Skip to main content

Փետրվարի 5,6-ին իրականացրինք հերթական կարողությունների զարգացնման դասընթացը «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» (ԿԽԱ) N 1325 բանաձևի դրույթների իրականացման գործողությունների ազգային 3-րդ ծրագրի (ԳԱԾ)  իրականացման մշտադիտարկման հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի անդամների համար։ Դասընթացը միտված էր հանձնաժողովի անդամ պետական կառույցների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը:

Դասընթաի սկզբին հանձնաժողովի անդամները սահմանեցին իրենց ակնկալիքները և  վերհիշելով նախորդ հանդիպումը՝ առանձնացրին իրենց համար կարևոր ձեռքբերումները:

Կանանց իրավունքների և գենդերային ուսումնասիրությունների մասնագետ, դասընթացավար Անի Կոջոյանի ուղղորդմամբ՝ մասնակիցները  ծանոթացան ծրագրերի մշակման տեսություններին և մշտադիտարկման ինդիկատորների սահմանման շրջանակին, որին հաջորդեց բովանդակալից և հետաքրքիր դիտարկումներով քննարկում:

Դասընթացի կարևոր բաղադրիչներից էր գենդերազգայուն ինդիկատորների ուսումնասիրությունը: Մասնակիցները, դրանց ծանոթանալուց հետո, իրականացրին խմբային աշխատանք՝ ամրապնդելով տեսական գիտելիքները:

Մշտադիտարկման առաջադրանքների քննարկումից հետո մասնակիցները դասընթացավարի առաջնորդությամբ իրականացրին սիմուլյացիոն մշտադիտարկումներ, որի շուրջ ծավալվեցին բազմակարծիք և քննարկումներ:

Դասընթացի երկրորդ օրն Անի Կոջոյանը ներկայացրեց մշտադիտարկման զեկույցի ձևաչափը, որին կրկին հաջորդեց խմբային աշխատանք և արդյունքների ներկայացում: Այդպիսով, մասնակիցները հնարավորություն ունեցան գործնականում ամրապնդել իրենց նոր ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները:

Երկրորդ օրվա առանցքային թեման էր մշտադիտարկման ռազմավարական պլանավորման հիմքերը, որից հետո մասնակիցները դասընթացավարի օգնության ուրվագծեցին իրենց հաջորդ քայլերը:

Այս երկօրյա դասընթացը «Ուժը գործողության մեջ․ կանանց մասնակցության խթանում խաղաղության և անվտանգության գործընթացներում Հայաստանում 3.0» ծրագրի բաղադրիչ մասն էր: Այն նպատակ ունի ամրապնդել Հայաստանի հանձնառությունը «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգին՝ ապահովելով ԿԽԱ երրորդ ԳԱԾ-ի (2025–2027) արդյունավետ իրականացումն ու վերահսկումը։

Ծրագիրը իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից՝«Արևելյան գործընկերության երկրների կայունության բարձրացում» ծրագրի շրջանակներում, Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի դրամաշնորհի միջոցով՝ Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության ֆինանսական աջակցությամբ: