«Ականավոր հայ կանայք՝ հանուն կանանց իրավազորման» քարոզարշավի հերթական հանգրվանը Վանաձոր քաղաքն էր․ Ստեփան Զորյանի տուն-թանգարանում հյուրընկալվել էին Առաջին Հանրապետության կին պատգամավորներ Վարվառա-Վարյա Սահակյանը, Կատարինե Զալյան-Մանուկյանը, Պերճուհի Պարտիզպանյան-Բարսեղյանը, ինչպես նաև գրող, հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչներ Զապէլ Եսայեանն ու Շուշանիկ Կուրղինյանը։
«Ականավոր հայ կանայք հանուն կանանց իրավազորման» քարոզարշավը նպատակ ունի խթանել գենդերային հավասարությանը, հաղթահարել խտրական սոցիալական նորմերը և վնասակար գործելակերպերը, ինչպես նաև կանխել պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրությունը Հայաստանում:
«Ինչպես գիտենք, աշխարհի շատ երկրներում, այդ թվում Հայաստանում գոյություն ունի լուրջ խնդիր՝ երբ հղիությունն ընդհատվում է պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրության և տղաներին նախապատվություն տալու պատճառով։
Տարիների ընթացքում իրականացված միջամտությունների արդյունքում Հայաստանում սեռերի բնական հարաբերակցության շեղումը նվազել է՝ 2021 թ.-ին կազմելով 108.8 տղայի դիմաց 100 աղջիկ (բնական ցուցանիշն է 102-106 տղա՝ 100 աղջկա դիմաց), ինչը զգալի առաջընթաց է 2000-ական թվականների սկզբի ցուցանիշների համեմատ (120 տղայի դիմաց՝ 100 աղջիկ)»,- բացման խոսքում նշեց ՕքսԵՋեն հիմնադրամի ծրագրի պատասխանատու Գայանե Աբովյանը՝ հավելելով, որ խնդրի կարգավորման եւ կանխարգելման տարաբնույթ գործողությունների շրջանակում է այս քարոզարշավը նույնպես։ Միջոցառմանը ներկա էին և ողջույնի խոսք ասացին նաև Լոռու մարզպետարանի, Վանաձորի քաղաքապետարանի ներկայացուցիչներ։
Միջոցառման ընթացքում ներկաները՝ քաղաքի մտավորականության, բուժհաստատությունների, դպրոցների ներկայացուցիչներ, այլ բնակիչներ, հյուրեր Երևանից, հնարավորություն ունեցան դիտելու «Հանդիպում 100 տարի անց» բեմականացումը, որի հերոսները՝ 20-րդ դարի ականավոր 5 կանայք, հանդիպել են 100 տարի անց և զրուցում են պատմական իրադարձությունների, պատմության ընթացքում կնոջ դերի, կանանց իրավունքների պաշտպանության, կնոջ արժևորման եւ հավասար հնարավորությունների մասին։
Բեմականացման կարևոր ուղերձներ պարունակող հատվածներից է Զապէլ Եսայեանի հայտնի նամակը դստերը՝ Սոֆիին․ «․․․Առաջին հերթին պետք է սարսափել միջակությունից, այսինքն` անգույն ու նվաստ դիրքից: Հայտնի մարդ դառնալ, անձնական արժանիքներ ցուցաբերել, բարձր նպատակի ծառայել – ահա սրանք պետք է լինեն քո ձգտումները: Ամենադժբախտ մարդը նա է, ով վարում է միջակ ու անօգուտ կյանք, ներքուստ ափսոսալով, որ վրիպել է իր կոչումից»,- մասնավորապես պատգամում է Զապէլը։
«Հուզական, ուսուցողական, հաճելի միջոցառում էր»,- իր տպավորությունը փոխանցեց Վանաձորի ավագանու միակ կին անդամ Գայանե Քալանթարյանը։ Իսկ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանը, բարձր գնահատելով միջոցառումը, նշեց, որ բեմականացման հերոս կանանց մեծ մասին առաջին անգամ ծանոթացավ։
Բեմադրությունից հետո ծավալվեց ակտիվ քննարկում, որ ընթացքում մասնակիցները կարծիքներ փոխանակեցին կանանց իրավազորման և առաջխաղացման, կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների, երեխայի սեռի խտրական ընտրության թեմաների շուրջ։
«Մուղդուսյան» արվեստի կենտրոնի՝ Նաիրյան վոկալ անսամբլի մասնակցությամբ` Սամվել Խալաթյանի (ի դեպ՝ վանաձորցի) պիեսի հիման վրա պատրաստված բեմադրությունը անցյալ տարեվերջին հյուրընկալվել է Կոտայքի, Արմավիրի, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերում։ Առաջիկայում միջոցառումներ են նախատեսվում նաև Մասիս, Չարենցավան, Էջմիածին և Իջևան քաղաքներում։
Քարոզարշավը կազմակերպվում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) կողմից ՕքսԵՋեն հիմնադրամի հետ համագործակցաբար իրականացվող «Պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրության և հարակից վնասակար գործելակերպերի կանխարգելումը Հարավային Կովկասում. աջակցություն տարածաշրջանային, ազգային և հարավ-հարավ նախաձեռնություններին» (“Addressing Gender-Biased Sex Selection and Related Harmful Practices in the South Caucasus: Support for Regional, National and South–South Interventions”) ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից: