
Զգայուն թեմաների հետ աշխատանքը, հատկապես այն թեմաների հետ, որոնք նախկինում ուսումնասիրված չեն, իսկ շահագրգիռ կողմերից շատերը դրանց հետ աշխատելու հստակ մեխանիզմներ չունեն, հաճախ կարող են հանգեցնել տարընթերցումների և սխալ մեկնաբանությունների, այդ թվում՝ այնպիսի փորձագիտական խմբերի կողմից, որոնք կարող են չունենալ համապատասխան փորձագիտական ներուժ՝ նման թեմաների համատեքստում ծագող թյուրընկալումները մեկնաբանելու համար։
Այդպիսի թեմաներից է գենդերային ապատեղեկատվությունը, որի վերաբերյալ 2024 թ․ փետրվար-հուլիս ժամանակահատվածի համար ՕքսԵՋեն հիմնադրամը մեդիամշտադիտարկում է իրականացրել՝ ներգրավելով ոլորտում համապատասխան մեծ փորձառություն ունեցող փորձագետների։
Ինչպես յուրաքանչյուր մշտադիտարկման, այնպես էլ այս մշտադիտարկման առաջնային նպատակն է եղել բացահայտել այդ ոլորտում առկա հիմնական միտումներն ու դրսևորումները, տվյալ դեպքում՝ հայաստանյան լրատվամիջոցներում տարածվող գենդերային ապատեղեկատվության հիմնական խոսույթներն ու պատմույթները։ Միաժամանակ, թեմայի քիչ ուսումնասիրված լինելը հաշվի առնելով, յուրաքանչյուր պատմույթին անդրադառնալիս ներկայացրել ենք դրանք օրինակով (նպատակ չունենալով ներկայացնելու հնարավոր բոլոր օրինակները)։
Մշտադիտարկման բուն նպատակներին համահունչ բովանդակությանը զուգահեռ՝ զեկույցում ներկայացված են նաև քանակական տվյալներ, այդ թվում՝ լրատվամիջոցների շարքը՝ ըստ գենդերային ապատեղեկատվություն պարունակող նյութերի քանակի։
Զեկույցի նախնական արդյունքները շահագրգիռ կողմերին ներկայացվել են 2024 թ․ սեպտեմբերի 12-ին՝ նպատակ ունենալով նաեւ զեկույցում վերանայումներ անելու վերաբերյալ համապատասխան դիտարկումներ հավաքելու։ Արդյունքների ներկայացմանը հրավիրված են եղել մշտադիտարկման ենթարկված բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչները, սակայն գերակշիռ մասը նախընտրել է չմասնակցել։ Արդյունքները ներկայացնելուց շաբաթներ անց հրապարակվել է բուն զեկույցը, որը ևս ուղարկվել է բոլոր շահագրգիռ կողմերին, այդ թվում՝ մշտադիտարկված լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Դրան ևս որևէ արձագանք չի հետևել։
Որպես մշտադիտարկման արդյունքների հաղորդակցման տրամաբանական շարունակություն՝ նախաձեռնվել են հանդիպումներ տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ մշտադիտարկված լրատվամիջոցների։
2025 թ․ փետրվարի 17-ին Տեղեկատվական վեճերի խորհրդի ներկայացուցիչ Աշոտ Մելիքյանը ՕքսԵՋեն հիմնադրամի ներկայացուցչին հեռախոսազանգով տեղեկացրել է, որ Aravot.am-ի խմբագիր Աննա Իսրայելյանը բողոք է ներկայացրել Խորհուրդ՝ վիճարկելով մշտադիտարկման զեկույցի արդյունքները։ Ա․ Մելիքյանը հեռախոսազանգով խնդրել է ուղարկել զեկույցի հղումը, այնուհետև տեղեկացրել, որ Խորհուրդը ցանկություն ունի կողմերի մասնակցությամբ հարցուպատասխան կազմակերպելու, ինչին Կազմակերպությունը և զեկույցի հեղինակները համաձայնել են և մասնակցել առցանց քննարկման։ Որից հետո Խորհուրդը փետրվարի 28-ին հրապարակել է եզրակացություն։ Եզրակացությունը Կազմակերպությունն ստացել է 2025 թ․ մարտի 3-ին։
Մեզ համար տարակուսելի է, որ լրատավամիջոցը Հիմնադրամի հետ ուղիղ հաղորդակցության ոչ մի եղանակ չի կիրառել, ընդհակառակը մեր բոլոր հորդորներին, որ անհամաձայնությունը գրավոր ներկայացնեն մեզ, անտեսվել է, իսկ հանդիպում կազմակերպելու մեր առաջարկները՝ մերժվել։
Հարկ է նշել, որ որ Հիմնադրամն առաջարկել էր բողոքի քննության էական հանգամանքները հաղորդել ընդունելի մասնագիտական ուղիներով, մասնավորապես՝ էլեկտրոնային փոստի միջոցով: Սակայն բողոքի ամբողջական տեքստին ծանոթանալու հնարավորություն ունեցանք միայն վերը նշված քննարկումից հետո՝ չնայած դրա մասին բազմիցս բարձրաձայնելուն։
Ուշադրություն ենք հրավիրում հետևյալ հանգամանքներին․
- Տեղեկատվական վեճերի խորհուրդը չունի հստակ կանոնադրություն, որի շրջանակում առաջնորդվում է իր որոշումները կայացնելիս։ Հստակ չէ, թե ինչպես է Խորհուրդը որոշում որ տվյալ բողոքի առարկան, այս պարագայում՝ մշտադիտարկման բովանդակությունը, առհասարակ ՏՎԽ-ի շրջանակում քննարկվելիք բովանդակություն է, թե՝ ոչ։ Ավելին՝ այդ մարմինը, ըստ կայքէջում արված հրապարակման, չունի նման բողոքներ քննելու գործառույթ։ Խորհրդի կայքում հստակորեն նշված է, որ․ Տեղեկատվական վեճերի խորհրդի գործառույթն է զրպարտությանը, վիրավորանքին, մասնավոր կյանքի պաշտպանությանը և տեղեկատվության ազատությանը վերաբերող դատական գործերի կապակցությամբ խորհրդատվական բնույթի մասնագիտական եզրակացություններով հանդես գալը, ինչպես նաև օրենսդիր և գործադիր իշխանություններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, քաղաքացիներին համապատասխան հարցերի շուրջ անհրաժեշտ խորհրդատվությամբ ապահովելը:
- Կարևոր է ընդգծել, որ կայքէջում հստակորեն նշված է, որ ՏՎԽ գործընկերների շարքում է Առավոտ օրաթերթը, իսկ դրա գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը ներկայացված է որպես ՏՎԽ անդամ անկախ փորձագետ։ Չնայած մեր առաջարկով Արամ Աբրահամյանը որպես ՏՎԽ անկախ փորձագետ չի մասնակցել մեր մասնակցությամբ հարցուպատասխանին, այնուամենայնիվ, այն հանգամանքը, որ վերջինս այդ խորհրդի կազմում է, իսկ Առավոտ օրաթերթը ՏՎԽ գործընկեր, մտահոգություն է առաջացնում երկու պատճառով․ նախ՝ լրատվամիջոցներին առնչվող բողոքներ քննող մարմնում չի կարող լրատվամիջոցի գլխավոր խմբագիրը ներկայացվել որպես անկախ փորձագետ, երկրորդ՝ տվյալ բողոքի քննության վրա նրա անուղղակի ազդեցությունը հնարավոր չէ բացառել, հատկապես՝ հաշվի առնելով Աննա Իսրայելյանի և ՏՎԽ անդամների հաղորդացության ոճը մեր մասնակցությամբ քննարկման ժամանակ։ Մանրամասներին չենք անդրադառնա՝ խուսափելով ոչ զգայուն, այդ թվում՝ ոչ գենդերազգայուն բառապաշարը վերարտադրելուց։
- Կարևոր է նշել, որ Խորհուրդը, որը բաղկացած է լրագրողներից, իրավաբաններից, մեդիափորձագետներից և ՔՀԿ այլ ներկայացուցիչներից, չէր կարող արդյունավետ գնահատել գենդերային հարցերին վերաբերող բողոք՝ առանց գենդերային ուսումնասիրությունների փորձագետների ներգրավման։ Տվյալ դեպքում Խորհուրդը բողոքը քննել է այն գործիքակազմով և փորձագիտական ներուժով, որն ունեցել է, ոչ թե՝ որն անհրաժեշտ էր նման հարցերը քննարկելու համար։ Բացի բուն գենդերային հարցերի շուրջ համապատասխան փորձագիտական ներուժ չունենալուց՝ Խորհուրդը թյուրիմացության մեջ է հայտնվել նաև գենդերային ապատեղեկատվությանը վերաբերող հարցերը ատելության խոսքի համատեքստում քննելու տեսանկյունից։ Այն, որ Խորհուրդը դա ատելության խոսքի հետ է շփոթում, արդեն իսկ վկայում է այս հարցի քննման համար փորձագիտկան համապատասխան ներուժի անհրաժեշտության մասին։
- Սրանով ՏՎԽ-ն արատավոր նախադեպ է ձևավորում՝ գրաքննելով ՔՀԿ-ների գործողությունները, մասնավորապես՝ ՔՀԿ մշտադիտարկման գործառույթները, այդ թվում՝ լրատվամիջոցներում ոչ գենդերազգայուն բովանդակության տարածումը դիտարկելու և դրա ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու համար։ Ինչպես նաեւ՝ նոր գիտելիքի ստեղծումը, որը կատարվել է հստակ ընտրված մեթոդաբանական հարացույցի համաձայն, որն էլ ընդգրկված է զեկույցի առաջին մասում։
- Զերծ մնալով անդրադառնալուց եզրակացության մեջ վկայակոչված կոնկրետ փաստերի, որոնք իբրև թե բերված են մեր համատեղ քննարկումից, բայց չեն արտացոլում իրականությունը, հարկ ենք համարում նշել, որ Խորհրդի եզրակացությունը փաստերը ներկայացրել է հայեցողաբար՝ համատեքստից կտրված, աղճատված և միակողմանի՝ ընտրելով միայն այն հատվածները, որոնք հնարավոր կլիներ ծառայեցնել վերջնական եզրակացությանը։ Այնուամենայնիվ, հակված չենք սա միտում որակել և չենք բացառում այսպիսի նյութերի հետ աշխատելու կարողության բացի հանգամանքը։
- Ինչ վերաբերում է խոսքի ազատության համատեքստում այս հարցը քննարկելուն, հարկ ենք համարում ընդգծել, որ ինչպես հարցուպատասխանի ժամանակ նշվեց, քաղաքացիական հասարակության կազմակերպության դերը չէ սահմանափակել խոսքի ազատությունը․ վերջինս կարող է իր գործառույթների շրջանակում կատարել դիտարկումներ եւ ուսումնասիրություններ, վերլուծել, մեկնաբանել եւ տալ գնահատականներ՝ ըստ համատեքստի, իսկ լրատվամիջոցն ազատ է դրան համաձայնելու կամ չհամաձայնելու, իսկ չհամաձայնելու դեպքում ուղիղ քննարկելու Կազմակերպության հետ, ինչին միշտ պատրաստ ենք։
Խոսքի ազատության և գենդերային ապատեղեկատվության սահմանների վերաբերյալ մեր դիրքորոշումն արտահայտված է նաև այս վերլուծության մեջ, ինչպես նաեւ համապատասխանաբար մի շարք միջազգային զեկույցներում եւ փաստաթղթերում։[1]
Հավելենք, որ մշտադիտարկումը ոչ թե տեղեկատվության տարածման միջոց է, այլ գիտելիք ստեղծող և ակադեմիական ազատության սկզբունքների շրջանակներում դիտարկվող ուսումնասիրություն։ Ավելին՝ տվյալ մշտադիտարկումը հենվում է որակական տվյալների վրա և արժեքավոր է այս թեման ուսումնասիրելու տեսանկյունից։ Իսկ կոնկրետ նպատակահարմարությունից ելնելով, համատեքստից կտրված և հայեցողական հանագամանքների հիման վրա եզրակացություններ անելով ու դրանով կատարված աշխատանքի վրա ստվեր գցելու յուրաքանչյուր փորձ դատապարտելի է։
Քանի որ, ինչպես նշեցինք, այս ուսումնասիրությամբ որեւէ նպատակ չի եղել որեւէ մեդիա գործընկերոջ համար անբարենպաստ պայմաններ ստեղծելու, իսկ եթե քանակական տվյալների դասակարգման մի հատվածը որեւէ տարընթերցման տեղիք է տվել այդ տեսանկյունից, ապա հաշվի առնելով մեդիա դաշտում զգայուն քաղաքականություններին եւ գործելակերպերի բարելավումներին միտված մեր աշխատանքն ու ձգտումները՝ պատրաստ ենք վերանայելու քանակական գնահատականներին վերաբերող հատվածը՝ դուրս թողնելով դասակարգման մասը։
Մենք շահագրգռված ենք, որ այս հարցի շուրջ ևս փոխըմբռնման միջավայր ձևավորվի, և համատեղ ջանքերով հասնենք գենդերային ապատեղեկատվության ուղղակի կամ անուղղակի տարածման և դրա հասցրած վնասների բացառման։
Վերահաստատում ենք մեր մոտեցումն առ այն, որ լրատվամիջոցները պետք է գիտակցեն հանրային կարծիքի ձևավորման վրա իրենց ազդեցությունը[2] և այդ առումով ստանձնած սոցիալական պատասխանատվությունը, և լրագրողական էթիկայի համընդհանուր սկզբունքների շրջանակում ապահովեն գենդերազգայուն բովանդակություն՝ չգիտակցված ձևով չթիրախավորելով հանրային ակտիվություն ունեցող կանանց կամ կանանց իրավունքներին առնչվող տարբեր թեմաներ։
Միաժամանակ նման բողոքներ քննող մարմիններին առաջարկում ենք մշտական կամ ըստ գործերի ապահովել համապատասխան փորձագիտական ներուժ, որպեսզի ապահովվի բազմակողմանի և ըստ էության ուսումնասիրություն, և եզրահանգումները հնարավորինս օբյեկտիվ պատկեր ցույց տան և մի կողմին պաշտպանելով չստեղծեն անբարենպաստ իրավիճակ մյուս կողմի համար։
Այս դիրքորոշմամբ հարկ ենք համարում անդրադառնալ նաև ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնի փորձագիտական կարծիքին, որը հիմնված է ՏՎԽ եզրակացության վրա։ Նույնիսկ այդ հիմքով Դիտորդ մարմնի կազմը անհրաժեշտ չի համարել ստանալու մեր դիրքորոշումը, քանի որ ՏՎԽ կազմի մի մասը նաև Դիտորդ մարմնի կազմում է։ Մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ սա ինքնին շահերի բախման ևս մեկ օրինակ է, այն է՝ նույն մարդիկ նույն հարցի շուրջ տարբեր տեսակետներ չէին կարող հայտնել, Դիտորդ մարմինը ՏՎԽ որոշումն ընդունել է իբրև փաստ՝ չլսելով մյուս կողմին և սրանով թույլ տալով հարցի քննման մեթոդական կոպիտ սխալ։
Զեկույցի խմբագրված տարբերակը՝ ԱՅՍՏԵՂ
[1] Տե’ս A/78/288: Gendered disinformation and its implications for the right to freedom of expression – Report of the Special Rapporteur on the promotion and protection of the right to freedom of opinion and expression https://docs.un.org/en/A/78/288?fbclid=IwY2xjawJA7yFleHRuA2FlbQIxMAABHfRJLHDeCXVt7czri0W5VPABNCh38-0m38oSw3haQeASAeQFXbScAbIVoQ_aem_AUWC2yhvuj97DbU6rk0JBg
[2] Տե’ս CoE (2020). Guideline on gender equality and violence against women for armenian journalists and media workers. Balabanova, i., Kojoyan, A. https://rm.coe.int/media-guideline-eng-final/1680a15260%C2%A0?fbclid=IwY2xjawJA8F5leHRuA2FlbQIxMAABHZcdYJCiSByOOz4Evc8j3E0PhWN-i-Tp-DgCdlVZf6TRpSSXfpOXE8_DIA_aem_rb-ojmd_lJIYdSaGM-zUBw ; CoE (2024) . Guidelines for gender-sensitive journalism. Ellena, M., Kojoyan, A. https://rm.coe.int/guidelines-for-gender-sensitive-journalism/1680b1d394 ; UNESCO (2024). How to combat online gendered disinformation? https://www.unesco.org/sites/default/files/medias/fichiers/2024/04/Call%20for%20Action-Desinfo-online-EN-web.pdf