Skip to main content
Լուրեր

Ժամանակն է մարտահրավեր նետել գենդերային կարծրատիպերին Արեւելյան գործընկերության երկրներում

Չնայած գենդերային հավասարության ուղղությամբ առաջընթացին` վնասակար կարծրատիպերը դեռեւս ուղղություն են հաղորդում առօրյա կյանքին Արեւելյան գործընկերության երկրներում՝ Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում եւ Ուկրաինայում: Տարածաշրջանում գենդերային նորմերի եւ կարծրատիպերի վերաբերյալ 2022 թվականի ելակետային ուսումնասիրությունը, որն իրականացրել է «ԵՄ-ն հանուն կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության» (EU 4 Gender Equality) ծրագիրը, ցույց է տվել, որ խորը արմատավորված կարծրատիպերը շարունակում են խոչընդոտել առաջընթացին: Մենք խնդրել ենք փորձագետներին Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանից եւ Ուկրաինայից անդրադառնալ տարածաշրջանում ամենատարածված գենդերային կարծրատիպերին, որպեսզի հասկանանք, թե ինչպես կարող ենք կառուցել ավելի իրավահավասար համայնքներ բոլորի համար:

Կարծրատիպ № 1. «Կանայք պետք է կենտրոնանան ընտանիքի, այլ ոչ թե կարիերայի վրա»

Ելակետային ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ «լավ մայրիկի» կարծրատիպը շարունակում է ստիպել կանանց առաջնահերթություն տալ կենցաղային պարտականություններին, քան կարիերայի զարգացմանը, հատկապես՝ իրենց երեխաների վաղ տարիներին:

«Այս սոցիալական ակնկալիքը սահմանափակում է կանանց մասնակցությունն աշխատաշուկային՝ միաժամանակ նրանց ուսերին դնելով չվճարվող խնամքի եւ տնային աշխատանքի մեծ մասը»,- ասում է ԵՄ Արեւելյան գործընկերության երկրներում գենդերային նորմերի եւ կարծրատիպերի վերաբերյալ 2024 թվականի գնահատման հեղինակ Գիլեմ Ֆորտունին։ Այն եւս իրականացվել է «EU 4 Gender Equality» նախաձեռնության շրջանակներում: «Աշխատավայրում խտրական գործելակերպերն ամրապնդվում են ավանդական կորպորատիվ մշակույթներով, առաջնորդության արժեքներով եւ ղեկավար պաշտոններում կանանց ընդունելու ընդհանուր մերժմամբ»,- հավելում է նա:

Իրավիճակը սրվում է տարածաշրջանում հայրության արձակուրդի, ճկուն ծնողական արձակուրդի եւ արձակուրդի բաժանման պայմանավորվածությունների բացակայության պատճառով: Տղամարդու՝ որպես ընտանիքի հիմնական կերակրողի կարծրատիպը նույնպես նպաստում է այն մտքին, որ կանանց տեղը տանն է։

Տղամարդկանց եւ կանանց միջեւ չվճարվող տնային եւ խնամքի աշխատանքի առկա բացը վերացնելը համապարփակ մոտեցում է պահանջում: Ադրբեջանում ՄԱԲՀ գրասենյակի ներկայացուցիչ Սաբինա Մանաֆովայի խոսքերով, այս հիմնախնդրի վերաբերյալ տվյալներ հավաքելը խիստ կարեւոր է: Նման տվյալները կարող են ընդգծել այն զգալի ներդրումը, որ կանայք ունենում են չվճարվող աշխատանքի շնորհիվ՝ օգնելով քաղաքականություն մշակողներին գիտակցել հիմնախնդրի ծավալները եւ բարձրացնելով կանանց ֆինանսական անկախության վրա դրա ազդեցության մասին հասարակության իրազեկվածությունը:

«Այս տվյալները կենսական նշանակություն ունեն իրազեկ քաղաքականությունների մշակման եւ իրականացման համար, որոնք կարող են խրախուսել տղամարդկանց ավելի ակտիվ դեր ստանձնել երեխաների խնամքի եւ տնային գործերում՝ խթանելով մի մշակույթ, որտեղ խնամակալությունը դիտվում է որպես ընդհանուր, այլ ոչ թե բացառապես կնոջ պարտականություն: Զուգահեռաբար ընտանիքի համար բարենպաստ աշխատանքային քաղաքականության ներդրումը, ինչպիսիք ճկուն աշխատանքային պայմանավորվածություններն են, կարող է օգնել թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց ավելի լավ հավասարակշռել իրենց մասնագիտական ​​պարտականությունները ընտանեկան պարտականությունների հետ՝ հետագայում նպաստելով համատեղ ներգրավվածությանը: Համայնքների ներգրավումը կենսական նշանակություն ունի մշակութային առաջընթացի խթանման համար: Այս ջանքերին զուգահեռ կարեւոր է սկսել ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածներին ուղղված կրթական ծրագրեր»,- ասում է Մանաֆովան:

2024 թվականի գնահատման արդյունքներն ուսումնասիրում են վնասակար գենդերային նորմերն արմատախիլ անելու ուղղությամբ առաջընթացն «EU 4 Gender Equality» ծրագրում ներգրավված համայնքներում՝ ցույց տալով, որ թիրախային միջամտությունները սկսում են օգուտ բերել: Այս ջանքերում ներգրավված տղամարդիկ ավելի հավանական է, որ կաջակցեն ընտանիքի կարիքները հոգալու ընդհանուր պարտականություններին։ Այդ ցուցանիշը կազմում է 57 տոկոս՝ ծրագրին չմասնակցածների 39 տոկոսի համեմատ: Նմանապես՝ նշված միջամտությունների թիրախում հայտնված երիտասարդներն ավելի հակված են հավատալու առօրյա ծախսերի վերաբերյալ հավասար որոշումներ կայացնելուն, ընդ որում՝ այս տեսակետը պաշտպանում է ներգրավված երիտասարդների 84 տոկոսը՝ չներգրավվածների 64 տոկոսի համեմատ:

Կարծրատիպ № 2. «STEM-ը կանանց եւ աղջիկների խելքի բանը չէ»

Կենցաղի եւ խնամքի հետ կապված սպասումներից բացի գենդերային կարծրատիպերը տարածվում են նաեւ կրթական եւ մասնագիտական ​​ոլորտներում: Տղամարդկանց գերակշռության ոլորտներում (ինչպիսիք են գիտությունը, տեխնոլոգիաները, ճարտարագիտությունը եւ մաթեմատիկան (STEM) ներգրավված ուկրաինացի կանայք հայտնել են, որ կարծրատիպերն ու հասարակության սպասումները հաճախ սահմանափակում են իրենց կարիերան այս ոլորտներում: 2024 թվականի գնահատման արդյունքների համաձայն, տեսանելի դերային մոդելների բացակայությունը եւ հասարակական նախապաշարմունքները խոչընդոտում են աղջիկների կարիերային STEM ոլորտում:

«Բազմաթիվ երիտասարդ կանայք Ուկրաինայում եւ ողջ տարածաշրջանում դուրս են մղվում STEM ոլորտից պարզապես այն պատճառով, որ հասարակությունը չի տեսնում նրանց այդ դերում»,- ասում է InScience ՀԿ-ի համահիմնադիր Աննա Օրեխովան: Նա հավելում է, որ այդ ճնշումը կարող է այնքան ուժեղ լինել, որ տաղանդավոր կանայք ստիպված լինեն հեռանալ այս ոլորտներից իրենց կարիերայի սկզբում:

STEM-ում կանանց աջակցող միջավայրի ստեղծումը կառուցվածքային փոփոխություններ է պահանջում: Աննա Օրեխովան հավատացած է, որ լուծման բանալին կրթական հաստատությունների, բիզնեսների եւ քաղաքացիական հասարակության ներառմամբ էկոհամակարգի կառուցումն է՝ այդպիսով խթանելով գենդերային հավասարությունը STEM-ի տարբեր ասպարեզներում:

«Հաջողակ կին գիտնականների մասնակցությամբ հաղորդակցական արշավները անհրաժեշտ են նաեւ, որպեսզի արմատախիլ արվեն սոցիալական նորմերը, որոնք տղամարդկանց թելադրում են կենտրոնանալ իրենց կարիերայի վրա, քանի դեռ կանայք զբաղվում են տնային եւ երեխաների խնամքի պարտականություններով»,- հավելում է նա:

Կարծրատիպ № 3. «Բռնությունը կարող է արդարացում ունենալ»

Գենդերային բռնությունը շարունակում է մարդու իրավունքների ամենատարածված խախտումներից մեկը մնալ, այն խորապես արմատավորված է գենդերային անհավասարության, խտրականության եւ վնասակար մշակութային ու սոցիալական նորմերի մեջ: ՄԱԿ-ի Գենդերային հավասարության եւ կանանց հզորացման կառույցի (ՄԱԿ-Կանայք) Վրաստանի գրասենյակի ներկայացուցիչ Իրինա Ջաֆարիձեի խոսքով, որոշ հասարակություններում բռնությունն արդարացվում է, երբ կարծում են, թե կանայք խախտել են սոցիալական նորմերը։

Տեղացի փաստաբանները եւ քաղաքացիական հասարակական կազմակերպությունները, որոնք մասնակցել են գենդերային նորմերի եւ կարծրատիպերի վերաբերյալ 2024 թվականի գնահատմանը, նշել են, որ բռնության նկատմամբ հանդուրժողականությունը շարունակում է բարձր մնալ հասարակության մեջ: Նրանք ընդգծում են իրազեկման արշավների, ավելի ուժեղ ինստիտուցիոնալ աջակցության եւ կրթական նախաձեռնությունների անհրաժեշտությունը՝ վաղ տարիքից սկսած ու ուսանողների, ծնողներին եւ դպրոցների ներգրավմամբ:

«2022 թվականին Վրաստանում անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ բնակչության մոտ մեկ քառորդը դեռեւս կարծում է, թե ամուսնու կողմից կնոջը ծեծելը որոշ դեպքերում արդարացված է»,- ասում է Իրինա Ջաֆարիձեն:

Մեկ այլ կարեւոր խնդիր այն է, որ բռնությունից տուժածները հաճախ իրենց վերապրածը պատմելու հետ կապված խնդիրներ են ունենում։

«Վրաստանում բռնության ենթարկված կանանց մինչեւ 40 տոկոսը երբեք որեւէ մեկին չի հայտնել այդ մասին, երբեմն՝ նույնիսկ ընտանիքի անդամներին կամ ընկերներին: Նրանք վախենում են, որ իրենց չեն հավատա, կամ, որ ավելի վատ է, իրենք կարժանանան հասարակական պարսավանքի»,- բացատրում է Ջաֆարիձեն: Այս խարանը, որը զուգորդվում է հասարակական ճնշմամբ, հաճախ ստիպում է կանանց հրաժարվել իրենց բողոքներից, նույնիսկ եթե նախորդիվ այդ մասին հայտնել են։

Այս խորը արմատացած համոզմունքներին դիմակայելու համար Իրինա Ջաֆարիձեն կարեւորում է խնդրին բազմաթիվ մակարդակներով անդրադարձող «համապարփակ մոտեցման» անհրաժեշտությունը: Քաղաքականությունն ու օրենսդրությունը պետք է գենդերային առումով զգայուն լինեն, իսկ այդ օրենքների կիրարկման համար պատասխանատու հաստատությունները, ինչպիսիք են արդարադատության համակարգը, առողջապահական ծառայություններ մատուցողները եւ սոցիալական ծառայությունները, պետք է ավելի լավ պատրաստված լինեն՝ բռնություն վերապրածներին աջակցելու համար:

2024 թվականի գնահատման համաձայն՝ թիրախային միջամտությունները հաջողությամբ նպաստել են առողջապահության ոլորտի մասնագետների շրջանում գենդերային հավասարության եւ սոցիալական նորմերի ընկալմանը:

Կարծրատիպ № 4. «Սեռական կրթությունն անօգուտ է»

Սեռական կրթությունը վճռորոշ դեր է խաղում հարաբերությունների, գենդերի եւ համաձայնության նկատմամբ առողջ վերաբերմունք ձեւավորելու գործում, սակայն այն շարունակում է թերագնահատված մնալ մի շարք հասարակություններում: Ըստ ուկրաինական «Պիսլյազավտրա» ՀԿ-ի ղեկավար Իրինա Ռուբիսի, գենդերի եւ սեռականության հետ կապված հարցերի վերաբերյալ կրթության բացակայությունը կարծրատիպերի զգալի շարժիչ ուժն է:

«Երբ մենք գենդերային կողմնակալության աղբյուրների մասին հարցեր ենք ուղղում դեռահասներին եւ մեծահասակներին, նրանք որպես հիմնական պատճառներից մեկը հետեւողականորեն մատնանշում են այս թեմաներով կրթության բացակայությունը: Համապարփակ սեռական կրթությունը կոտրում է սեռականության, մարմնի եւ գենդերային դերերի հետ կապված վնասակար առասպելներն ու կարծրատիպերը: Տրամադրելով ճշգրիտ տեղեկատվություն եւ խրախուսելով սեռական կրթության համապարփակ ձեւաչափերի մասին բաց երկխոսությունը՝ մենք ոչ միայն նպաստում ենք գենդերային հավասարությանը եւ նվազեցնում գենդերային բռնությունն ու խտրականությունը, այլեւ խթանում ենք ընդհանուր հանդուրժողականությունը եւ նպաստում արդար հասարակության ձեւավորմանը»,- ասում է Ռուբիսը:

Տարբեր հետազոտություններ, որից մեկը համապարփակ սեռական կրթության կարեւորության վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի ուսումնասիրությունն է, հաստատում են, որ համապարփակ սեռական կրթությունը կարեւոր է գենդերային հավասարության հասնելու եւ գենդերային բռնությունը կանխարգելելու համար:

«Այն մարդկանց հնարավորություն է տալիս ոչ միայն մարտահրավեր նետել ավանդական կարծրատիպերին, այլեւ դառնալ դաշնակիցներ՝ ուժեղացնելով փոքրամասնությունների ձայնը»,- ավելացնում է Ռուբիսը:

Կարծրատիպ № 5. «Հաշմանդամություն ունեցող կանայք աշխատուժի մաս չեն կազմում»

Հաշմանդամություն ունեցող կանայք շարունակում են զգալի խոչընդոտների հանդիպել մասնագիտական ​​հնարավորությունների հասանելիության հարցում: Գենդերային նորմերի եւ կարծրատիպերի վերաբերյալ 2024 թվականի գնահատումը ցույց է տալիս, որ Արեւելյան գործընկերության երկրներում հաշմանդամություն ունեցող կանանց մեծ մասը կարեւոր նշանակություն է տալիս աշխատաշուկային մասնակցությանը: Այնուամենայնիվ, ֆոկուս խմբերի քննարկումները հաստատել են, որ նրանք բախվում են գործատուների կողմից խտրականության, ինչը դժվարացնում է լավ վարձատրվող աշխատանք գտնելը: Բացի այդ, որակյալ ներառական կրթության բացակայությունը, ինչպես նաեւ դպրոցներում եւ բուհերում ֆիզիկական, տեղեկատվական եւ հաղորդակցական խոչընդոտները ավելի են սահմանափակում նրանց հնարավորությունները՝ բազմաթիվ կանանց թողնելով առանց աշխատանքի համար անհրաժեշտ որակավորումների:

«Հաշմանդամություն ունեցող կանայք բախվում են կարծրատիպերի եւ որպես կին, եւ որպես հաշմանդամություն ունեցող անհատներ: Հասարակությունը նրանց դիտարկում է որպես խնամողների եւ, միեւնույն ժամանակ, համարում, որ նրանք խնամքի կարիք ունեն՝ ստեղծելով գրեթե անհաղթահարելի խոչընդոտ»,- ասում է «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ ծրագրերի պատասխանատու Գայանե Գրիգորյանը։

Նա բացատրում է, որ Հայաստանում կրթական հաստատությունները հաճախ չունեն անհրաժեշտ ռեսուրսներ տարբեր տեսակի հաշմանդամություն ունեցող ուսանողներին տեղավորելու համար, իսկ հասարակական սպասումներն էլ ավելի են խանգարում նրանց բարձրագույն կրթություն ստանալ: «Իրական փոփոխությունը տեղի է ունենում, երբ մենք մարտահրավեր ենք նետում կարծրատիպերին եւ ստեղծում միջավայրեր, որոնք աջակցում են բոլորի ներուժին»,- ավելացնում է նա:

Փոփոխությունների խթանում՝ գործողությունների միջոցով

Արեւելյան գործընկերության երկրներում գենդերային հավասարության ճանապարհը բարդ է, սակայն առաջընթացը հնարավոր է շարունակական կրթության, շահերի պաշտպանության եւ խորը արմատավորված կարծրատիպերի դեմ պայքարի միջոցով: Մարդկանց հնարավորություն տալով վերաիմաստավորել հնացած նորմերը եւ նպաստելով բոլորի համար հավասար հնարավորություններին՝ լինի դա աշխատավայրում, կրթության մեջ, թե տանը, մենք կարող ենք ստեղծել մի հասարակություն, որտեղ բոլորի ներուժն իրացված կլինի:

Հեղինակ՝ Օլգա Կոնսեւիչ

Հոդվածը տպագրվել է ուկրաիներեն Tsn.ua կայքում