ճանապարհով՝ ընդգծելով, որ շատերն իրենց գործունեությունը սկսել են զրոյից։ Նրանց խորհուրդները պարզ էին, բայց՝ հիմնարար․ լինել պրոակտիվ, ցուցաբերել հետաքրքրվածություն, չսպասել միայն առաջարկներին, լինել նախաձեռնող։ Նրանցից մեկը նշվեց, որ հաճախ գործատուների համար որոշիչ է ոչ այնքան աշխատանքային փորձը, որքան՝ մարդու մոտիվացիան, սովորելու պատրաստակամությունն ու պատասխանատվության զգացումը։ 

Քանի որ հանդիպմանը ներկա էին նաև կրթական հաստատությունների ներկայացուցիչներ, քննարկումները չսահմանափակվեցին միայն աշխատանքի ձեռքբերման հարցերով։ Կանայք հետաքրքրվեցին վերապատրաստման և նոր մասնագիտություն ձեռք բերելու հնարավորություններով: Նրանք ձեռք բերեցին նախնական պայմանավորվածություններ հետագա կրթական ծրագրերի մասնակցության վերաբերյալ։  

Ծանոթություններին և կառուցվածքային քննարկումներին հաջորդեց ոչ ֆորմալ շփման հատվածը։ Անմիջական զրույցները հնարավորություն տվեցին կողմերին առավել բաց և մարդկային մակարդակում ճանաչել միմյանց, հասկանալ ակնկալիքներն ու սահմանափակումները, ձևավորել վստահություն։ 

Հանդիպման ավարտին ծրագրի մասնակից կանայք ընդգծեցին, որ առանց այս նախաձեռնության դժվար թե ունենային աշխատանքային ընտրության նման բազմազանություն և տարբեր ոլորտների մասնագետների հետ առերես շփման հնարավորություն։ Նրանց համար սա դարձավ ոչ միայն աշխատանքի որոնման, այլ նաև ինքնավստահության վերականգնման փորձառություն։ 

Գործատուները, իրենց հերթին, առաջարկեցին ստեղծել օնլայն հարթակ՝ հետագա կապը պահպանելու և նոր հնարավորությունների մասին տեղեկատվությունը համակարգված կերպով տարածելու նպատակով։  

Հանդիպումներին կհաջորդեն մի քանի շաբաթ տևողությամբ աշխատանքային պրակտիկաներ, որոնք կիրականացվեն ծրագրի մասնակից կանանց անհատական կարիքներից և մասնագիտական ուղղվածությունից ելնելով։ Այս փուլը, բացի աշխատանքային փորձ ձեռք բերելուց, միտված է նաև աշխատաշուկայում կայուն ներգրավվածության ապահովմանը։ 

Այս նախաձեռնությունը ցույց է տալիս, որ ժողովրդագրական դիմակայունությունն առաջին հերթին մարդկանց մասին է՝ նրանց ընտրությունների, հնարավորությունների և արժանապատիվ աշխատանքի հասանելիության։ 

Նախաձեռնությունն իրականացնում է «ՕքսԵՋեն» հիմնադրամը՝ «Ժողովրդագրական դիմակայունություն․ կանանց կարողությունների և հնարավորությունների ընդլայնում տվյալահենք քաղաքականությունների միջոցով» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից Միացյալ Թագավորության կառավարության ֆինանսական աջակցությամբ։