Դեկտեմբերի 17-ին «Իրավազորում գործնականում․ Գործողությունների ազգային պլան 3․0» ծրագրի շրջանակում կլոր սեղան քննարկում ունեցանք՝ ՄԱԿ ԱԽ «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» 1325 բանաձևի գործողությունների ազգային ծրագրի իրականացման մշտադիտարկման հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամների և ոլորտի մյուս գործընկերների հետ:
Հանդիպման նպատակն էր գործընկերներին ներկայացնել հանձնաժողովի անդամների շրջանում անցկացված կարիքի գնահատման արդյունքներն ու դրա հիման վրա մշակված կարողությունների զարգացման պլանը։ Այն նպատակ ունի խթանելու Գործողությունների ազգային ծրագրի իրականացման մշտադիտարկման հարցերով հանձնաժողովի կարողությունները և ներուժի զարգացումը, ինչպես նաև մշտադիտարկման արդյունավետությունը։
Իր բացման խոսքում ՕքսԵՋեն հիմնադրամի գործադիր տնօրեն Մարգարիտա Հակոբյանը անդրադարձավ ծրագրի բաղադրիչներին, հատուկ ընդգծեց համագործակցության արդյունավետությունը և նշեց․ «Շատ կարևոր է հանձնաժողովի անդամների կարիքների գնահատումը և դրա հիման վրա կարողությունների զարգացման գործողությունների պլանի կազմումը, այն կնպաստի Գործողությունների ազգային ծրագրի արդյունավետ իրականացմանն ու մշտադիտարկմանը, որը ևս ծրագրի շրջանակում ՕքսԵՋենի հանձնառության կարևոր մաս է»։
Ծրագրի այս բաղադրիչի շրջանակում ՕքսԵՋեն հիմնադրամը սերտորեն համագործակցում է ՀՀ Արտաքին գործերի նախարարության հետ։ Համագործակցային մոտեցման, հատկապես՝ քաղաքացիական հասարակության ներգրավման կարևորությունն ընդգծեց նաև ՀՀ ԱԳՆ Մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության պետ Կարինե Սուջայանը, որը համակարգում է հանձնաժողովի աշխատանքը․ «Ես ուրախ եմ, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները իրենց ակտիվ ներդրումն են ունեցել հանձնաժողովի աշխատանքներում․ այսօր միասին կքննարկենք, թե ինչ արդյունքներ ունենք մինչ այս պահը և ինչ անելիքներ ունենք Ազգային ծրագրի վերջնական տարբերակն ունենալու և արդյունավետ մշտադիտարկելու համար»։
Գործընկեր կազմակերպությունների՝ «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի և «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչները, որոնք նաև հանձնաժողովի անդամ են, շեշտեցին, որ համագործակցային մոտեցման շնորհիվ հնարավոր է դարձել կարճ ժամանակում լավ արդյունքներ գրանցել։ Իր խոսքում դա հաստատեց նաև Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Ուժեղացնելով Արևելյան հարևանության տոկունությունը» ծրագրի հայաստանյան համակարգող Քնարիկ Մկրտչյանը և շնորհակալություն հայտնեց արդյունավետ համագործակցության համար։
«Հանձնաժողովի կարողությունների գնահատումը և կարողությունների զարգացման պլանի կազմումը ևս մի կարևոր գործիք է Գործողությունների ազգային պլանի իրականացումն ու ազդեցությունը, ինչպես նաև Հանձնաժողովի ներուժն ավելի ուժեղացնելու համար»։
Աշխատանքն իրականացրած փորձագետները ներկայացրին հետազոտական տարբեր եղանակներով իրականացված կարողությունների գնահատումն ու դրա հիման վրա արված վերլուծությունը, որից էլ բխեցվել է հանձնաժողովի կարողությունների զարգացման պլանը։
Քննարկման մասնակիցները առաջիկայում կդիտարկեն կատարված աշխատանքն ու դրա հիման վրա մշակված զարգացման պլանը, որից հետո այն կամբողջացվի, և գործնականում կիրառվելուց հետո կնպաստի մշտադիտարկման գործընթացի արդյունավետության բարձրացմանը։
Այս հրապարակումը ստեղծվել է «Իրավազորում գործնականում․ Գործողությունների ազգային պլան 3․0» ծրագրի շրջանակներում, Միացյալ Թագավորության կառավարության ֆինանսական աջակցությամբ՝ «Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտ»-ի (ՊԽԼԻ) կողմից տրամադրված ենթադրամաշնորհի միջոցով։ Բոլոր կարծիքները, բացահայտումները և եզրահանգումները պատկանում են հեղինակներին և պարտադիր չէ, որ համընկնեն Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշման կամ ՊԽԼԻ–ի տեսակետների հետ։