Skip to main content
Լուրեր

Բազմակուսակցական ժողովրդավարության հայկական ակադեմիայի նախապատրաստական աշխատանքները մեկնարկել են

Դեկտեմբերի 7-10-ը վերապատրաստվեցին Բազմակուսակցական ժողովրդավարության հայկական ակադեմիայի դասընթացավարները։ Ակադեմիայի 8 դասընթացավարները հնարավորություն ունեցան ծանոթանալու միջազգային փորձին, քննարկելու խորհրդակցակական հանդիպումների ժամանակ ստացած առաջարկներն ու աշխատելու ուսումնական ծրագրի վրա։ Բոլոր դասընթացավարները ակադեմիական ճանապարհ անցած մասնագետներ են և ունեն ժողովրդավարական ինստիտուտների հետ աշխատանքի մեծ փորձառություն։

Նրանց ներկայացրել ենք այստեղ։

Դասընթացին մեզ էր միացել նաև Նիդերլանդների բազմակուսակցական ժողովրդավարության ինստիտուտի ծրագրերի ավագ խորհրդատու Ռիմ Ջուդեն, որը կիսվեց իրենց փորձով և ներկայացրեց, թե ինչ սկզբունքներով և ինչպես են գործում այլ երկրներում հիմնադրված համանման դպրոցները։ ՕքսԵՋեն հիմնադրամի գործադիր տնօրեն Մարգարիտա Հակոբյանը ևս ողջունեց մասնակիցներին և ընդգծեց այս նոր համագործակցության և ծրագրի կարևորությունը։

Վերապատրաստման 4 օրերի ընթացքում Ակադեմիայի թիմի հետ էր Բազմակուսակցական ժողովրդավարության Արևելյան Եվրոպայի կենտրոնի գործադիր տնօրեն Լևան Ծուծկիրիձեն՝ աջակցելու ուսումնական ծրագրի մշակմանը և կիսվելու փորձով, թե ինչպես են համանման դպրոցները գործում Մոլդովայում, Ուկրաինայում և Վրաստանում։

Ուսումնական ծրագրի նախագիծն արդեն պատրաստ է։ Շուտով մենք կսկսենք մասնակիցների ընտրությունը, որին կհաջորդեն Ակադեմիայի դասընթացները։ Դրանք կտևեն երեք ամիս։

Բազմակուսակցական ժողովրդավարության հայկական ակադեմիան, որը միտված է տարբեր հասարակական եւ քաղաքական փորձառություն ունեցող անհատներին ապահով տարածք տրամադրելուն, վերջիններիս երկխոսության եւ տարբեր խնդիրների մասին ունեցած ընդհանուր գաղափարների փոխանակման խթանմանը, ստեղծվել է  ՕքսԵՋեն հիմնադրամի և Նիդերլանդների բազմակուսակցական ժողովրդավարության ինստիտուտի համագործակցությամբ: Ծրագիրը ֆինանսավորվում է Հայաստանում Նիդերլանդների դեսպանատան կողմից։