
Կանայք շարունակում են թերներկայացված լինել գիտական ոլորտում: Վերջին տվյալներով՝ աշխարհում հետազոտողների մոտ 32%-ն են կանայք, ինչը ընդգծում է ոլորտում գենդերային անհավասարության շարունակականությունը։
Հայաստանում գիտական համայնքում գենդերային անհավասարությունը առաջին հայացքից կարող է փոքր թվալ, սակայն անհավասարակշռությունն ավելի ակնհայտ է դառնում իշխանության և որոշումների կայացման մակարդակում. գիտության ոլորտում ղեկավար պաշտոնների միայն մոտ մեկ քառորդն են զբաղեցնում կանայք, ուստի ինչպես տեսնում ենք, ներկայությունը միշտ չէ, որ նշանակում է ազդեցություն:
Այսօր՝ փետրվարի 11-ին նշվում է Գիտության մեջ կանանց և աղջիկների միջազգային օրը: Այն նպատակ ունի ընդգծելու գիտության ոլորտում կանանց ներուժի օգտագործման, գիտությամբ զբաղվելու համար հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովման կարևորությունը։ Այս օրը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ գիտությունը, ի թիվս այլ ոլորտների, չի կարող և չպետք է բացառի մարդկության կեսին: Այս տարվա ՄԱԿ-ի կողմից հաստատված թեման կենտրոնանում է արհեստական բանականության, հասարակական գիտությունների, STEM-ի (ԳՏՃՄ-Գիտություն, Տեխնոլոգիա, Ճարտարագիտություն և Մաթեմատիկա) և ֆինանսների հատման կետի վրա՝ որպես կանանց և աղջիկների համար ավելի ներառական ապագայի ուղի:
Արհեստական բանականությունը վերջին տարիներին դարձել է մեր առօրյայի անբաժանելի մասը՝ գրելուց և հետազոտությունից մինչև տվյալների վերլուծություն և անգամ՝ որոշումների կայացում: Այն խոստումնալից է, բայց նաև ռիսկային: Մասնագետները զգուշացնում են, որ առանց գենդերային զգայուն քաղաքականության՝ արհեստական բանականությունը կարող է աննկատ վերարտադրել վտանգավոր նարատիվներ և առկա անհավասարությունները՝ կրկին թողնելով կանանց և աղջիկներին ետևում, այս անգամ թվային տեսքով։
ՄԱԿ-ը ընդգծում է, որ երբ արհեստական բանականությունը, հասարակական գիտությունները, ԳՏՃՄ-ն և ֆինանսները համադրվում են, կարող են իրական փոփոխություններ առաջացնել՝ նվազեցնելով գենդերային անհավասարությունները թվային ոլորտում, աջակցելով կանանց կողմից ղեկավարվող ստարտափերին, ձևավորելով ներառական արհեստական բանականության կառավարում և մոբիլիզացնելով ֆինանսական ռեսուրսները հավասարության համար։
Միևնույն ժամանակ, անազնիվ կլինի խոսել տեխնոլոգիական առաջընթացի մասին՝ առանց մատնանշելու դրա բերած աղետները։ Արհեստական բանականությունը ծանր բեռ է դնում շրջակա միջավայրի, մասնավորապես՝ ջրային ռեսուրսների վրա։ Հարկ է անպայման նշել, որ Էկոլոգիական սահմանափակումները անտեսող առաջընթացը ընդհանրապես առաջընթաց չէ։ Ուստի եթե արհեստական բանականությունը չի կարող լիովին բացառվել, այն պետք է առնվազն օգտագործվի գիտակցաբար, խնայողաբար և պատասխանատու կերպով:
Գենդերային անհավասարության վերացումը գիտության ոլորտում կարևոր է ոչ միայն արդարության, այլև՝ գիտության, տեխնոլոգիայի նորարարության որակի, արդիականության և էթիկայի տեսանկյունից: Մարդկության կեսին՝ կանանց հաշվի չառնելով՝ նախագծված թվային աշխարհը լի է կույր կետերով։ Ներառականությունը գիտությունը դարձնում է մարդասիրական և ճշմարտացի մարդկային իրական կարիքների նկատմամբ։
Գիտության մեջ գենդերային անհավասությունը բացառելու և առավել ներառական աշխարհ կառուցելու հարցում բոլորս կարող ենք մեր փոքրիկ ներդրումն ունենալ: Ահա դրանցից մի քանիսը՝
- Ուսումնասիրել և ակտիվորեն հանրայանացնել կանանց ԳՏՃՄ ոլորտում ձեռքբերումները: Կանանց կողմից իրականացված շատ գիտական նվաճումներ մնում են անտեսանելի, անանուն և թերագնահատված:
- Աջակցել այն կազմակերպություններին և նախաձեռնություններին, որոնք ներդրումներ են կատարում աղջիկների կրթության և կանանց գիտական կարիերայի մեջ: Առանց ռեսուրսների բարի մտադրությունները հազվադեպ են հանգեցնում փոփոխությունների:
- Խրախուսել կանանց և աղջիկների հետաքրքրասիրությունն ու վստահությունը, հատկապես նրանց մոտ, ովքեր նոր են ընտրում մասնագիտություն կամ խիզախում են նորից սկսել:
- Դառնալ մենթոր այն կանանց և աղջիկների համար, որվքեր նոր են սկսում իրենց ճանապարհը: Երբեմն մեկ զրույցը, մեկ բաց դուռը փոխում է մարդու ողջ կյանքի ուղղությունը:
Հարցն այլևս այն չէ, թե արդյոք կանայք և աղջիկները տեղ ունեն գիտության մեջ, ինչպես քննվում էր ոչ վաղ անցյալում: Այժմ ամենաարդիական հարցն այն է, թե որքան ժամանակ համակարգերը կշարունակեն վատնել տաղանդը՝ մերժելով կանանց մուտքը, ճանաչումը և առաջնորդությունը։ Գիտության մեջ ներառականության սահմանումը չպետք է ընկալվի որպես առատաձեռնություն, այն պետք է դրսևորվի որպես պատասխանատվություն:
Այժմ գիտությունն ավելի արագ է զարգանում՝ ձևավորված արհեստական բանականության և բարդ գլոբալ մարտահրավերների ազդեցությամբ, և այս պարագայում մեկուսացումը դառնում է ոչ միայն անարդար, այլև՝ վտանգավոր։ Առանց բազմազան ձայների կառուցված տեխնոլոգիաները կրում են դրանք ստեղծողների սահմանափակումները, կողմնակալությունները, կարծրատիպերը և լռությունը։
