Skip to main content

Տասնյակ տարիներ հասարակական և քաղաքական կյանքից մեկուսացած Արևուտ եզդիաբնակ համայնքը այսօր ձևավորում է համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմին և պատրաստակամություն է հայտնում իր ներդրումն ունենալ համայնքային կյանքի ակտիվացմանն ու որոշումների կայացման գործընթացում ներգրավվածությանը։ Սա փակ, միատարր էթնիկ համայնքի որոշումն է դուրս գալ դիտորդի կարգավիճակից և ստանձնել պատասխանատվություն սեփական համանյքի զարգացման հարցում։ 

Արևուտ համայնքի բնակիչների կողմից խորհրդակցական մարմնի ստեղծումը կարելի է համարել նախադեպային իրադարձություն: Այն տեղի է ունեցել «Բյուջե հանուն փոփոխության․ գենդերային հավասարության և ներառականության խթանում» ծրագրի շրջանակներում  և արդյունք է երկարատև և զգայուն աշխատանքի: 

Այս արդյունքին «ՕքսԵՋեն» Հիմնադրամը հասել է համայնքի Տեղական Ինքնակառավարման մարմնի և ոլորտի մասնագետների անմնացորդ նվիրվածության և աջակցության շնորհիվ: Արևուտ համայնքում աշխատանքները սկսվել են դեռևս 2025 թվականի կեսերից և պարունակել են շատ մարտահրավերներ և խոչընդոտներ, որոնց հաղթահարման համար գործադրվել են մեծ ջանքեր: 

«Փոքր քայլերի» ռազմավարությունը 

Արևուտ եզդիաբնակ համայնքը տասնյակ տարիներ  մեծ մասամբ մեկուսացած է եղել հասարակական, քաղաքական կյանքից: Այստեղ առկա են մշակութային և գենդերային որոշակի առանձնահատկությունները, խորը արմատավորված սոցիալական, էթնիկ և տնտեսական մարտահրավերներ, որոնք ազդել են համայնքային կյանքի ակտիվության վրա: Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները և հարգելով համայնքի մշակութային առանձնահատկությունները՝ համայնքային զարգացման մասնագետ Զառա Աղանյանի միջոցով ստեղծվել են հատուկ մեթոդաբանություններ, մշակութային զգայուն գործիքներ համայնքի բնակիչների հետ արդյունավետ հաղորդկացության և աշխատանքի համար: 

Վերջին մի քանի ամիսներին Արևուտ համայնքում կազմակերպվել են հանդիպումներ, քննարկումներ և աշխատարաններ, որոնք անցել են ջերմ միջավայրում՝ տաք վառարանի շուրջ՝ գյուղական համեղ բարիքներով: Հանդիպումներին ակտիվ ներգրավվածության և մասնակցության հարցում մեծ աջակցություն են ցուցաբերել Արևուտի համայնքապետարանը և համայնքային ներգրավման մասնագետ Հաջե Բաքոյանը:  

 

Ամեն հաջորդ հանդիպմանը նկատելի էր բնակիչների՝ հետզհետե աճող վստահությունն ու ակտիվությունը: Արդեն երկրորդ հանդիպմանը ներկա էին ավելի երիտասարդ մասնակիցներ: Հատկանշական է կանանց՝ հետզհետե ավելի շատ ներգրավվածության աճը. Ամեն հաջորդ հանդիպմանը նրանք ավելի ինքնավստահ էին, ակտիվորեն կիսվում էին իրենց մտորումներով և նշանակալի ներդրում էին ունենում խմբային աշխատանքներին համայնքային նախաձեռնությունների ստեղծման հարցում: 

Երրորդ հանդիպմանն արդեն Արևուտ համայնքի բնակիչները մասնագետի հետ քննարկում էին համայնքային առաջնորդության հարցերը: Այդ քննարկումների կարևոր  նշագրումն այն էր, որ առաջնորդությունը կապված չէ պաշտոնի հետ, այն հմտություն է, որը կարող է զարգացնել համայնքի յուրաքանչյուր բնակիչ: 

Վստահության և կապի ստեղծում 

Այս տարվա հունվարին Արևուտի համայնքապետարանը հրապարակել էր պաշտոնական հայտարարություն համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմնի ստեղծման վերաբերյալ: Հայտարարությանը հակառակ՝ համայնքի անդամները դիմումներ չէին ներկայացրել: Հիմնական մարտահրավերը ոչ թե հետաքրքրության պակասն էր, այլ դրա մատչելիությունը և խորհրդակցական մարմնի նպատակի, մանդատի, գործառույթների, աշխատանքային ձևաչափի վերաբերյալ տեղեկատվության սակավությունը, ինչպես նաև՝ դիմումների ներկայացման գործընթացի վերաբերյալ անորոշությունը, որը ենթադրում է որոշակի հմտություններ:  

Այս համատեքստում հանդիպումների շարքից առավել հատկանշականը հինգերոդն էր, որի ժամանակ համայնքի բնակիչներին ներկայացվեց խորհրդակցական մարմնի ստեղծման կարևորությունը: Այդ հանդիպմանն արդեն բնակիչներից շատերը հետաքրքրություն հայտնեցին մաս կազմել համայնքային որոշումների կայացմանը քաղաքացիական մակարդակով: 

Հանդյիպումների և մասնակիցների հետ անմիջական կապի պահպանման և համբերատար աշխատանքի շնորհիվ հետզհետե ձեւավորվեց վստահության մթնոլորտ, ինչի արդյունքում սոցիալական մեդիայում ստեղծվեց հատուկ խումբ՝ կապի պահպանման և համայնքին վերաբերող տեղեկատվություններով, հնարավորություններով կիսելու համար:  

Գործնական քայլեր և նախաձեռնողականություն  

Դասընթացների ժամանակ արդեն մասնակիցների և մասնագետների համատեղ աշխատաքներով մշակվել են մի քանի նախագծեր, որոնք միտված են համայնքի մշակութային, սոցիալական կյանքի ակտիվացմանը: Այժմ մասնակիցներն աշխատում են նախաձեռնությունների մշակման և կյանքի կոչման ուղղությամբ՝ իրականացնելով գործնական քայլեր՝ ստեղծելու համայնքային կենտրոն։   Արդեն իսկ համատեղ ջանքերով ստեղծել է  կենտրոնի գործունեության, կառավարման և համայնքային ծրագրերի համար մասնակցային հիմք։  Վերոնշյալ գործառույթներին զուգահեռ ընթանալու են նաև  համայնքային հանդիպումներ, քննարկումներ և զրույցներ, որոնց նպատակն է մոտիվացնել Արևուտ համայնքի բնակիչներին, այդ թվում՝ խորհրդակցական մարմնի ներկայացուցիչներին, խթանել կանանց և երիտասարդների առաջնորդությունը և ամրապնդել համայնքային համերաշխությունը: 

Ծրագիրը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության միջազգային զարգացման աջակցության շրջանակում Միացյալ Թագավորության կառավարության կողմից։