
Հունվարի 27-ին ամփոփեցինք «Կանայք քաղաքականության, հանրային կառավարման և քաղաքացիական հասարակության մեջ» ծրագրի շրջանակում 6-ամսա մենթորության փուլը, որի շրջանակում 10-ից ավելի ՔՀԿ-ներ բարելավել են իրենց հմտությունները գենդեր-արձագանքող քաղաքականությունների մշտադիտարկման ուղղությամբ աշխատարանների և մենթորների շարունակական աջակցության միջոցով։
Այս 6 ամիսների աշխատանքը ՔՀԿ-ներն ամփոփեցին «Մենթորության հետագծով. փորձառությունից մինչև հաջողություն» թեմայով ազգային ֆորումի շրջանակում։ Նրանք հնարավորություն ունեցան ոլորտի գործընկերներին և որոշում կայացնողներին ներկայացնելու և նրանց հետ քննարկելու աշխատանքի արդյունքներն ու ուրվագծել հետագա ջատագովության հնարավորությունները։
ՕքսԵՋեն հիմնադրամի գործադիր տնօրեն Մարգարիտա Հակոբյանն իր խոսքում ընդգծեց կանանց մասնակցության կարևորությունը քաղաքականության և հանրային կառավարման ոլորտներում՝ նշելով, որ ծրագիրը որոշումների կայացման գործընթացներում կանանց ավելի ակտիվ ներգրավվածության հարցում մեծ խթան է եղել։
Մասնակից կազմակերպությունները մենթորության փուլում աշխատել էին 2 հիմնական ուղղություններով՝ Գենդեր-արձագանքող բյուջետավորում համայնքային մակարդակում և Գենդեր-արձագանքող քաղաքականությունների մշտադիտարկում։ Հետազոտություններն անդրադառնում են ոլորտային բազմազան խնդիրների և ներկայացնում առաջարկներ՝ այդ խնդիրներին պատշաճ արձագանքելու համար։
«Կանայք քաղաքականության, հանրային կառավարման և քաղաքացիական հասարակության մեջ» ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՕքսԵՋեն հիմնադրամի հետ համագործակցությամբ, Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ։