Փետրվարի 17-ին և 18-ին Չարենցավան և Արտաշատ համայնքներում հավաքվել էին կանայք, ովքեր պատրաստ են ստանձնել իրենց համայնքի զարգացման պատասխանատվությունը։ «ԿԱՏԱՐԻՆԵ» ակադեմիայի մասնակիցները, շրջանավարտներն ու տեղի բնակչուհիները հանդիպել էին՝ քննարկելու ոչ միայն համայնքային տարբեր խնդիրներ ու գտնելու դրանց լուծումները ՏԻՄ-ՔՀԿ-քաղաքացի համագործակցության շրջանակներում, այլև խոսելու քաղականության մեջ կանանց ներգրավվածության մարտահրավերներին։
Հանդիպման սկզբում «ՕքսԵՋեն» հիմնադրամի ծրագրերի ղեկավար Քրիստինե Մխիթարյանը խոսեցհանդիպման կարևոր միտումի մասին. այս հարթակը ոչ թե պարզապես քննարկման, այլ արժեքավոր կապերի ստեղծման համար է, որոնք հետագայում կարող են վերածվել իրական փոփոխություններ բերող գործընկերությունների։ Նրա խոսքին լրացրեց «ԿԱՏԱՐԻՆԵ» թեկնածուների ակադեմիայի համակարգող Գրետա Գևորգյանը՝ ներկայացնելով ակադեմիայի առաքելությունն ու ընդգծելով կանանց՝ քաղաքական ակտիվության կարևորությունը:
Ֆասիլիտատոր Քրիստինե Ասատրյանի ուղղորդմամբ ծավալված անկեղծ երկխոսությունը վերհանեց կարևոր հարցեր, ինչպես, օրինակ այն հանգամանքը, որ համայնքային մակարդակում ակտիվ քաղաքացիների և ՔՀԿ-ների դերը դեռևս հաճախ ընկալվում է սոսկ խորհրդատվական։ Հանդիպման մասնակիցները միակամ էին՝ ժամանակն է անցնելու լիարժեք գործընկերային հարաբերությունների, որտեղ կանանց ձայնը վճռորոշ կլինի որոշումների կայացման մեջ:
Քննարկումների առանցքային և կարևոր հատվածը ավագանու նախկին ու ներկա անդամների փորձի փոխանակումն էր: Քննարկումներ ծավալվեցին այն մարտահրավերների շուրջ, որոնց բախվում է կինը քաղաքական կյանքում, դրան զուգահեռ մասնակիցնրը կիսվեցին նաև այն հաջողված լուծումներով, որոնք օգնել են հաղթահարել այդ պատնեշները։
Այս երկու հանդիպումները օգնեցին հստակեցնել համայնքային օրակարգերն ու ամրապնդել կապը ՏԻՄ և ՔՀԿ ներկայացուցիչների և ակտիվ բնակիչների միջև՝ հանուն ավելի հավսար և ներառական համայնքի։







