Հրապարակվել է «2021 թվականի ընտրություններում կին թեկնածուների լուսաբանումը հեռուստաեթերում և լրատվական կայքերում» հետազոտության զեկույցը, որը նպատակ ունի բացահայտելու ՀՀ 2021 թ. խորհրդարանական և տեղական ընտրությունների ընթացքում կին թեկնածուների լուսաբանման հետ կապված խնդիրներն ու առանձնահատկությունները և գնահատելու ընտրությունների մասին լուսաբանումներում կանանց ու տղամարդկանց իրավահավասարության խնդիրներին անդրադարձը։
Հետազոտությունը կատարվել է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի աջակցությամբ «ՕքսԵՋեն» հիմնադրամի կողմից իրականացվող «Կանայք լրատվամիջոցներում. 2021 թ․ ընտրություններ» ծրագրի շրջանակներում:
Հետազոտության հիմնական բացահայտումները
- Թեև 2021 թ․ ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում կին թեկնածուները կազմել են ընտրական ցուցակների 37 տոկոսը, իսկ տեղական ընտրությունների ընթացքում՝ 34 տոկոսը, սակայն նրանց տեսանելիությունը ԱԺ նախընտրական քարոզարշավի ընթացքում եղել է ընդամենը 9 տոկոս, իսկ տեղական ընտրությունների ժամանակ էլ ավելի քիչ՝ 4 տոկոս։
- ԱԺ ընտրությունների ընթացքում դիտարկված հեռուստաեթերում թեկնածուների մասին լուսաբանումներում ամեն 10 խոսնակից (որի ուղղակի կամ անուղղակի խոսքը մեջբերվել է) միայն 1-ն է կին եղել, իսկ առցանց լրատվամիջոցներում՝ ամեն 12-ից 1-ը։
- 2021 թ․ ՏԻՄ ընտրությունների ընթացքում դիտարկված հեռուստաեթերում տղամարդ թեկնածուներին որպես խոսնակ հատկացվել է ընդհանուր առմամբ 5 ժամ, մինչդեռ կին թեկնածուներին՝ 0.3 ժամ, ինչը թեկնածուների խոսքին հատկացված ընդհանուր ժամանակի 1.5 տոկոսն է կազմում:
- ՏԻՄ ընտրությունների ընթացքում դիտարկված առցանց լրատվամիջոցներում կին թեկնածուների լուսաբանումը որպես խոսնակ կազմել է 3 տոկոս, իսկ որպես գործող անձ (որի մասին խոսում է աղբյուրը կամ որին նվիրված է նյութը)` 7 տոկոս` տղամարդկանց 93 տոկոսի համեմատ։
Հետազոտության բացահայտումները վկայում են, որ ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված գենդերային քվոտայի շնորհիվ կին թեկնածուների մասնակցության զգալի ընդլայնումը չի զուգորդվել ընտրարշավի լուսաբանումներում նրանց տեսանելիության նույն չափով բարձրացմամբ: Այս փաստը մի կողմից դիտարկվում է որպես լրատվամիջոցների և լրագրողների աշխատանքում գենդերային զգայունության պակասի հետևանք, մյուս կողմից` որպես ընտրությունների մասնակից քաղաքական ուժերի քարոզչական աշխատանքի թերացում, քանի որ նրանք մտահոգված չեն իրենց ընտրական ցուցակներում ներգրավված կանանց հանրային լայն տեսանելիության ապահովման հարցով:
Դիտարկված լրատվամիջոցները
ԱԺ ընտրությունների ժամանակ դիտարկվել են համապետական 4 հեռուստաընկերություն (Հանրային ՀԸ, «Շանթ», «Արմենիա», «Երկիր Մեդիա») և 4 առցանց լրատվամիջոց (Aravot.am, News.am, 1in.am, Azatutyun.am): ՏԻՄ ընտրությունների ընթացքում մշտադիտարկման հիմնական ընտրանքը լրացվել է նաև «Զանգեզուր TV», «Լոռի TV», «Ցայգ TV», «ԱԼՏ TV» մարզային հեռարձակողներով: Հետազոտության շրջանակում անցկացվել են նաև ֆոկուս խմբային քննարկումներ խորհրդարանական և ՏԻՄ ընտրությունները լուսաբանող լրագրողների ներգրավմամբ՝ բացահայտելու լրագրողների և ԶԼՄ-ների դիրքորոշումները հետազոտվող խնդիրների վերաբերյալ։
Ինչի՞ մասին են խոսել կին և տղամարդ թեկնածուները
Կին եւ տղամարդ թեկնածուների տեսանելիության աստիճանից զատ մշտադիտարկումը պարզել է նաեւ, թե ինչ թեմաների են նրանք անդրադարձել որպես խոսնակ: Ըստ այդմ՝
- թե՛ առցանց լրատվականներով, թե՛ հեռուստատեսությամբ կանայք՝ տղամարդկանց համեմատ, ավելի շատ են անդրադարձել ոչ ծրագրային (ընթացիկ) թեմաներին․
- ծրագրային թեմաներից և՛ կին, և՛ տղամարդ թեկնածուներն ամենից շատ խոսել են անվտանգության թեմայով, ընդ որում՝ կանայք այդ թեմային անդրադարձել են ավելի շատ, քան տղամարդիկ․
- երկրորդ տեղում տղամարդ թեկնածուների պարագայում տնտեսության/զբաղվածության թեման է, կանանց դեպքում՝ կրթությունը․
- կանանց ու տղամարդկանց իրավահավասարության խնդիրներն ամենից քիչ արծարծված թեման է, ընդ որում՝ այդ հարցերի շուրջ կին թեկնածուներն ավելի շատ են խոսել, քան տղամարդիկ:
Կին թեկնածուների նվազ տեսանելիության պատճառները՝ ըստ ֆոկուս խմբերի մասնակիցների
«․․․Այս ընտրություններն առավել տղամարդկային երանգ ունեին, քանի որ դիսկուրսները՝ իշխանության մնալ-գնալը, Արցախի հարցը, շատ գերիշխող էին, և այդ խնդիրները տղամարդկային դեմք ունեին ․․․» (ֆոկուս խմբային քննարկումից)
Ինչ վերաբերում է կանանց նվազ լուսաբանման խնդրին, ապա ֆոկուս խմբերի մասնակիցները հիմնական պատճառներից են համարում ատելության խոսքի և սեքսիզմի տարածվածությունը, ինչի հետևանքով կանայք վախենում են ավելորդ անգամ թիրախավորվելուց և խուսափում են մեդիայի հետ շփումներից:
«Կանայք քիչ են մեդիայի հետ խոսում ․․․ Շատ հաճախ այդ անջրպետը նրանց ու մեդիայի միջև հենց կանայք են ստեղծում՝ հրաժարվելով հարցազրույց տալուց կամ ուղղորդելով լրագրողին դեպի տղամարդ քաղաքական գործիչ։ Հասարակության մոտ էլ ձևավորվում է այնպիսի տպավորություն, որ կանայք խելացի միտք չեն կարող ասել: Եվ փաստացի քաղաքական կարևոր հայտարարությունների ամբողջ բեռը մնում է տղամարդկանց վրա ․․․» (ֆոկուս խմբային քննարկումից)
Ի՞նչ անել․ առաջարկվող քայլեր
Հաշվի առնելով բացահայտված խնդիրների շրջանակը՝ լրատվամիջոցների կողմից ընտրությունների համընդգրկուն լուսաբանմանն ուղղված առաջարկություններն ու հետագա քայլերը հասցեագրվել են ոչ միայն լրագրողներին, լրատվամիջոցներին և լրագրողական կազմակերպություններին, այլև ընտրությունների մասնակից և պատասխանատու այլ հաստատություններին ու կառույցներին, որոնց թվում են նաև պետական կառույցները, կանանց խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունները, քաղաքական ուժերը և կին քաղաքական գործիչները:
Բովանդակային առումով առաջարկությունները երեք հիմնական ուղղություն ունեն, որոնք հնարավորություն կտան շահագրգիռ կողմերի միջև համագործակցության լայն դաշտ ապահովել։ Դրանք են․
- ԶԼՄ-ների հետ շարունակական աշխատանքի, այդ թվում՝ պարբերական մշտադիտարկումների իրականացում, մշտադիտարկման արդյունքների լայն տարածում ու քննարկում․
- կարողությունների զարգացման և վերապատրաստման տարբեր նախաձեռնություններ ինչպես լրագրողների և լրատվամիջոցների, այնպես էլ կուսակցությունների համար․
- ընտրական գործընթացներում ԶԼՄ-ների և այլ մասնակիցների վարքագծի, այդ թվում՝ լրագրողական էթիկայի կանոնների մեջ գենդերային հավասարության և գենդերային զգայունության ապահովման սկզբունքների, խտրականության, ատելության խոսքի, սեքսիզմի դրսևորումների բացառման պահանջի ներդրում:
Հետազոտության բացահայտումների եւ առաջարկությունների վերաբերյալ արձագանքներ ստանալու նպատակով հունվարի 31-ին հետազոտության զեկույցի նախնական տարբերակը ներկայացվել էր շահագրգիռ կողմերի քննարկմանը (մանրամասները այստեղ)։ Քննարկման արդյունքների հիման վրա լրամշակված վերջնական զեկույցին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։
Հետազոտության արդյունքների հիման վրա մշակվել է նաև «Ընտրական գործընթացների լուսաբանումը գենդերային հավասարության տեսանկյունից» ինքնագնահատման գործիքը լրատվամիջոցներիր ներկայացուցիչների համար։ Այն ներառում է հարցաշար, որի միջոցով ինչպես լրագրողները, այնպես էլ լրատվամիջոցների ղեկավարները կարող են իրականացնել գենդերային զգայունության ինքնագնահատում, ինչը թույլ կտա պատկերացում կազմել ընտրական գործընթացների լուսաբանման հնարավոր բացերի մասին։ Գործիքի հայերեն տարբերակը հասանելի է ԱՅՍՏԵՂ։