ԵՐԵՎԱՆ, Հայաստան, հոկտեմբերի 2, 2024թ․
Հայաստանում այսօր մեկնարկում է հանրային իրազեկման շրջադարձային արշավ` կարեւորելու կանանց փորձագիտական գիտելիքներն ու հմտությունները խաղաղության եւ անվտանգության բանակցություններում: Նախաձեռնությունը նպատակ ունի վերափոխելու հանրային ընկալումները եւ ընդգծելու կանանց առանցքային ներդրումը տեւական խաղաղության ստեղծման գործում: Արձագանքելով ՄԱԿ-ի հետազոտությանը, ըստ որի` կանանց մասնակցությունը խաղաղության գործընթացներին
64%-ով նվազեցնում է դրանց ձախողման հավանականությունը, արշավը ներկայացնում է Հայաստանի խաղաղության և անվտանգության ոլորտի կին փորձագետներին: Կարճ տեսահոլովակների, արտաքին գովազդի եւ
սոցիալական մեդիա բովանդակության միջոցով արշավն ընդգծում է նրանց դրական ներդրումը եւ ջատագովում այս վճռորոշ գործընթացներում ավելի մեծ ներգրավվածության հնարավորությունների համար:
Արշավն իրականացնում է զարգացման և շահերի պաշտպանության հարցերով զբաղվող ՕքսԵՋեն հիմնադրամը՝ «Արտեմիս» դաշինքի հետ համագործակցությամբ, որը քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ցանց է եւ պայքարում է կեղծ տեղեկատվության տարածման դեմ ու խթանում կանանց անվտանգ և լիարժեք մասնակցությունը հասարակական կյանքին:
«Արշավը փոխլրացնում է մեր ընթացիկ ծրագրերին` ուղղված Հայաստանում կանանց հզորացմանն ու խաղաղության գործընթացներում նրանց մասնակցության խթանմանը: Այս ծրագրերին կանանց ակտիվ մասնակցությունը եւ դրանց նկատմամբ բարձր վստահությունը փաստում են կանանց մեծ ներուժի եւ որպես անգնահատելի ռեսուրս խաղաղության գործընթացների մասը կազմելու պատրաստակամության մասին»,-ասել է ՕքսԵՋեն հիմնադրամի ղեկավար Մարգարիտա Հակոբյանը:
Հայտնի փորձագետները, այդ թվում՝ Սոսի Թաթիկյանը, Նատալյա Մարտիրոսյանը և Աննա Գևորգյանը, հարցազրույցների և հոդվածների միջոցով կպատմեն իրենց փորձի մասին, կներկայացնեն այն մարտահրավերները, որոնց բախվել են, ինչպես նաև կկիսվեն իրենց տեսակետներով։ Այս կանայք երկար տարիներ զգալի ներդրում են ունեցել Հայաստանում խաղաղության և անվտանգության ոլորտում՝ հաճախ հաղթահարելով զգալի դժվարություններ:
Արտաքին քաղաքականության և անվտանգության կառույցների բարեփոխումների փորձագետ Սոսի Թաթիկյանն ընդգծում է այն առանձնահատուկ տեսակետը, որոնք կանայք բերում են բանակցությունների սեղանի շուրջ. «Կանայք սովորաբար առավել մեծ ուշադրություն են հատկացնում մարդկային անվտանգության, մարդու իրավունքների, արդարադատության ու ներառական զարգացման ասպեկտների վրա։ Կանայք ոչ միայն մայր, կին, դուստր, քույր և աջակցող անձնակազմ են անվտանգային ու ռազմական կառույցներում ներգրավված տղամարդկանց համար, այլև իրենք են սկսել ներգրավվել անվտանգության մարմիններում, և դա պետք է տարածվի նաև քաղաքականություն ձևավորող և որոշումներ կայացնող մակարդակի վրա»:
Արշավը հասցեագրում է Հայաստանի խաղաղության եւ անվտանգության մոտեցումների վերաբերյալ մի քանի կարեւոր կարիքներ.
- Բարելավել խաղաղության բանակցությունների արդյունավետությունն ու կայունությունը
- Ոգեշնչել խաղաղության եւ անվտանգության ոլորտում կին առաջնորդների հաջորդ սերնդին:
- Ընդգծել կանանց փորձագիտական գիտելիքների և հմտությունների կարեւորությունը տեւական խաղաղության ստեղծման գործում:
Ցույց տալով Թաթիկյանի, Մարտիրոսյանի, Գեւորգյանի պես կանանց արժեքավոր ներդրումը՝ այս արշավը նպատակ ունի մարտահրավեր նետել գոյություն ունեցող ընկալումներին եւ խթանել խաղաղության եւ անվտանգության գործընթացների բոլոր մակարդակներում կանանց ավելի մեծ ներգրավվածությունը:
Լրացուցիչ տեղեկության, արշավի տեսանյութերի կամ փորձագետների հետ հարցազրույցներ պլանավորելու համար դիմել [email protected]ին, հեռ՝ 091 41 97 56:
Նշումներ խմբագիրների համար
Հետազոտության մասին
Ըստ ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպության եւ Արտաքին հարաբերությունների խորհրդի հետազոտության` խաղաղության բանակցություններին կանանց բովանդակալից մասնակցությունը 64%-ով նվազեցնում է համաձայնության հասնելու ձախողման եւ 35%-ով բարձրացնում է բանակցությունների առնվազն 15 տարի տեւելու հավանականությունը:
https://wps.unwomen.org/participation/
https://reliefweb.int/report/world/uk-warns-peace-talks-fail-without-women
ՕքսԵՋեն հիմնադրամի մասին․ այն շահերի պաշտպանության եւ զարգացման հիմնադրամ է, որը խթանում է Հայաստանի ներառական եւ կայուն առաջընթացը:
«Արտեմիս» դաշինքը քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջազգային ցանց է, որը զբաղվում է կեղծ տեղեկատվության դեմ պայքարով և խթանում է կանանց անվտանգ և լիարժեք մասնակցությունը հասարակական կյանքին: