2023 թ․ դեկտեմբերի 1-2-ը «Կանայք քաղաքականության, հանրային կառավարման և քաղաքացիական հասարակության մեջ» ծրագրի շրջանակում ՕքսԵՋեն հիմնադրամը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ համատեղ անցկացրեց քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների զարգացման երկօրյա դասընթաց։
Առաջին օրը մասնակիցներն ուսումնասիրեցին «Շահերի պաշտպանություն և քաղաքական երկխոսություն․ ռազմավարություններ և գործիքակազմ», իսկ երկրորդ օրը՝ «Ռազմավարական հաղորդակցություն և հանրային արշավներ՝ գենդերային հավասարության համատեքստում» թեմաները։
«Շահերի պաշտպանություն և քաղաքական երկխոսություն․ ռազմավարություններ և գործիքակազմ» թեմայի շրջանակում շահերի պաշտպանության ոլորտի փորձագետ Տիգրան Պետրոսյանի հետ մասնակիցներն ուսումնասիրեցին շահերի պաշտպանության, քաղաքական երկխոսության ու լոբբինգի սահմանումները, քննարկեցին փոփոխության հասնելու տարբերակներ, գործնական վարժանքներով ներկայացրին խնդիրների լուծման իրենց առաջարկները։ Իսկ երկրորդ օրը հետազոտող, կանանց իրավունքների, գենդերային և հաղորդակցության ուսումնասիրությունների փորձագետ Անի Կոջոյանի հետ մասնակիցները քննարկեցին, թե ինչպիսին են քաղհասարակության կազմակերպությունների ուղերձները և ինչպես փոխել պատմույթներն՝ ավելի ազդեցիկ դարձնելով ուղերձները, ուսումնասիրեցին նաև արշավների պլանավորման ընթացքը և գործնական վարժանքի միջոցով աշխատեցին առանձին կազմակերպությունների արշավների գաղափարների վրա։
Հանդիպման նկարները կարող եք գտնել հետևյալ հղումով։
«Կանայք քաղաքականության, հանրային կառավարման և քաղաքացիական հասարակության մեջ» ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՕքսԵՋեն հիմնադրամի հետ համագործակցությամբ, Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ: