Skip to main content
Լուրեր

«Ես կին եմ» առաջին միջոցառումը՝ Գորիսում

Գորիսի պետական դրամատիկական թատրոնի փոքր դահլիճը ապրիլի 30-ին լեփ-լեցուն էր․ շուրջ 100 հոգի՝ համայնքի առողջապահական, կրթական հաստատությունների, քաղաքացիական հասարակության, ոստիկանության ներկայացուցիչներ, պարզապես՝ գորիսեցիներ հավաքվել էին՝ մասնակցելու «Ես կին եմ» քարոզարշավի առաջին միջոցառմանը։ ՕքսԵՋեն հիմնադրամի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) կողմից իրականացվող քարոզարշավը նպատակ ունի նպաստել կանանց իրավազորմանը, Հայաստանում խտրական սոցիալական նորմերի և վնասակար գործելակերպերի հաղթահարմանը, կանանց ու տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովմանը։

«Ներկայացումը, որն այսօր դիտելու ենք, վերաբերում է թեմաների, որոնց մասին սովորաբար խուսափում ենք խոսել։ Սակայն դրանք թեմաներ են, որոնց կարող ենք առնչվել յուրաքանչյուրս։ Խոսքը բռնության մասին է, ընդ որում՝ ոչ միայն ֆիզիկական բռնության, այլև հոգեբանական, տնտեսական բռնության»,- ողջույնի խոսքում ասաց ՄԱԲՀ ծրագրի ղեկավար Զարուհի Տոնոյանը։ «Շատ հաճախ մարդիկ խուսափում են այս խնդիրները բարձրաձայնելուց՝ մտածելով, որ միևնույն է՝ բան չի փոխվելու։ Բայց երևույթը կա, և յուրաքանչյուրս ունենք անելիք, որ այս երևույթները մեր հասարակության մեջ տեղ չունենան»,- նշեց նա։

Ներկայացումը դատարանի առջև կանգնած երեք կանանց մենախոսություն է՝ հիմնված իրական փաստերի վրա: Տարբեր բնավորություններով, սոցիալական տարբեր հենք ունեցող այդ կանայք ընտանեկան բռնության զոհեր են, որոնց դատում են հանցագործության համար․ նրանցից մեկն այդ քայլին գնացել է երեխային շահագործումից փրկելու համար, մյուսը՝ փրկելով դեռ չծնված երեխային, երրորդը՝ այլևս չդիմանալով նվաստացմանը։

«Երեք պատմությունն էլ իրական են, երեքի հետ էլ առնչվել եմ, ու ցավոք այս պատմությունները եզակի չեն»,- նշեց հոգեբան, ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանը, որը վարում էր ներկայացմանը հաջորդող քննարկումը դերասանների և հանդիսատեսի մասնակցությամբ և ներկաներին խնդրեց կիսվել մտքերով, զգացողություններով և առաջարկներով։

«Իմ հերոսի պատմությունն ինձ սովորեցրեց մի բան․ երբ որ դու ճահճի մեջ ես, հաճախ չես նկատում դա։ Եվ այս դեպքում հասարակության, մարդկանց օգնության կարիքն ունես։ Չի կարելի թողնել, որ իրավիճակը հասնի ծայրահեղության»,- նշեց կանանցից մեկին մարմնավորող դերասանուհի Ժաննա Հովակիմյանը՝ հիշելով նաև, թե ինչպես է ներկայացումներից մեկից հետո իրեն մոտեցել երիտասարդ մի աղջիկ՝ ասելով․ «Քո պատմությունն այնքան նման է իմին, թույլ կտա՞ս գրկել քեզ»։

Իսկ ինչպե՞ս կանխարգելել բռնության տեսքով չարաշահումները, նման ողբերգական իրավիճակները՝ հարցնում է հոգեբանը։

  • «Մեր աղջիկներին կրթենք այնպես, որ կարողանան ճիշտ պահին կանգ առնել»։
  • «Հասարակոությունը չպետք է անտարբեր լինի․ լռությունը նույնպես հանցակցություն է»։
  • «Ամենքս պետք է պատասխանատվություն վերցնենք մեր որոշումների համար»։
  • «Ամեն ինչ սկսվում է դպրոցից․ կարևոր է դպրոցում հոգեբանության դասավանդումը»։
  • «Երեխաները պետք է ստանան ճիշտ սեռական դաստիարակություն»։
  • «Հաղթահարել զոհի հոգեբանությունը»։
  • «Ամեն ինչ պետք է սկսվի մանկությունից ու ընտանիքից՝ երեխաները պետք է մեծանան սիրված ու հարգված»։
  • «Հաղթահարել կարծրատիպերը․ տղամարդիկ ընդդիմանում են ընտանեկան բռնության թեմային»։
  • «Ապահովել հոգեբանի և իրավաբանի ներգրավվածություն համայնքում, ստեղծել ընտանիքի հետ աշխատող կառույց»։

Սրանք մի քանիսն են քննարկման ընթացքում հնչած դիտարկումներից։ Մի հարցում հանդիսատեսի մեծամասնությունը համակարծիք էր՝ այսպիսի օրինակները մեր շուրջը բազմաթիվ են, և ներկայացումը բարձրաձայնում է շատ կարևոր խնդիր, որի մասին պետք է շատ խոսել։

Առաջիկայում միջոցառումներ են նախատեսվում նաև  Գավառ, Գյումրի, Վայք և Վանաձոր քաղաքներում։

Բեմադրությունը ներկայացնում է «Թատրոն 8» թատերախումբը: Ռեժիսոր՝ Սուրեն Շահվերդյան: Պիեսի հեղինակ՝ Անի Գևորգյան: Դերերում՝ Մարիանա Եղիազարյան, Ժաննա Հովակիմյան, Անի Գևորգյան (Ելենա Կասիմյան)

Քարոզարշավը կազմակերպվում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) կողմից ՕքսԵՋեն հիմնադրամի հետ համագործակցաբար իրականացվող «Պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրության և հարակից վնասակար գործելակերպերի կանխարգելումը Հարավային Կովկասում. աջակցություն տարածաշրջանային, ազգային և հարավ-հարավ նախաձեռնություններին» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից: