Skip to main content
Լուրեր

Սոցիալական արդարությունը` գործողության մեջ. ի՞նչ կարող ենք անել ամեն օր

Արագ զարգացող մեր աշխարհը, չնայած գիտատեխնիկական աննախադեպ նվաճումներին, շարունակում է բախվել խորքային և բազմաշերտ մարտահրավերների։ Ամենաէականներից մեկը շարունակում է մնալ սոցիալական արդարության և հավասարության հաստատումը, առանց որի ցանկացած զարգացում դառնում է միակողմանի, իսկ առաջընթացը՝ ընտրողական: 

Սոցիալական անարդարությունը ձևավորվում է տարբեր պատճառների և հանգամանքների արդյունքում՝ տնտեսական անհավասարություններից մինչև քաղաքական որոշումներ և մշակութային, հասարակական կարծրատիպեր։ Յուրաքանչյուր աշխարհաքաղաքական փոփոխություն, յուրաքանչյուր ճգնաժամ այս համատեքստում դառնում է լրացուցիչ փորձություն՝ առավել խոցելի խմբերի համար։

Այսօր՝ սոցիալական արդարության համաշխարհային օրը ևս մեկ հնարավորություն է հանրության ուշադրությունը հրավիրելու սոցիալական անարդարության, դրա աղետալի և երկարաժամկետ հետևանքների վրա։ Այս օրը կոչ է՝ ձեռնարկելու կոնկրետ գործողություններ աղքատության վերացման, լիարժեք զբաղվածության և արժանապատիվ կյանքի ապահովման, գենդերային հավասարության խթանման, ինչպես նաև բոլորի համար սոցիալական բարեկեցության և արդարադատության հասանելիության ուղղությամբ։ 

2026 թվականին սոցիալական արդարադատության համաշխարհային օրը նշվում է «Սոցիալական զարգացման և սոցիալական արդարադատության նկատմամբ նորացված հանձնառություն» խորագրի ներքո։ Այս տարվա թեման արտացոլում է ինչպես ձեռք բերված առաջընթացի ճանաչումը, այնպես էլ շարունակական և ի հայտ եկող մարտահրավերների ճանաչումը։ 

Սոցիալական արդարության այս տարվա շեշտադրումը կենտրոնանում է գործնական քաղաքականությունների վրա, որոնք նպաստում են ավելի արդար և դիմակայուն հասարակությունների կառուցմանը։ Դրանք ներառում են ուժեղ սոցիալական պաշտպանության համակարգեր, աշխատանքային իրավունքների պաշտպանություն, սոցիալական երկխոսության խթանում և ներառական հանրային ծառայությունների զարգացում։ Նման միջոցառումները մարդկանց հնարավորություն են տալիս արժանապատվորեն հարմարվել տնտեսական, կլիմայական և տեխնոլոգիական անցումներին՝ ունենալով իրական հնարավորություններ և պաշտպանվածություն։ 

Սոցիալական արդարության հաստատումը պայմանավորված է քաղաքական որոշումներով և համակարգային լուծումներով, սակայն յուրաքանչյուր փոփոխություն սկսվում է անհատից՝ տեղական մակարդակից հասնելով ազգային օրակարգի։ 

Ի՞նչ կարող է անել մեզնից յուրաքանչյուրը սոցիալական արդարության հասնելու համար։ 

  • Չլինել անտարբեր և հիշել պարզ ճշմարտությունը, որ ոչ ոք ազատ չէ, քանի դեռ բոլորը ազատ չեն։
  • Օգտագործել մեր ձայնը՝ գրել, խոսել, քննարկել։ Ցանկացած ոլորտում և ցանկացած գործիքով հնարավոր է բարձրաձայնել սոցիալական անարդարության մասին և պահանջել փոփոխություն։ 
  • Միջամտել և կանխել վերահաս անարդարությունը: Նախքան օրենսդրական փոփոխությունները կարևոր են հասարակական-մշակութային փոփոխությունները:
  • Կազմակերպել հանրային քննարկումներ, ազատորեն խոսել, օգտագործել սոցիալական երկխոսությունը՝ փոփոխվող տնտեսություններում արդար աշխատավարձը, անվտանգ աշխատանքային պայմանները և այլ օրհասական հարցերը բարձրաձայնելու համար:
  • Աջակցել տեղական նախաձեռնություններին և կազմակերպություններին, որոնք աշխատում են սոցիալական արադարության ուղղությամբ: Նվիրատվություններ անել, թեկուզ փոքր չափերի, բայց՝ հետևողական:

Սոցիալական արդարությունը հեռանկար է ապագայի մասին, որտեղ առաջընթացը և զարգացումը չի կառուցվում մեկ այլ խմբի կամ անհատի բարօրության հաշվին, որտեղ պաշտպանվածությունը արտոնություն չէ, այլ՝ իրավունք։

Արդարության ձգտումը սոսկ գաղափար չէ: Այն երկարատև գործընթաց է և պահանջում է հետևողական աշխատանք: Այդ գործընթացը սկսվում է այստեղ ու հիմա։