
Դեկտեմբերի 13-14-ին Երևանում անցկացված «Քաղաքացիական հասարակության տարածքի ընդլայնում հանուն ժողովրդավարության խթանման» տարածաշրջանային երիտասարդական համաժողովը դարձավ Հայաստանի և Վրաստանի շուրջ 50 երիտասարդ առաջնորդներին, պետական կառույցներին, քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին միավորող կամուրջ։
«Քաղաքացիական հասարակության տարածքի ընդլայնում հանուն ժողովրդավարության խթանման» խորագրով համաժողովը իրականացվել է «ՕքսԵՋեն» հիմնադրամի և Գորիի երիտասարդական կենտրոնի (Վրաստան) համագործակցությամբ՝ «Երիտասարդների հզորացում հանուն ժողովրդավարության Հայաստանում և Վրաստանում» ծրագրի շրջանակում:
Միջոցառման ընթացքում ներկայացվել են ծրագրի շրջանակում իրականացված երիտասարդական նախաձեռնությունները, որոնք ընդգրկել են ավելի քան 200 երիտասարդի՝ խթանելով նրանց ներգրավվածությունն ու քաղաքացիական ակտիվությունը։ Մասնակիցները ներկայացրել են կիրառված նորարարական գործիքները՝ թատերական ու խաղային ձևաչափերից մինչև համայնքային մասնակցության մեխանիզմներ, որոնք աջակցել են տեղական մակարդակում երիտասարդների հմտությունների և մասնակցության զարգացմանը։
Համաժողովի ընթացքում իրականացվել են նաև գործնական քննարկումներ, որտեղ մասնակիցները համատեղ վերլուծել են քաղաքացիական մասնակցության սահմանափակումները, տարածաշրջանային միտումներն ու զարգացման հնարավորությունները։ Քննարկումների արդյունքում հավաքագրված առաջարկությունները կներառվեն քաղաքականության փաստաթղթում, որը կարտացոլի երիտասարդների դիրքորոշումները կառուցվածքային, իրավական, սոցիալական և համագործակցային խնդիրների վերաբերյալ։
Միաժամանակ, Հայաստանի և Վրաստանի երիտասարդական խմբերը ներկայացրել են իրենց տեսլականը՝ ապագա համագործակցության, պաշտպանական նախաձեռնությունների և երիտասարդական երկկողմ ցանցի ամրապնդման վերաբերյալ։
«Այս համաժողովը կարևոր քայլ էր երիտասարդների համագործակցության և ազդեցության ընդլայնման ուղղությամբ։ Հայաստանի և Վրաստանի երիտասարդները կիսում են ընդհանուր խնդիրներ, և այս հարթակը հնարավորություն տվեց միասին ձևավորել լուծումներ և առաջ շարժվել ավելի ամուր ու համակարգված»,- համաժողովի ընթացքում ընդգծել է «ՕքսԵՋԵՆ» հիմնադրամի գործադիր տնօրեն Մարգարիտա Հակոբյանը։
Ժողովրդավարության և երիտասարդների դերի կարևորությանն անդրադարձավ նաև Դանիայի դեսպանատան առաքելության ղեկավարի տեղակալ Անդերս Թրելբորգը՝ նշելով. «Ժողովրդավարությունը պետք է մշտապես նորացվի, և հաճախ այն առաջ մղող ուժը երիտասարդությունն է։ Երիտասարդները բերում են նոր գաղափարներ, ակտիվիզմի նոր ձևեր, նոր տեխնոլոգիաներ և այն էներգիան, որն անհրաժեշտ է ստատուս քվոն կասկածի տակ դնելու և կառուցելու այն ապագան, որն ի վերջո իրենցն է լինելու»։
Համաժողովի արդյունքում մշակված քաղաքականության առաջարկություններն ու պաշտպանական գործողությունների ծրագիրը առաջիկայում կներկայացվի համապատասխան մարմիններին՝ նպաստելով երկու երկրներում երիտասարդների քաղաքացիական մասնակցության ամրապնդմանը։