Skip to main content
Լուրեր

21 բուժաշխատողներ վերապատրաստվեցին՝ բարելավելով պտղի սեռի խնտրական ընտրության կանխարգելմանն առնչվող իրենց հմտությունները

2023 թ․ հունիսի 13-16-ը Երևանում «Պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրության կանխարգելումը բուժաշխատողների վերաբերմունքի փոփոխության և խորհրդատվական հմտությունների բարելավման միջոցով» ձեռնարկի հիման վրա որպես դասընթացավարներ քառօրյա վերապատրաստում անցան Երևանի և մարզերի 21 բուժաշխատողներ։ 

Դասընթացի մեկնարկը տրվեց ձեռնարկի և դրա հիման վրա դասընթացավարների ուղեցույցի շնորհանդեսով։ Դրանք ներառում են անհրաժեշտ գիտելիքներ հղիության՝ պտղի սեռով պայմանավորված արհեստական ընդհատումները կանխարգելելու համար։ Ակնկալվում է, որ մոտ ապագայում Առողջապահության նախարարությունը կհավաստագրի դասընթացը։ 

Մասնակիցներից շատերի համար այս դասընթացը առաջինը չէ․ նրանք մասնակցել են այս շարքի նախորդ փուլերին ևս և ինչպես իրենք են նշում, հաջողությամբ կիրառում են ստացած գիտելիքները գործի մեջ՝ դրանք ադապտացնելով ըստ մարզերի, ըստ իրավիճակների։ Այսօր արդեն նրանք պատրաստ են կիսվելու իրենց գիտելիքներով գործընկերների հետ։ 

Լիլիթ Հակոբյանը Գավառի բժշկական կենտրոնի մանկաբարձ գինեկոլոգ է, կանանց կոնսուլտացիայի բաժանմունքի վարիչը։ Վարում է նաև մայրության դպրոցը։ Ասում է․ «Սովորաբար տղամարդիկ չեն ուղեկցում իրենց կանանց կոնսուլտացիաների ժամանակ, ինչպես նաև մայրության դպրոցի հանդիպումներին։Մենք ամեն դեպքում խրախուսում ենք, որ իրենց ամուսինների հետ գան, բայց դեռ նախադեպեր չունենք»։  

Դասընթացին արդեն երրորդ անգամ է մասնակցում։ Կարծում է, որ ստացած գիտելիքները շատ օգտակար են աշխատանքի մեջ, բայց ըստ մարզերի որոշակի ադապտացման կարիք կա․ նշում է, որ ապագա երեխայի սեռի նախապատվության հարցում ևս իրավիճակը դրական միտում ունի։ «Ես ընդհանրապես խրախուսում եմ շատ երեխաներ ունենալ․ երկու սեռից էլ կլինեն»,-կիսակատակ նշում է Լիլիթը։  

Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի մանկաբարձ գինեկոլոգ, Բժշկական համալսարանի դասախոս Աննա Աղաջանյանը թեև այս դասընթացին առաջին անգամ է մասնակցում, բայց այլ ծրագրերի շրջանակում վարում է նաև հայրության դպրոցներ։  

Ասում է, որ հայրիկները շատ հետաքրքրված են նաև մայրության դպրոցի դասընթացներով։ «Վստահաբար կրթվելու պահանջ կա․ իմ դիտարկմամբ՝ մեծ ընտանիքներում ծնողների կողմից կա որոշակի ճնշում, որն ազդում է երիտասարդների որոշումների վրա հատկապես մարզերում»,-իր մտահոգությունն է հայտնում Ա․ Աղաջանյանը։ 

Երևանի թիվ 17 պոլիկլինիկայի կանանց կոնսուլտացիայի վարիչ Շուշանիկ Գրիգորյանը տարիներ շարունակ մասնակցում է այս դասընթացներին, ինչպես ինքն է նշում՝ ամեն պարապունքից քաղում է նոր գիտելիքներ և կիրառում գործում։ Վարում է նաև բաժանմունքին կից մայրության դպրոցը, որի շրջանակներում, բացի սեռի հիմքով հղիության արհեստական ընդհատումների խնդրից, նկատում է, որ առհասարակ կրթվելու կարիք կա, որպեսզի հղիության արհեստական ընդհատման գործը չհասնի, որը լի է վտանգներով։ 

4 օրերի ընթացքում բուժաշխատողները ուղեցույցի հիման վրա քննարկեցին տարբեր իրավիճակներ, կիսվեցին նաև իրենց փորձով, խաղ-վարժանքների միջոցով վեր հանեցին խնդիրներն ու դրանք հաղթահարելու տարբերակներ մշակեցին։ 

Դասընթացի նկարները հղումով։

«Այս հոդվածի բովանդակության համար պատասխանատվություն է կրում հեղինակը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության կամ ՄԱԲՀ-ի տեսակետները»։

Միջոցառումն իրականացվել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացվող «Պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրության եւ հարակից վնասակար գործելակերպերի կանխարգելումը Հարավային Կովկասում. աջակցություն տարածաշրջանային, ազգային եւ հարավ-հարավ նախաձեռնություններին» ծրագրի շրջանակներում` ՕքսԵՋեն հիմնադրամի հետ համագործակցությամբ։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության եւ ՄԱԲՀ-ի կողմից։