Skip to main content
ԼուրերԿանանց մասնակցության խթանում անվտանգության և խաղաղության գործընթացներում - առնչվող լուրեր

ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ՝ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԵՐՐՈՐԴ ԾՐԱԳՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ

Ապրիլի 30-ին և մայիսի 14-ին «Իրավազորում գործնականում․ Գործողությունների ազգային պլան 3․0» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ «Ռազմավարական հաղորդակցությունից մինչև մշտադիտարկում և գնահատում» թեմայով երկօրյա դասընթացը։  Դասընթացին մասնակցեցին ՄԱԿ ԱԽ «Կանայք, խաղաղություն եւ անվտանգություն» 1325 բանաձևի Գործողությունների ազգային ծրագրի (ԳԱԾ) իրականացման համար պատասխանատու միջգերատեսչական հանձնաժողովի (այսուհետև՝ Հանձնաժողով) անդամները։ 

Դասընթացի նպատակն էր Հանձնաժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը՝ ապահովելով, որ նոր ԳԱԾ-ը լիարժեք արտացոլի տեղի բնակչության, մասնավորապես կանանց, առաջնահերթություններն ու հեռանկարները: ՕքսԵՋեն հիմնադրամը, համագործակցելով Արտաքին գործերի նախարարության հետ, մշակել է ԳԱԾ-ի մշտադիտարկման և գնահատման շրջանակը, որն առաջին անգամ մասն է կազմելու գործողությունների ծրագրի և ապահովելու է արդյունքահեն մոտեցում։

Դասընթացն իրականացվեց Հանձնաժողովի կարիքների գնահատման և դրա հիման վրա նախորդ տարի մշակված կարողությունների զարգացման պլանի շրջանակում՝ հիմք ընդունելով նաև այն հանգամանքը, որ մշտադիտարկման և գնահատման շրջանակը նորություն է Հանձնաժողովի անդամների համար և գործնականում ծանոթանալու կարիք կար։

«Շնորհակալ եմ նման բազմաբովանդակ դասընթացի մասնակցության հնարավորության համար։ Այն հնարավորություն տվեց խորացնել գիտելիքները և ձեռք բերել նոր հմտություններ։ Դասընթացն օգնեց սահմանել իրատեսական և չափելի թիրախներ, ճշգրիտ մատնանշել տվյալների աղբյուրները և ռազմավարական հաղորդակցության շնորհիվ հասնել ԳԱԾ առջև դրված նպատակներին»։ Բադալյան Լիլիթ  (Արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության միջազգային հաղորդակցության և արարողակարգի բաժնի մասնագետ)

Դասընթացը հիմնված էր ռազմավարական հաղորդակցության և մշտադիտարկման շրջանակի արդյունավետ կիրառման վրա՝ մասնակիցներին տրամադրելով հստակ գործիքակազմ՝ իրենց աշխատանքն առավել արդյունավետ կազմակերպելու համար։

«Դասընթացը ընդգրկուն էր և հնարավորություն տվեց ամբողջական պատկերացում կազմել ռազմավարության, մշտադիտարկման և գնահատման գործընթացների մասին։ Վերջինս հնարավորություն ընձեռեց ամրապնդել ունեցած հմտությունները, կարողությունները և ռազմավարությունների հետ աշխատելիս առանձնացնել հստակ մեթոդները՝ հաշվետվային նմուշների ստեղծման, հավաքագրման մեթոդների իրականացման ուղղությամբ»։ Մարգարիտա Մկրտչյան (ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության ավագ հրահանգիչ)

Այս փաստաթղթերը, ոչ միայն կծառայեն որպես արդյունավետ գործիքներ Հանձնաժողովի համար, այլև կարող են օգտագործվել որպես կրթական և իրազեկող նյութեր՝ աջակցելով շահակիցներին ավելի լավ պատկերացում կազմել ԳԱԾ-ի ընթացիկ գործընթացների և դրանցում իրենց դերի վերաբերյալ։ 

Հանձնաժողովի անդամների կարողությունների շարունակական զարգացումը կարևոր նշանակություն ունի՝ հատկապես, որ մշտադիտարկման և գնահատման շրջանակը նոր գործիք է, և դրա արդյունավետ կիրառումը պահանջում է հստակ կարողություններ։ 

________________________________________________________________________________________________

Ծրագիրը իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից՝ «Ուժեղացնելով Արևելյան հարևանության դիմակայունությունը» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի կողմից՝ Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության աջակցությամբ: