Skip to main content
Լուրեր

«Կանայք հանուն աշխատանքային իրավունքների» ցանցը հերթական հագեցած դասընթացն ունեցավ

2023 թ․ հունիսի 10-11-ը «Կանայք հանուն աշխատանքային իրավունքների» կանանց մասնագիտական զարգացման ցանցի հերթական դասընթացն էր առաջնորդության, ինքնաներկայացման, գործնական հաղորդակցության և աշխատանքային հարաբերություններում ու աշխատանքի դիմելիս անհրաժեշտ այլ հմտությունների վերաբերյալ։ Այս անգամ, ցանցի մշտական անդամներից բացի, դասընթացին էին միացել ցանցի նոր անդամներ։ 

 

Գեղարքունիքի մարզից Մարիյա Թումասյանը ցանցի  վերջերս է միացել, իր համայնքում ակտիվ գործունեություն է ծավալում, ոգևորում ու օգնում համայնքի այլ կանանց։   

«Ցանցին միացել եմ ցանցի մեկ այլ անդամի խորհրդով՝ հմտություններս ու գիտելիքներս էլ ավելի բարելավելու ու ամրապնդելու համար»,-ասում է Մարիյան ու հույս հայտնում, որ արդյունավետ համագործակցություն ենք ունենալու։  

Դասընթացը հագեցած էր վարժություններով ու դերախաղերով, որոնք օգնում են ավելի լավ հասկանալ խնդիրները, թիմային աշխատանքով քննարկել ու լուծումներ փնտրել։ Իրավիճակները հաճախ ուղեկցվում էին բուռն քննարկումներով։  

 

 

Լոռու մարզից Անի Սարգսյանին էլ են խորհուրդ տվել միանալ ցանցին, ասում է՝ առաջին դասընթացի թեման հետաքրքիր էր, ստացած գիտելիքները կիրառելի են թե առօրյա կյանքում մարդկանց հետ շփվելիս, թե ուսման ու աշխատանքի մեջ։ 

Ցանցում ներգրավված են կանայք Հայաստանի տարբեր մարզերից, նրանք շատ տարբեր մասնագիտություններ ունեն, ոմանք արդեն աշխատանք ունեն և իրենց փորձով ոգևորում են մյուսներին։ 

 

 

 

Մասնագիտությամբ հոգեբան Լաուրան Շիրակի մարզից է․ «Շատ վաղուց գիտեի ցանցի մասին, բայց միայն այս անգամ հնարավորություն ունեցա ներգրավվելու․ տպավորված եմ մթնոլորտով և դասընթացի բովանդակությամբ»,-իր տպավորություններով մեզ հետ կիսվում է Լաուրան։ 

 

 

 

 

 

Իսկ ահա Կոտայքի մարզից Լուսինե Թադևոսյանը ակնկալում է ոչ միայն ստանալ նոր գիտելիքներ ու հմտություններ, այլև՝ ճանաչել իր հնարավորությունները, որպեսզի դրանք ավելի արդյունավետ օգտագործի․ «Ծրագրից ակնկալում եմ ստանալ նոր գիտելիքներ և հմտություններ, որպեսզի ավելի լավ ճանաչեմ ինձ, ձեռք բերեմ նոր փորձ և կապեր, որպեսզի կարողանամ գտնել արժանապատիվ աշխատանք»։ 

 

 

Ցանցի անդամները պատրաստակամ են կիսվելու իրենց փորձով ուգիտելիքներով՝ ցանցն ավելի կայուն ու ավելի արդյունավետ դարձնելու համար։ Առաջիկայում աշխատելու ենք ցանցի հետագա գործունեության պլանավորման շուրջ։ 

Դասընթացի նկարները հղումով։

«Կանայք հանուն աշխատանքային իրավունքների» կանանց մասնագիտական զարգացման ցանցը ստեղծվել է ՕքսԵՋեն հիմնադրամի և Սոլիդարիթի Սենթեր հայաստանյան մասնաճյուղի կողմից «Աշխատաշուկայում կանանց մասնակցության խթանում» ծրագրի շրջանակում։